HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Միքայել Նահապետյան. «Մենք քաղաքացիների առջև հանդես ենք գալիս այնպես, ինչպես որ կանք»

Հունիսի 20-ին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն ավանդական քարոզչության հետ մեկտեղ իրականացնում է նաև ֆլեշմոբային քարոզչություն:

Օրինակ՝ քարոզարշավի 1-ին օրը քարոզչական թերթիկների հետ մեկտեղ ծաղիկներ են նվիրել փողոցով անցնող կանանց, քաղցրավենիք՝ երեխաներին և այլն: Կուսակցականներն այցելել են գյուղ, թութ են թափ տվել և գյուղացիների հետ խոսել գյուղատնտեսության, այլընտրանքային էներգիայի կարևորության ու դրանով իսկ գյուղատնտեսական ծախսերի կրճատման մասին:

Մի օր կուսակցության երիտասարդ անդամները հեծանիվներով շրջել են Երևանում, բաժանել քարոզչական թերթիկներ: Հեծանիվներով քարոզարշավն ու թերթիկների բաժանումը դիտարկել են որպես բաժանվող հույս և Հայաստանի կանգնած անիվի պտտում:

Քարոզչության 4-րդ օրն ավելի երաժշտական է եղել: Կամավորները քարոզչական թերթիկները բաժանել են Երևանի փողոցներից մեկի մայթին դրված դաշնամուրի կամ սաքսոֆոնի հնչյունների ներքո և այլն:

Բացի այդ, կուսակցությունը նախընտրական փոքր տեսահոլովակներ է պատրաստում սոցիալական ցանցերի համար՝ այդ տարբերակով ևս հասանելի դառնում ընտրողին:

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ ֆլեշմոբերի հետ զուգահեռ իրականացնում են նաև այցեր քաղաքացիների բնակարաններ, շենքեր, բակեր:

«Քաղաքացու հետ քաղաքականության մասին խոսելու հիմնական վայրն իրենց տան մուտքն է: Միշտ չէ, որ հաճելի ու կոռեկտ է մարդու տուն գնալը լուսաբանելը, մեդիա ուղերձները տալիս ենք ֆլեշմոբերի միջոցով»,- ասում է Մ. Նահապետյանը:

Միքայելի խոսքերով՝ մեծ հաշվով այսօր մեդիայում հայտնվելու երկու տարբերակ կա. կամ մեկի նկատմամբ ատելության ալիք պետք է բարձրացնել կամ դրա հակառակը: Քանի որ «Քաղաքացու որոշում» կուսակցությունն ատելություն չի քարոզում՝ գիտակցելով, որ ընտրություններից հետո կյանք կա, գնում են թույնը զսպելու, թույնին հակադիր էներգիա փոխանցելու տարբերակով:

Շփումներից հետո Միքայել Նահապետյանը մի քանի կետեր առանձնացրեց, որոնց իրականացումը կարևորել են քաղաքացիները: Առաջինը՝ ներքին թշնամանքի հաղթահարումն է: Երկրորդը՝ անվտանգությունը: Մարդկանց հետաքրքրում է, թե ինչպես ենք մեզ պաշտպանելու:

«Մարդիկ կողմնորոշվելու խնդիր ունեն: Մի կողմից չեն ուզում ընտրել մարդկանց, ովքեր արտաքին քաղաքական աղետ են բերել, մյուս կողմից չեն ուզում ընտրել մարդկանց, ովքեր ներքին քաղաքական աղետ են բերել»,- ասում է կուսակցության ներկայացուցիչը:

Միքայել Նահապետյանը նշեց, որ դաշտային քարոզարշավ տանելու պարտականությունն իր վրա է դրված և քարոզարշավի դուրս գալուց առաջ կամավորներին ասել է, որ երբեք չճկվեն քաղաքացիների հարցերի առաջ:

«Մենք քաղաքացիների առջև հանդես ենք գալիս այնպես, ինչպես որ կանք և մտածում ենք: Դա մեզ բերում է աջակցություն: Այո, երբեմն բերում է նաև մերժումներ, որ մենք իրենց ընտրանքի մեջ չենք և այլն, բայց մարդկանց հետ անկեղծ ենք: Քաղաքացիները հազար տեսակի հարց են տալիս, եթե մենք որդեգրենք դուր գալու քաղաքականությունը, ինչպես որ ոմանք արել են, հիմա էլ անում են, հակասական մի բան կստացվի, ինչը մեր սկզբունքների մեջ չի մտնում»,- ասաց Մ. Նահապետյանը:

Կուսակցության գործադիր մարմնի ներկայացուցիչը նշեց, որ կան քաղաքական ուժեր, որոնք ճկվում են քաղաքացու հարցերի առաջ: Օրինակ, ըստ Նահապետյանի, եթե բոլորը միավորենք կստացվի հետևյալ պատկերը. ուզում են Ռուսաստանի հետ հարաբերությունները խզել, միևնույն ժամանակ հարաբերությունները խորացնել Ռուսաստանի հետ: Պատրաստվում են պատերազմ հայտարարել և բոլոր հողերը հետ վերադարձնել, միևնույն ժամանակ նախապատրաստվում են խաղաղության պայմանագիր ստորագրելուն և այլն: 

Միքայել Նահապետյանն ասաց, որ քաղաքացիներն արդեն ճանաչում են «Քաղաքացու որոշում» կուսակցությանը, որպես միջին տարիքի, կենսունակ, նոր մոտեցումներ, քաղաքական մշակույթ կրող, փոփոխություններ առաջարկող քաղաքական ուժ, որտեղ ազնիվ են, մաքուր, սկզբունքային, գտել են իրենց ճանապարհը և ինչ-որ կետում արդյունքի անպայման հասնելու են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter