HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարոն Մարգարյանը շրջայց է կատարել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է վարչական շրջանում քաղաքապետարանի տարեկան ծրագրով իրականացվող բակերի բարեկարգման աշխատանքների ընթացքին: Կուրղինյան նրբանցքի բակային տարածքում արդեն փոխված էին եզրաքարերը, ճեմուղիները սալապատված էին, տեղադրված էին նաև նստարանները:

Վարչական շրջանի պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին և առաջիկայում այն կհանձնվի բնակչությանը և հավաստիացրել են, որ այն կդառնա հարմարավետ հանգստի գոտի: Բնակիչները ևս իրենց գոհունակությունն են հայտնել քաղաքապետին` ընդգծելով, որ երկար տարիներ սպասել են իրենց երեխաների համար խաղահրապարակ ու միաժամանակ հանգստի գոտի ունենալուն և այսօր այդ երազանքն իրականություն է դառնում, ինչի համար առանձնակի են շնորհակալություն հայտնել Տարոն Մարգարյանին:

Նույն գոհունակության խոսքերն են հնչել նաև Ա3 թաղամասում, որտեղ քաղաքապետի այցելության պահին ընթանում էին վարչական շրջանի հերթական բակային տարացքի բարեկարգման աշխատանքները:

Հատկանշական է, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում էլ սիրով են արձագանքել քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին: Այստեղ բոլոր նոր բակային տարածքները հիմնականում կառուցվում են նախկին ինքնակամ զբաղեցրած բոստանային տարածքների տեղերում: Արդյունքում բնակիչները շուտով իրենց հանգիստը կարող են անցկացնել գեղեցիկ զրուցարաններով, նստարաններով, մանուկների համար ժամանակակից խաղային ատրակցիոններով, արտաքին լուսավորությամբ ապահովված հանգստի հարմարավետ գոտու վերածված իրենց բակում:

«Ինչպես մյուս վարչական շրջաններում, Մալաթիա-Սեբաստիայում նույնպես քաղաքապետարանի ծրագրերով բակերի բարեկարգման մեծածավալ աշխատանքներ են կատարվում: Առանձնահատուկ ուզում եմ նշել, որ այս վարչական շրջանում բնակիչները սեփական ուժերով ազատել են ժամանակին ինքնակամ զբաղեցրած տարածքները, ինչի համար շնորհակալ ենք նրանց: Բակերի բարեկարգման մեր ծրագրերը լինելու են շարունակական և վստահեցնում եմ, որ որոշ ժամանակ անց բարեկարգ կլինեն Մալաթիա-Սեբաստիայի բոլոր բակերը»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը զրուցել է բակի բնակիչների հետ, լսել նրանց կարծիքները, առաջադրվող խնդիրներն ու ներկայացրել իր մոտեցումները: Տարոն Մարգարյանը շեշտել է, որ քաղաքապետարանի նախաձեռնած «Բարեկարգ Երևան» ծրագրի շրջանակում պետք է բարեկարգվեն երևանյան բոլոր բակերը:

Տարոն Մարգարյանին ներկայացվել է նաև Բ1, Բ3, ինչպես նաև Ա1 թաղամասերի բակերում իրականացվող բարեկարգման համալիր աշխատանքների ընթացքը:

Պատասխանատուները զեկուցել են, որ վարչական շրջանում բակերի բարեկարգմանը զուգահեռ նաև բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգման, ասֆալտապատման և կանաչապատման լայնածավալ աշխատանքներ են ընթանում:

Շրջայցի շրջանակում քաղաքապետը այցելել է նաև «Մալաթիա» բժշկական կենտրոն, որտեղ հետաքրքրվել է հիվանդների առողջական վիճակով և ծանոթացել է կենտրոնի շենքային պայմաններին ու ներդրված ժամանակակից բժշկական սարքավորումների հնարավորություններին:  

Շրջայցից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել վարչական շրջանի աշխատակազմի հետ, որի ընթացքում մեկ անգամ ևս շեշետել է, որ քաղաքապետարանի ծրագրային բոլոր դրույթներն ուղղված են հարմարավետ ու գրավիչ մայրաքաղաք ունենալուն: Հետեւաբար, հանձնարարվել է ամենօրյա հսկողություն իրականացնել վարչական շրջանում ընթացող բարեկարգման և կանաչապատման աշխատանքների կատարման ընթացքին ու որակին: 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter