Ն. Փաշինյան. «Ինձ հետ բերել և ձեր դատին եմ հանձնել Հայաստանի բոլոր ժամանակների ղեկավարներին, և սա պատմական մի հանգրվան է»
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քարոզարշավի երրորդ օրն ամփոփեց Շիրակի մարզկենտրոն Գյումրի քաղաքում հրավիրված հանրահավաքով: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պատգամավորի թեկնածու Նազելի Բաղդասարյանն ասաց` թույլ չեն տալու Գյումրիում կրկին կրիմինալ բարքեր հաստատվեն:
«Այն մարդիկ, որոնք ասում են գյուղից մեկնարկած հեղափոխությունը չի կարող հաղթանակ ունենալ, պետք է իրենց ասենք, որ Գյումրին քաղաք է, ու միշտ էլ եղել է քաղաք: Մեր մարզում հսկայական փոփոխություններ են եղել նախորդող երեք տարիներին, վերնորոգվում են, կյառուցվում են ճանապարհներ, որոնք 30 տարի մնացել են անտերության մեջ, վերանորոգվում են փողոցներ, կառուցվում են դպրոցներ, մանկապարտեզներ, կառուցվում են սիրով ու նվիրումով»,- ասաց Բաղդասարյանը: Պատգամավորի խոսքով` նախորդող տարիների ընթացքում հպարտությամբ է կրել շիրակցիների տված մանդատը և ծառայել ժողովրդին` վստահեցնելով, որ ընտրվելու դեպքում շարունակելու է նույն կերպ ծառայել երկրին:
Ելույթ ունեցավ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը` կարևորելով տնտեսությունը և նշելով, որ առանց տնտեսության երկիրը չի կարող ունենալ ո՛չ անվտանգություն, ո՛չ հզոր բանակ: Ըստ նրա` միակ տարին, որը եղել է առանց լուրջ ցնցումների, և հենց այդ տարի է գրանցվել ամենաբարձր տնտեսական աճը, հարկային ռեֆորմներ են իրականացվել, բարձրացվել են նվազագույն աշխատավարձը, թոշակները, եղել է 2019-ը: Կառավարությունը մտադիր է եղել շարունակել նույն քաղաքականությունը, սակայն համավարակն ու պատերազմը փոխել են երկրի զարգացման ընթացքը:
«Նախատեսում ենք հաջորդ տարիներին 7% տնտեսական աճ ապահովել, աղքատության մակարդակը կրկնակի նվազեցնել, գործազրկության մակարդակը իջեցնել 10%-ի, թոշակը հասցնել մակարդակի, որ մարդը կարողանա ապրել....Էս ամեն ինչը ուզում ենք, բայց հասկանում ենք, թե ինչի հնարավորություն այս պահին ունենք»,- ասաց Թունյանը: Պատգամավորը կոչ արեց չհավատալ այն քաղաքական ուժերին, որոնք պնդում են, թե ընտրվելու դեպքում վարկերը մարելու են և խորհուրդ տվեց նման գործիչներին հարց ուղղել, թե որտեղից այդ գումարը:
Այսօր առաջին անգամ քարոզարշավի շրջանակում ելույթով հանդես եկավ նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի ներկայացուցիչ, գործարար Խաչատուր Սուքիասյանը: Նա, դիմելով հավաքվածներին ասաց, որ գյումրեցիները «թասիբով ու հյուրընկալ ժողովուրդ են» և պետք է Հայաստանի մնացած բնակիչներին ևս ցույց տան, թե ինչպես են հարգում ժողովրդավարությունը և ազատությունը:
«Դուք բան ունեք ապացուցելու, պետք է շատ բարձր տոկոս ապահովեք»,- ասաց նա:
Ըստ նրա` նախկին տասը տարիների համեմատությամբ վերջին երեք տարվա ընթացքում երկրում շատ մեծ ձեռքբերումներ են արձանագրվել: Սուքիասյանի կարծիքով` Գյումրին այցեքարտ է, և գյումրեցիները պետք է անընդհատ նոր, հավելյալ արժեք ստեղծեն, իսկ Գյումրի-Երևան նոր ճանապարհի կառուցումից հետո Գյումրիի դերը ամբողջությամբ փոխվելու է:
Վերջում ելույթով հանդես եկավ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը`ասելով, որ Վարդանանց հրապարակը թե՛ իր, թե՛ բոլորի կյանքում առանձնահատուկ նշանակություն ունի: Նա ներողություն խնդրեց ամբողջ հայ ժողովրդից իր և իր թիմի թերացումների, բացթողումների, ձախողումների համար:
«Եկել եմ ասելու, որ այլևս հանձնված եմ ՀՀ քաղաքացիների դատին, հունիսի 20-ին պիտի կայացնեք ձեր դատավճիռը, բայց ուզում եմ մի կարևոր առանձնահատկության մասին էլ խոսել: Ես ինձ հետ բերել և ձեր դատին եմ հանձնել Հայաստանի բոլոր ժամանակների ղեկավարներին, և սա պատմական մի հանգրվան է, որտեղ ժողովուրդը պիտի ասի իր խոսքը անցյալի, ներկայի ու ապագայի մասին»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարի կարծիքով` 2018-ի հեղափոխությունը ուշացել է և գուցե դրանում է իր ամենամեծ մեղքը, և միգուցե շանս կար ավելի վաղ հեղափոխություն անել, և իրադարձությունների ընթացքն այլ լիներ: Փաշինյանը սակայն հավելեց` անցյալին նայելու ժամանակը չէ այսօր, և հույս հայտնեց, որ քաղաքացիները կպաշտպանեն իր այդ դիրքորոշումը և անցյալի որևէ տեսակին վերադարձ չի լինի:
Քարոզարշավն ավարտվեց արդեն ավանդական դարձած քայլերթով:
Լուսանկարը` ՔՊ ֆեյսբուքյան էջից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել