
ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության գրանցումը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ուժը կորցրած ճանաչեց 2021թ. հունիսի 20-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը:
ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը նիստի ժամանակ զեկուցեց, որ այսօր՝ հունիսի 10-ին, ԿԸՀ-ն դիմում է ստացել կուսակցության ղեկավարից, որով հայտնել են ինքնաբացարկի մասին:
ԿԸՀ 7 անդամից նիստին մասնակցում էր 6-ը: 6 կողմ ձայնով ԿԸՀ-ն որոշեց ուժը կորցրած ճանաչել կուսակցության գրանցումը:
Նշենք, որ կուսակցությունը հունիսի 8-ին հայտարարություն էր տարածել՝ պահանջելով չեղարկել Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները, Հայաստանը ազատագրել Ադրբեջանի զինված ուժերի օկուպացիայից, Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելուց հետո միայն կազմակերպել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ:
«Մենք՝ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին իբրև մասնակցող կուսակցություններս, հունիսի 7-ից սկսած, ի՞նչ սրտով պետք է Հայաստանում, հատկապես Սյունիքում և Գեղարքունիքում նախընտրական քարոզչություն իրականացնենք, երբ, դեռևս այս պահի դրությամբ, օկուպացված է Հայաստանի տարածքներից որոշ հատվածներ»,- ասված էր կուսակցության հայտարարությունում:
Նշենք, որ արտահերթ ընտրություններին գրանցվել էր 26 քաղաքական ուժ՝ 22 կուսակցություն և 4 կուսակցությունների դաշինք: «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության գրանցումն ուժը կորցրած ճանաչելուց հետո ընտրապայքարի մեջ մնում է 25 քաղաքական ուժ:
Կուսակցության քվեաթերթիկի համարը 22-ն էր:
Լուսանկարում` «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության ղեկավար Խաչիկ Ասրյանը
Մեկնաբանել