Հայաստանի միջոցով ապօրինի խաղադրույքներ և շահումով խաղեր Թուրքիայում
Թուրքիայի Մերսին քաղաքում 86 կասկածյալներ բերման են ենթարկվել Հայաստանի միջոցով ապօրինի խաղադրույքների կազմակերպման համար։ Այս մասին հայտնում է TRT Haber-ը` հղում անելով Մերսինի ոստիկանության տարածած հայտարարությանը։
Մերսինի կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ոստիկանության ստորաբաժանումը պարզել է, որ խմբավորումը Հայաստանում ստեղծել է խաղադրույքների, շահումով խաղերի կայք և խաղադրույքներ է ընդունել։
Ցանցի ընդհանուր շրջանառությունը կազմել է շուրջ 190 միլիոն լիրա (22 միլիոն դոլար), որից 65 միլիոնը (7,5 միլիոն դոլար) պահվել է կրիպտոարժույթով։ Բազմաթիվ հաշիվների ուսումնասիրության արդյունքում ոստիկանությունը պարզել է, որ շահույթի մի մասը շրջանառվել է տարբեր Bitcoin հաշիվների միջոցով։
Հայաստանում կայք ստեղծած խմբի անդամները տարբեր հարթակներում 273 անձանց անունով հաշիվներ են բացել, Հայաստանից և Թուրքիայից ընդունել են ապօրինի խաղադրույքներ։
Թուրքիայի քննչական մարմինները 117 հոգու կալանավորման հայց են ներկայացրել դատարան։ Նրանց բնակության վայրերից առգրավվել են խաղադրույքների կազմակերպման հաշվապահական գրառումները, համակարգիչներ, թվային կրիչներ և կանխիկ գումար:
Ձերբակալվածների ինքնության մասին ոստիկանությունը դեռ տվյալներ չի հայտնում։ Խումբը մասնաճյուղեր է ունեցել Թուրքիայի խոշոր քաղաքներում՝ Անթալիայում, Ստամբուլում, Բուրսայում և այլն։
Կապը Հայաստանի հետ
Ըստ էության, բացի Հայաստանում կայք ստեղծելուց, խմբավորման գործունեության որոշ մասը կառավարվել է Հայաստանից։ Հարց է առաջանում, թե արդյոք այս խումբը կարող է կապ ունենալ Հայաստանում գործող խոշոր բուքմեյքերական ըկերությունների հետ։
Որոշ տվյալների վրա հենվելով, «Հետքը» հարցումով դիմել է Հայաստանում խաղադրույքների ոլորտում գործող ամենախոշոր ընկերություններից մեկին։
Հայտնի է, որ հայաստանյան բույքմեյքերական ընկերությունները, բացի խաղադրույքներ ընդունելուց, նաև առաջարկում են խաղադրույքների կայքերի և խաղերի ստեղծման ծառայություններ, ոլորտն ավելի հեշտ կազմակերպելու համար տեխնոլոգիական նորարար լուծումներ են մշակում։
Մեկնաբանել