HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարուցվել է 9 քրեական գործ՝ Արաքսի ավազանում 312.000 խմ ավազի և ավազակոպիճի ապօրինի արդյունահանման դեպքերով

Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ համագործակցելով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության հետ, արձանագրվել է ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում, Արաքս գետի ավազանում ընդերքօգտագործում իրականացնող 8 տնտեսվարող սուբյեկտներին տրամադրված օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության տեղամասերից դուրս ընդերքի ապօրինի շահագործման՝ տասնյակ հազարավոր խորհանարդ մետր ավազի և ավազակոպիճի ապօրինի արդյունահանման, հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու և օգտագործելու կանոնները խախտելու բազմաթիվ դեպքեր:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ հողը փչացնելու, շրջակա միջավայրին դիտավորությամբ կամ անզգուշությամբ էական վնաս պատճառելու, 291-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ ընդերքի օգտագործման կանոնները խախտելու, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին էական վնաս պատճառելու հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է 9 քրեական գործ: 

Հարուցված քրեական գործերով, ընդհանուր առմամբ արձանագրվել են շուրջ 312 հազար խորհանարդ մետր ավազի և ավազակոպիճի ապօրինի արդյունահանման դեպքեր, որոնցով նախնական հաշվարկներով պետությանը պատճառվել է շուրջ 143 մլն. դրամի վնաս, իսկ շուրջ 113 հազար քառակուսի մետր տարածքներում արձանագրվել են հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու և օգտագործելու կանոնները խախտելու, դրանցով բնությանը ընդհանուր առմամբ շուրջ 10 մլն դրամի վնաս պատճառելու դեպքեր:

Հարուցված քրեական գործերի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Դատախազությունը այսուհետ ևս իր ողջ գործիքակազմով հետևողականորեն աշխատանքներ է տանելու ընդերքօգտագործման և բնապահպանության բնագավառներում տեղ գտած չարաշահումների և խախտումների դեպքերը պարզելու, մեղավոր անձանց օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter