HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Փաշինյանը ներկայացրել է, թե ինչպես է պատկերացնում անկլավների հարցի լուծումը

Վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Բերդ համայնքում անդրադարձավ ադրբեջանական ու հայկական անկլավների հարցին: Փաշինյանն ասաց, որ մինչ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելը քննարկում է եղել անկլավների վերաբերյալ:

«Էսօր շատ է տարածվում էն մասին, թե ես ստորագրելիս եմ եղել էդ տարբերակը, ինչ-որ մարդիկ կանխել են, ճշմարտությունը ճիշտ հակառակն է՝ կային մարդիկ, ովքեր ասում էին՝ հենց էդ տարբերակով էդ թուղթը պետք է ստորագրել: Բայց մենք շատ հստակ դիրքորոշում ենք հայտնել, և այդ կետը հանվել է»,- ասաց Փաշինյանը՝ նկատի ունենալով Ղազախի շրջանի գյուղերը, որոնք ըստ հայտարարության նախնական տարբերակի, պետք է փոխանցվեին Ադրբեջանին:

Փաշինյանը վստահեցրեց՝ անկլավների թեման քննարկվել է դեռ 1999 թվականի Մեղրիի փոխանակման ծրագրի ժամանակ: Փաշինյանը սա ասաց՝ արձագանքելով ընդդիմախոսների մեղադրանքներին, թե ինքն է անկլավների թեման առաջ քաշել:

«Էս թեման բանակցությունների սեղանին դրվել է 1998-1999 թվականներին, հետագա բանակցային գործընթացի փաթեթում ուղղակի հիշատակում դրա մասին չի եղել, բայց բանակցային փաթեթում եղել է հետևյալը, որ Ղարաբաղի պահով թուղթը ստորագրելուց հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև միջկառավարական բանակցություններ են տեղի ունենում, որտեղ էդ հարցերը պետք է քննարկվեն: Էս թեման միշտ եղել է բանակցությունների օրակարգում»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի՝ կա անկլավների ընդհանուր տրամաբանություն, ըստ միջազգային պրակտիկայի, այն իրավիճակը, որը արձանագրված է, այդպես էլ մնում է:

«Մենք էլ անկլավ ունենք՝ Արծվաշեն ունենք Ադրբեջանի տիրապետության տակ, և մեր տրամաբանությունն էն է, որ անկլավը պետք է փոխանակվի անկլավի հետ (նկատի ունի եղած անկլավների փաստաթղթային արձանագրում, հեղ.), էն, ինչ իրենց հսկողության տակ է, մնա իրենց հսկողության տակ, էն, ինչ մեր հսկողության տակ է, մնա մեր հսկողության տակ»,- ասաց նա:

Փաշինյանը նաև հիշեցրեց, որ Տավուշի մարզից մի քանի տասնյակ կիլոմետր հայկական տարածքներ գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ: Ասում է, երբ բանակցությունների ժամանակ անկլավների հարցը քննարկվել է, հայկական կողմն էլ Տավուշի մարզի վերոնշյալ տարածքների մասին է խոսել:

«Դրել ենք բանակցային սեղանին ու ասել ենք, որ էս հարցերը պետք է դիտարկվեն ընդհանուր համատեքստում»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց՝ իր և ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի միջև եղած կոնֆլիկտին կանդրադառնա երեկոյան՝ իջևանյան հանրահավաքին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter