HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ն. Փաշինյան. «Ես Օնիկին վստահել եմ հարազատ եղբոր նման, իր ասածները երբեք կասկածի տակ չեմ առել»

Վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Աչաջուր համայնքում անդրադարձավ իր ու զինված ուժերի նախկին գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի միջև եղած կոնֆլիկտին:

Փաշինյանը հիշեցրեց, որ մինչ իր` վարչապետի պաշտոնում ընտրվելը Օնիկ Գասպարյանը զբաղեցնում էր ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը, և նրան այդ պաշտոնում նշանակելիս Փաշինյանն ասել է իր մտահոգության մասին, որ նախկին իշխանությունների հետ ամուր կապեր ունի: Ըստ Փաշինյանի` Օնիկ Գասպարյանը վստահեցրել է` այդ հարցում անհանգստանալու որևէ առիթ չունի:

«Ես Օնիկին վստահել եմ հարազատ եղբոր նման, իր ասածները երբեք կասկածի տակ չեմ առել: Երբ ինքը նշանակված էր հուլիսյան պատերազմի ժամանակ ԱԱԾ-ն ինձ մի դրվագի մասին ասեց, որ սենց դրվագ է եղել, ինքը սխալ է զեկուցել, ես ասացի` բացառված է, չեմ հավատում, որ սխալ բան զեկուցած լինի… Էդպես եղել է մինչև պատերազմի ավարտվելը»,-ասաց Փաշինյանը:

Ըստ նրա` նույնիսկ պատերազմի ընթացքում Արցախից իր թիմակիցները ինչ-որ տեղեկություններ են հայտնել, սակայն նա կասկածի տակ է առել այդ տեղեկությունները և հավատացել Գասպարյանին:

Փաշինյանի ներկայացմամբ, նոյեմբերի 20-ին շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը գնացել է Սյունիքի մարզ, հանդիպել «որոշ շրջանակների» հետ և հեռախոսազրույց ունեցել Սերժ Սարգսյանի, որի ընթացքում «ամենավերջին բառերն են ասել» Փաշինյանի մասին և պայմանավորվել հանդիպել: Այդ երեկո Գասպարյանը զանգահարել է Փաշինյանին ու հանդիպում խնդրել:

«Ինքը կարճ ասած ասում է` որոշու'մ կայացրու, հրաժարական տուր, ասում եմ` Օնիկ ջան, քանի օր չես քնել, ասում է` երևի 4-5 օր, ասում եմ` գնա, քնի, հանգստացիր, արի այս խոսակցությունը մոռանանք: Հետո կանչում եմ իրեն ու ասում` Օնիկ, ես քեզ անվերապահորեն վստահել եմ, ուզում եմ էլի վստահել՝ հաշվի առնելով տարբեր հանգամանքներ, այդ թվում՝ էն, որ իրար գիտենք արմատներից: Ես քեզ խոստանում եմ` կմոռանամ այդ պատմությունը, որ ասել ես հրաժարական տուր»,-պատմեց Փաշինյանը: Ըստ նրա` այնուհետև ի հայտ են եկել դրվագներ, որոնք ապացուցել են, որ շատ մանրամասներ իրեն ճիշտ չեն զեկուցվել, ինչի հետևանքով ի հայտ են եկել խնդիրներ: Նրա վստահեցմամբ` աստիճանաբար իր համար ակնհայտ է դարձել, որ գլխավոր շտաբը համալրում է ընդդիմության շարքերը:

Փաշինյանը նաև հավելեց` Օնիկ Գասպարյանին այն աստիճան է անվերապահորեն վստահել, որ երբ վերջինս պատերազմի ընթացքում ասել է, որ շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը միջոցներ է ձեռնարկում, որ հակագրոհ կազմակերպի, պետք է քաջալերել, ազգային հերոսի կոչում շնորհել, չի էլ քննարկել, միանգամից համաձայնել է:

«Էսօր Տիրան Խաչատրյանն իմ հասցեին ամենավերջին խոսքերն է ասում: Տիրան Խաչատրյանը թող իր կոչումից հրաժարվի, որովհետև եթե արժանապատիվ սպա է ու համարում է, որ էն մարդը, որն իրեն հերոսի կոչման միջնորդություն է ստորագրել, ոչ մի բան չի հասկանում, ուրեմն պետք. է հրաժարավի այդ կոչումից: Մենք բոլորս կհավատանք իր անկեղծությանը, որ պետական մտածումներ ունի»,-ասաց նա:

Փաշինյանը նաև անդրադարձավ այն լուրերին, թե նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելիս հակված է եղել նախնական տարբերակը ստորագրել, որտեղ եղել է նաև տավուշյան սահամանամերձ գյուղերի մասին դրույթ, և Գասպարյանը կանխել է: Փաշինյանը վստահեցրեց` իրականությունը ճիշտ հակառակն է, և այդ քննարկմանը եղել է մեկ տասնյակ անձ, ովքեր կարող են դա հաստատել: Հետադարձ հայացք գցելով՝ Փաշինյանն այն տեսակետին է հանգել, որ Օնիկ Գասպարյանը մտածել է՝ որքան վատը լինի այդ թուղթը, այդքան մեծ հավանականություն կա, որ քաղաքական պայթյուն կառաջանա: Փաշինյանը վստահեցրեց` իր և Օնիկ Գասպարյանի հարաբերություններում որևէ անազնիվ քայլ չի արել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter