HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեր-Պետրոսյան․ «Փաշինյանին ասել եմ՝ առաջին գործդ պետք է լինի փաստաթղթով ֆիքսել Սերժ Սարգսյանից ստացածդ ժառանգությունը»

ՀՀ առաջին նախագահ, «Հայ ազգային կոնգրես»-ի ցուցակը գլխավորող Լևոն Տեր-Պետրոսյանը հունիսի 10-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց, որ եթե խորհրդարանում մեծամասնություն չձևավորվի, և այլ ելք չլինի, իրենք կփորձեն կոալիցիա կազմել։

«Կոալիցիա կազմելու իմ առաջարկը մերժվել է, և այլևս դրան վերադառնալ հնարավոր չէ։ Ուրիշ բան, եթե խորհրդարանում այնպիսի վիճակ ստեղծվի, որ մենք էլ անցնենք, Նիկոլն էլ, Ռոբերտն էլ, ուրիշներն էլ, և որևէ մեկը խորհրդարանական մեծամասնություն չունենա, ստիպված պետք է գնանք կոալիցիաներ ձևավորելու։ Ես միշտ կողմ եմ համերաշխության կոալիցիաների։ Թեև կոալիցիա կոչեցյալը Հայաստանի համար նոր պրոբլեմ ստեղծելու երևույթ է, որը կարող է վեց ամիսը մեկ փոխվել։ Եվ կընկնենք այն երկրների շարքը, որոնք տարին մեկ, երկու, երեք կառավարություն են փոխում։ Վատ վարյանտ է, բայց եթե ուրիշ ելք չկա, իհարկե պիտի փորձենք»,- ասաց վարչապետի թեկնածուն։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն խոսքին, թե Լևոն Տեր-Պետրոսյանը իրեն 2018 թվականին ասել է՝ հողերը պետք է տաս, նախագահն ասաց․

«Դուք ոչ թե ինձ պետք է հարցնեք, այլ Նիկոլ Փաշինյանին, ցույց տուր այդ ասածի ձայնագրությունը, իր տանն եմ ես եղել, հաստատ ձայնագրել է, թող ցույց տա։ Եթե դուք հետևել եք իմ հրապարակումներին, ինձ միշտ մտահոգել է Ղարաբաղի հարցը՝ անկախ նրանից Քոչարյանի օրոք, Սերժ Սարգսյանի օրոք, Նիկոլ Փաշինյանի օրոք, ես նրան ասել եմ հետևյալը՝ քո առաջին գործը պետք է լինի ֆիքսել այն ժառանգությունը, որ դու Ղարաբաղի հարցում ստացել ես Սերժ Սարգսյանից փաստաթղթով։ Հարց է տալիս՝ ինչ փաստաթուղթ, ասում եմ՝ ես հիմա թելադրում եմ, նամակ ես գրում ԱԳ նախարարին, պահանջում եմ երկու օրվա ընթացքում ինձ ներկայացնել Ղարաբաղի կարգավորման իրավիճակը ապրիլի 18-ի դրությամբ։ Ասեցի՝ ինչու է պետք քեզ, որպեսզի դու դա ունենաս, թե ինչպիսի ժառանգություն ես ստացել, դրանից հետո ավելի լավ լուծում կբերես, կլինի քո պատիվը, ավելի վատ լուծում կբերես, կլինի քո խայտառակությունը»,- ասաց նախագահը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter