HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ռոբերտ Քոչարյան․ «Հիմնավոր կասկած ունեմ, որ Շուշին գիտակցաբար հանձնվել է»

«Հայաստան» դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հիմնավոր կասկած ունի, որ Շուշին գիտակցաբար հանձնվել է։ Քոչարյանն այս մասին խոսել է Թալինում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով նրանցից մեկի հարցին։

Ռոբերտ Քոչարյանի համար ամենացավալին այն է, որ Ադրբեջանի զինված ուժերը Շուշի մտել են առանց ծանր տեխնիկայի, միայն պիկապներով կտրելով պաշտպանական գիծը՝ Հադրութից անտառներով եկել, հասել են Շուշի։ Երկրորդ նախագահի համար կասկածելի է, թե այդ ամբողջ ճանապարհին ինչու նրանց որևէ տեղ չեն կանգնեցրել, քանի որ այդ հնարավորությունը եղել է։

«Այդ պատճառով մարդիկ հիմնավոր կասկած ունեն մտածելու, որ այստեղ գործարք է եղել և Շուշին հանձնվել է։ Ես այդ հիմնավոր կասկածն ունեմ, և այդ խոսակցությունը 5 միլիարդի մասին պարապ խոսակցություն չէ։ Կոնկրետ նման առաջարկ եղել է, ձայնագրությունը հնչել է, առաջարկ եղել է նաև այս իշխանությանը, և այս իշխանափոխությունից հետո է միայն պարզվելու, թե իրականում ինչ է կատարվել։ Ես ունեմ շատ մեծ կասկածներ, որ Շուշին գիտակցաբար հանձնվել է»,- ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդը։

Անդրադառնալով մարտական գործողությունների ընթացքին՝ Քոչարյանն ասաց, որ երբ հակառակորդը հարավային ուղղությամբ ճեղքել էր պաշտպանությունը և խորացել Արցախի տարածքում, հայկական զինված ուժեը պետք է ամրանային խորքում տեղակայված երկրորդ և երրորդ գծերի վրա, փոխարենը հակահարձակում կազմակերպվեց, ինչի հետևանքով, ըստ Ռոբերտ Քոչարյանի, հայկական զինուժի առաջին կորպուսը ջարդվեց։

«Այն ժամանակ ես շփվում էի զինվորականների հետ, բոլորն ասում էին՝ մեծ սխալ է։ Հակառակորդը տեմպի տակ է, դեռ չի հոգնել, կորուստները շատ չեն, գրոհում է։ Բաց դաշտ հանել զինվորներին և զինտեխնիկան, հսկայական կորուստներ ունենալ և ջարդել հարավային մեր ամբողջ զորամիավորման ողնաշարը, չափազանց կոպիտ սխալ էր, ինչը վճռորոշ ազդեցություն ունեցավ պատերազմի հետևանքների վրա»,- ասաց երկրորդ նախագահը՝ հավելելով, որ պահեստազորի հավաքներն էլ այնքան անկազմակերպ ձևով էր արվում, որ լրացուցիչ ավելի թարմ զորամիովորումներ չկարողացան ձևավորել թշնամուն դիմակայելու համար։

Լուսանկարը՝ «Հայաստան» դաշինքի ՖԲ էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter