HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության հայտարարությունը` Մաշտոցի պուրակի կրպակների կազմաքանդման մասին

2012 թվականի ապրիլի 15-ին Երևան քաղաքի Մաշտոցի պողոտային հարող պուրակում մի խումբ անձանց կողմից հերթական անգամ նախաձեռնվել և փորձ է արվել իրականացնել ժամանակավոր տեղադրված կրպակների ապամոնտաժումը: Նախապես մշակված գործողությունների պլանով և դերերի հստակ բաշխմամբ մեկ տասնյակից ավելի անձինք, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին, տապալելով տեղադրված երկաթյա արգելապատնեշները, իրենց ենթադրյալ իրավունքների իրացման նպատակով ներխուժել են ոստիկանության աշխատակիցների կողմից օրինական հիմունքներով պահպանվող տարածք և փորձել վնաս պատճառել այնտեղ գտնվող գույքին: 

http://www.youtube.com/watch_popup?v=AChg-Yibxwc&vq=medium 

Իրավախախտում կատարած անձինք նշված գործողություններով վտանգել են նաև իրենց և այլոց կյանքն ու առողջությունը, քանի որ այդ տարածքում եղել են էլեկտրական լարման տակ գտնվող սարքավորումներ, իսկ իրավախախտներից ոմանց ոստիկանները ստիպված են եղել իջեցնել մի քանի մետր բարձրությունից: 

http://www.youtube.com/watch_popup?v=QS7oCKaQaGU&vq=medium

Վերոշարադրյալ գործողությունները զուգորդվել են տարածք ներխուժած անձանց ուղեկցող մեկ այլ խմբի կողմից ոստիկանների հասցեին ուղղված վիրավորանքներով և այլ սադրիչ գործողություններով: 

http://www.youtube.com/watch_popup?v=SUQlWcS2hNI&vq=medium 

Ոստիկանության աշխատակիցների համաձայնեցված, համարժեք և զուսպ գործողությունների արդյունքում իրավախախտում կատարած անձինք դուրս են բերվել պահպանվող տարածքից և կարճ ժամանակ անց այգում վերականգնվել է հասարակական կարգն ու հանրային անդորրը: Իրավիճակը լիովին վերահսկելու պայմաններում ոստիկանությունը անհրաժեշտ չի համարել կիրառել վարչական ներգործության որևէ այլ միջոց: 

Հարկ է նշել, որ ապրիլի 15-ին պլանավորված և իրականացված գործողություններն իրենց բնույթով որակապես տարբերվում էին մինչ այդ պուրակի տարածքում տեղի ունեցած այլ միջադեպերից: Մասնավորապես, դրանք աչքի էին ընկնում ընդգծված ագրեսիվ բնույթով, ունեին ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու ակնհայտ միտում և ուղղված էին որոշակի արժեքների վնաս հասցնելուն: 

Ապրիլի 15-ի իրադարձություններն ավելի ընդգծեցին ոստիկանությանը ֆիզիկական ընդհարումների մեջ ներքաշելու և պատժողի կերպարով ներկայացնելու առանձին անձանց անթաքույց մտադրությունները, որոնք իրականություն չեն դարձել ու չեն դառնալու: Իր հերթին նման գործելաոճն ակնհայտ է դարձնում այսօրվա իրավախախտների իրական, բնապահպանական խնդիրների հետ անհամատեղելի և միանգամայն կանխատեսելի նկրտումները: 

Առկա իրավիճակում, երբ շարունակաբար չարաշահվում է հասարակական կարգի և այլոց իրավունքների պաշտպանությանն ուղղված ոստիկանության կանխիչ և հարաբերականորեն պասիվ գործելակերպը, ինչպես նաև ձեռնարկվում են ենթադրյալ իրավունքների ապօրինի իրացման և ուրիշի գույքին վնաս պատճառելու նոր փորձեր, անհրաժեշտություն է առաջանում պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում իրավական գնահատական տալ վերոշարադրյալ փաստերին և դրանց ընթացքում որոշակի վարքագիծ դրսևորած կոնկրետ անձանց գործողություններին: 

Ուստի, սույնով պաշտոնապես հայտնվում է, որ 2012 թվականի ապրիլի 15-ին Երևան քաղաքի Մաշտոցի պողոտային հարող այգում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ հարուցվել և իրականացվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթ: Նշված գործընթացի նախաձեռնումը պայմանավորված է բացառապես իրականացված անօրինական գործողությունների էությամբ ու բովանդակությամբ: Այսուհետ ևս ոստիկանության ամեն մի գործողություն համարժեք է լինելու յուրաքանչյուր հնարավոր իրավախախտման բնույթին, վտանգավորության աստիճանին և առաջացրած հետևանքներին: 

ՀՀ ոստիկանություն

Մեկնաբանություններ (2)

Lusine
aylandak eq ..verji kargi tert...
Levik
These police are there tom protect the property rights of these oligarchs, nothing more. They couldn't give a damn about the rights of Yerevan citizens. The arguments of the police are ridiculous. They talk about protecting the public order but forget about the already trammeled rights of society. Do they take us for fools? Smash the barricades and the kiosks!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter