
Փաշինյանն ազդարարեց ժողովրդական պողպատե հեղափոխության մեկնարկի մասին
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավն այսօր` հունիսի 10-ին, ամփոփվեց մարզկենտրոն Վանաձորում` հանրահավաքով: Ներկա էին մարզից ընտրված պատգամավորներ, ՔՊ վարչության անդամներ, նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Վարչապետի պաշտոնակատար, ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ասաց` ինչպես 2018-ի ապրիլի 17-ին հայտարարեց ոչ բռնի, թավշա հեղափոխության մեկնարկի մասին, այնպես էլ այսօր ազդարարում է ժողովրդական պողպատե հեղափոխության մեկնարկը: Փաշինյանը հայտնեց, որ չնայած Լոռու մարզում նախատեսված էր ութ հանդիպում, սակայն իրենք 17 կանգառ են ունեցել տարբեր տեղերում:
Փաշինյանը հայտնեց, որ Մարց համայնքում իրեն նվիրել են պողպատե մանդատ, ինչն ըստ Փաշինյանի, շատ խորհրդանշական է: Վարչապետի պաշտոնակատարը հիշեցրեց, որ ընտրակաշառք բաժանելու կասկածով բերման է ենթարկվել երեք անձ, և հույս հայտնեց, որ նրանք կկալանավորվեն դատարանի որոշմամբ: Նա պնդեց, որ հունիսի 20-ի ընտրություններում հաղթելու է մի սուբյեկտ` ժողովուրդը:
ՔՊ վարչության անդամ, վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանն էլ իր ելույթում պատմեց թուրք պատմաբան, քաղաքագետ Մեհմետ Փերինչեքի մասին, որի հետ ծանոթացել է 2003-ին՝ Մոսկվայում սովորելիս:
«Էս երիտասարդին հարցրի` ինչ ես անում Մոսկվայում, ասաց արխիվներում փաստաթղթեր եմ փնտրում, որոնք կապացուցեն, որ ձեր քաղաքական կուսակցությունները սադրել են իմ պապերին, որ նրանք ցեղասպանություն գործեն: Այսինքն՝ նա դրանով փորձում էր իր պետության վրայից ցեղասպանություն գործած պետության խարանը հանել: Հիմա մենք ունենք նման փերինչեքներ, որոնք նախկինում զբաղեցրել են Հայաստանի ամենաբարձր` նախագահի պաշտոնը»,- ասաց Հարությունյանը:
Ըստ նրա` նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը ոչ միայն Հայաստանին, այլև արտաքին աշխարհին փորձում են ապացուցել, որ այն հանցանքները, որ գործել են Ալիևն ու Էրդողանը, գործել են այս իշխանության սադրանքով:
«Ավելի դավաճանական, ավելի թշնամական գործողություն դժվար է պատկերացնել»,-եզրափակեց նա:
Քարոզարշավն ավարտվեց ավանդական դարձած քայլերթով:
Մեկնաբանել