HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությունը Չարենցավանում էր

«5165 շարժումը» տարածել է իր քարոզարշավի մասին մամլո հաղորդագրություն։ Այն ներկայացնում ենք ստորև.

ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի երրորդ օրը՝ հունիսի 9-ին, «5165» շարժումն իր հանդիպումները սկսեց Չարենցավանի Կարեն Դեմիրճյանի անվան հրապարակում: Շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը և շարժման հիմնադիր անդամները քաղաքացիներին ներկայացրին իրենց նախընտրական ծրագիրը:

«Մենք մեր շուրջ հավաքել ենք լավ կրթություն ստացած երիտասարդների։ Հայն այսօր ուզում է արժանապատիվ Հայաստան, հոգատարություն, ոչ թե առևտուր՝ քաղաքական ու մշակութային։ Այս երկրի տերը այն սերունդն է, որը դեռ պաշտոնով և փողով չի կաշառվել, որն իսկապես ուզում է ծառայել Հայրենիքին։ Եթե ղեկավարը լինի արդար, ազնիվ և Հայրենիքին նվիրված, ապա այդպիսին էլ կլինի ժողովուրդը։ Ես երբեք չեմ մտածել, որ կզբաղվեմ քաղաքականությամբ, բայց սա արդեն քաղաքականություն չէ, այլ յուրաքանչյուրիցս է կախված Հայաստանի ճակատագիրը։ Սա ազատագրական պայքար է»,- նշեց Կարին Տոնոյանը։

«5165» շարժման անդամները շրջեցին քաղաքով, լսեցին քաղաքացիների մտահոգություններն ու բարձրացրած խնդիրները։

ՀՀ վաստակավոր արտիստ, շարժման հիմնադիր անդամ Արսեն Գրիգորյանը կարևորեց Հայաստանի զարգացման գործում սփյուռքի ներգրավվածությունը.

«Մենք ուզում ենք ստեղծել Հայրենադարձության նախարարություն, քանի որ համոզված ենք, որ բոլոր ոլորտներում սնուցողը ուժը կարող է լինել հայրենադարձությունը։ Մեր ծրագրերը թեկուզ 20 կամ 100 հոգով պետք է իրականացնենք, քանի որ դրանք միտված են ազգային հզոր պետության ստեղծմանը։ Դարեր շարունակ մենք չենք ունեցել պետականություն, սակայն մեր մշակույթը և մեր Հայ առաքելական սուրբ եկեղեցին մեզ պահել են` ստանձնելով մեր պետականության դերը: Այսօր մենք իրավունք չունենք անուշադիր լինելու մեր մշակույթի, մեր եկեղեցու, մեր ինքնության, ավանդույթների և արժեքների հանդեպ»։

Կոտայքի մարզ կատարած այցի շրջանակներում «5165» շարժման անդամները քաղաքացիների հետ հանդիպեցին նաև Հրազդանի Սահմանադրության հրապարակում: Խոսեցին ազգային պետության կերտման գործում անհրաժեշտ գործողությունների, կրթության դերի ու նշանակության և պետության արդյունավետ կառավարման մասին: Առանձնակի ուշադրություն դարձվեց սահմանին տիրող իրավիճակին և պատերազմի նման ելքի պատճառներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter