HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սահմանային վեճեր անընդհատ լինելու են, մինչև Հայաստանը Ադրբեջանի հետ հստակ պայմանագիր չստորագրի»․ Լ․ Տեր-Պետրոսյան

Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Աննա Գրիգորյանը երեկ՝ հունիսի 9-ին, հայտարարել էր, որ Արցախը՝ որպես կողմ, բանակցություններից դուրս է մղվել Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք։ Վերջինս հայտնել էր, թե 1997 թվականին Տեր-Պետրոսյանը չորս անգամ բանակցային հանդիպումներ է ունեցել՝ առանց Արցախի ներկայացուցչի:

«Երբ ես գնում էի, Ելցինի հետ հանդիպում էի, չպիտի՞ խոսեի Ղարաբաղի հարցի մասին։ Իմ գործընկերը Ելցինն էր, ինչ կուզեք՝ կասեք, ինչքան միջնորդներ կան, նախագահն է որոշում։ Այո, ամեն անգամ իմ գլխավոր թեմաներից մեկը եղել է խոսել Ղարաբաղի մասին։ Շիրակի հետ, որ խոսում էի, Միտտերանի հետ, Բուշ ավագի հետ, Քլինթոնի հետ, բա ի՞նչ պիտի անեի։ Այդ ի՞նչ զարմանալի հանելուկ է գտել Ռոբերտ Քոչարյանը, ինքն էլ է տասն անգամ առանց Ղարաբաղի գնացել հանդիպել է Ելցինի, Շիրակի և մյուս նախագահների հետ։ Սա սովորական բան է, ինքն էլի մանիպուլյացիա է անում»,- ասաց առաջին նախագահը։ 

Նրա խոսքով՝ ղարաբաղյան կարգավորման գործընթացի միակ ատյանը Մինսկի խմբի համանախագահությունն էր, իսկ Ղարաբաղն այդ ատյանում ճանաչված էր որպես լիիրավ հակամարտող կողմ։ 

«Կողքի բանակցությունները, որոնք միշտ էին ընթանում, և եթե չընթանային՝ ոչ մի բան չէր ստացվի։ Ասում են՝ իբր թե Ժիրայր Լիպարիտյանը մի տարի բանակցել է Գուլուզադեի հետ։ Այո, խոսել են, դա բանակցություն չէ։ Բանակցությունն այն է, երբ այդ մարմինը, որտեղ դու բանակցում ես, որոշումներ է կայացնում։ Որոշումներ կայացնում էր միայն Մինսկի խմբի համանախագահությունը, իսկ դրանից դուրս հազար ու մի կոնսուլտացիաներ կարող էին լինել, ասենք՝ գոնե շոշափելու համար Ադրբեջանի մտադրությունները, տրամադրությունները եւ այլն: Փոխանակ գովեին այդ քայլը, միջազգային հանրությունը գովում էր, բայց Ռոբերտ Քոչարյանը հետին թվով հիմա մի պատրվակ է գտել՝ իբր Ղարաբաղին հակամարտության կողմից հեռացրել են Լևոն Տեր- Պետրոսյանը և Ժիրայր Լիպարիտյանը»,- ասաց ՀԱԿ նախագահը:

Լևոն Տեր-Պետրոսյանը նաև հայտնեց, որ միջազգային հանրությունը, հանձինս՝ ՄԱԿ-ի, Խորհրդային Միության նախկին հանրապետությունների անկախությունը ճանաչել է այն սահմաններով, որոնք եղել են Խորհրդային Միության ժամանակ. 

«Ոչինչ չեք կարող փոխել: Հայաստանի և Ադրբեջանի սահմանը այդ սովետական սահմանն է, ուրիշ ոչինչ: Եթե էդքան ուժեղ եք, կարող եք գնալ գրավել, բայց փոխել հնարավոր չէ: Սահմանային վեճեր անընդհատ լինելու են, մինչև, վերջիվերջո, Հայաստանը Ադրբեջանի հետ հստակ պայմանագիր չստորագրի»:

Խոսելով վարչապետի պաշտոնակատարի մասին՝ վերջինս նշեց, որ Նիկոլ Փաշինյանին համարում է ավելի մեծ չարիք, քան Թուրքիայից և Ադրբեջանից եկող վտանգը:

«Վստահ եմ, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ գալու է մի օր՝ մենք նորմալ հարաբերություններ ենք հաստատելու: Դրանում շահագրգռված է առաջին հերթին Ռուսաստանը: Նրան ձեռք է տալիս հաշտությունը Հայաստանի և Թուրքիայի միջև»,- եզրափակեց նախագահը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter