HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«Պարտավոր ենք Արագածի հալվող ջրերը պահել և օգտագործել»․ «Հայաստան» դաշինքը Արագածոտնի մարզում է

Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում առանց փոքր ջրամբարների կառուցման առաջ քայլելը դժվար է լինելու։ Այս մասին Թալինում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին։ Քոչարյանը խոստացավ, որ իշխանության գալու դեպքում իրենք ջրամբարներ են կառուցելու։

Թե ինչ ժամկետներում կկառուցվեն ջրամբարները, Քոչարյանը դժվարացավ պատասխանել, որովհետև դեռևս պետք է հասկանան, թե ինչ ծավալի աշխատանք է կատարվելու և որքան ռեսուրս է անհրաժեշտ լինելու։ Երկրորդ նախագահն ասում է, որ կարիքների գնահատման և նախագծման աշխատանքներ կատարելու համար ժամանակ է անհրաժեշտ և չի ցանկանում «օդի մեջ» խոստումներ տալ։

Այնուամենայնիվ, Քոչարյանը խոստացավ, որ մեկ ընտրական ցիկլի, այսինքն՝ 5 տարվա ընթացքում այդ հարցին լուծում են տալու։

«Մոտավորապես 6-8 ամիս նախագծային աշխատանքներ կարվեն, հետո շինարարություն։ Սա նշանակում է, որ գործընթացը ձեզ համար տեսանելի է լինելու, և կարծում եմ՝ 2-3 տարվա ընթացքում արդեն արդյունքներ կունենանք։ Գիտեք՝ ջրամբարների կառուցումը մի քիչ աշխատատար գործ է։ Եվ ընդհանրապես եթե ուզում ենք Արագած սարի հալվող ջրերը պահել և օգտագործել, պարտավոր ենք՝ որտեղ հնարավոր է ջուրը բռնել, պետք է բռնել ու պահել։ Նույնիսկ այսօր այդ գնահատականը չկա, թե ինչքան, քանի տեղ ու քանի աստիճանով կարելի է հալվող ջրերը բռնել։ Բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ 3 տարվա մեջ դուք տեսնելու եք արդյունքը»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նշենք, որ «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի 167-րդ կետում ասվում է, որ իրականացվելու է փոքր և միջին ջրամբարաշինության լայնածավալ ծրագիր, ըստ որի՝ առաջնահերթ կառուցման ենթակա են 11 փոքր և միջին ջրամբարներ՝ Արգիճ, Աստղաձոր, Ելփին, Խնձորուտ, Վերնաշեն, Խաչիկ, Քասախ, Հախում, Արթիկ, Կողբ և Խնձորեսկ։

Լուսանկարը՝ «Հայաստան» դաշինքի ՖԲ էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter