
Բնակարանամուտ` սպայական ավանում (լուսանկարներ)
Սեպտեմբերի 1-ին Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկի սպայական ավանում կրկնակի տոն էր: Գիտելիքի օրը նշելուց զատ, 30 ընտանիք բնակարանամուտ տոնեց:
Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ԼՂՀ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը և բարձրաստիճան այլ հյուրեր:
30 սպաներ ու ընտանիքներ Արցախի նախագահի ու բանակի ղեկավարության կողմից ստացան բնակարանների վկայականներ, ինչից հետո նորակառույց շենքի բացման կարմիր ժապավենը նախագահ Սահակյանի առաջարկով կտրեցին բնակարանների փոքրիկ տերերը:
Շնորհավորական խոսքում թեմի առաջնորդը նշեց, որ սա հաղթանակ է ու նոր նվաճում:
Սրբազանը կարևորեց այն հանգամանքը, որ պետությունը գործուն աջակցություն է ցույց տալիս իր բանակի սպաներին, որոնց ուշքն ու միտքը պետք է լինի ծառայությունը և ոչ թե այն, թե ինչպիսի պայմաններում են ծվարած մնում իրենց ընտանիքները:
Սրբազանը կոչ արեց սպաներին ծառայել այնպես, որ Հայաստանն ունենա իր մեծագույն բնակարանը:
Միջոցառման ավարտին հյուրերը շրջեցին եռահարկ շենքի բնակարաններով, ծանոթացան ստեղծված հարմարություններին:
Մեկնաբանել