HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Սարգսյան

Լևոն Շիրինյան. «Սփյուռքը մեր առաջին և վերջին ռազմավարական դաշնակիցն է»

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների» դաշինքը քարոզարշավի 4-րդ օրը այցելել է Գեղարքունիքի մարզ:

Դաշինքի թեկնածուների ցուցակի չորրորդ համարը ներկայացնող Հայկ Սուքիասյանը Վարդենիս քաղաքում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց, որ իրենք չեն շեղվում նախկին-ներկա բնորոշումներով ու կենտրոնանում են իրենց ծրագրի ներկայացման վրա:

«Մենք ձեզ առաջարկում ենք Հայաստանի արդիականացման ծրագիր»: Կարծում են, որ պետք է  շանս տալ նոր քաղաքական ուժերի և դեմքերի, որոնք թարմություն կբերեն:

Դաշինքի մեկ այլ անդամ Արտաշես Խալաթյանը ներկայացրեց դատաիրավական բարեփոխումներին վերաբերող ծրագրային դրույթները: Նրանք առաջարկում են դատավորների, քննիչների, դատախազների վեթինգ՝ «արմատախիլ անելու նախորդ ռեժիմի քաղաքական խայտառակ ժառանգությունը»:

Պատգամավորի թեկնածու, փաստաբան Սեդա Սաֆարյանը նույնպես խոսեց դատական համակարգում նախկին ռեժիմի օրոք եղած անարդարությունների մասին. «Դուք պիտի հիշեք, որ Վարդենիսը էն տարածքն է եղել, որտեղ ամենաշատն են բռնության ենթարկվել մարդիկ, անարդարությունը թևածել է Վարդենիսի սարերում ու ձորերում»: Պատգամավորության թեկնածուն նշեց, որ արդարադատության համակարգի թերացման պատճառով է նաև, որ Հայաստանը թուլացել էր և չկարողացավ դիմակայել պատերազմին:

«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախագահ և դաշինքի նախընտրական ցուցակի 2-րդ համարը ներկայացնող Լևոն Շիրինյանը, դիմելով վարդենիսցիներին, ողջ գեղարքունիքցիներին, հայտարարեց, որ եկել են Հայաստանը վերափոխելու կոնկրետ առաջարկով: «Հայաստանում չկա որևէ այլ քաղաքական ուժ, որը քաղաքական պայքար է մղում, չի զբաղվում մանիպուլյացիաներով և որի նպատակը պետականաշինությունն է ու ոչ պաշտոնամոլությունը կամ վրեժը»:

Քաղաքագետ Շիրինյանն իր ելույթում բազմիցս անդրադարձավ Հայաստանի նախկին իշխանությունների բացթողումներին ու կատարած անարդարություններին՝ բացառելով նրանց վերադարձը: «Ընտրություններում պետք է ապահովել մասնակցության բարձր թիվ, որպեսզի գողապետությունը՝ իր պարագլուխներով, ո՛չ հաթաթա տա, ո՛չ շանս ունենա վերադարձի և պատժի»:

Շիրինյանը ծրագրային ուղղությունների մասին խոսելիս շեշտեց Սփյուռքի դերը Հայաստանի զարգացման իրենց տեսլականում՝ ասելով, որ Սփյուռքը իրավական կարգով պետք է ներկա լինի մեր կյանքին: «Սփյուռքը մեր առաջին և վերջին ռազմավարական դաշնակիցն է»,- հայտարարեց Շիրինյանը:

ԱԺ պատգամավոր, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանը նույնպես փնովեց նախկին իշխանություններին և Հայաստանի ներկայիս վիճակը պայմանավորեց նրանց անգործությամբ ու անօրեն գործունեությամբ: Ըստ վարչապետի թեկնածուի՝ ներկա իշխանություններն էլ են թերացել՝ չկատարելով իրենց խոստումը: «Նիկոլ Փաշինյանը, իշխանության գալուց հետո, մեզ խոստացավ, որ ապամոնտաժելու է քրեաօլիգարխիկ համակարգը, հայտարարվեց, որ կոռուպցիայի դեմ զրո հանդուրժողականություն է լինելու, բայց մինչ այս պահը չկա կայացված գեթ մեկ դատական ակտ հայտնի որևէ կոռուպցիոների գործով»:

Արման Բաբաջանյանը չխոսեց անվտանգության ապահովման իրենց ծրագրերից, միայն ասաց, որ անհրաժեշտ է հենց սահմանային բնակավայրերի ուղղությամբ կենտրոնացնել ուշադրությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter