HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Սերժ Սարգսյան. «Առանց լուրջ անվտանգության համակարգի, հնարավոր չէ նորմալ ապրել ու զարգանալ»

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձել է Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմանային իրավիճակին։ «Սրանք ինչքան լինեն իշխանության, էս վիճակը շարունակվելու է, այլ վիճակ չի կարող լինել»,- նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ երեկ եղել է Տեղ համայնքում, որի տարածքից 350 հա գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության տակ. «Բա էդպես է լինելու, եթե զինվորին հրաման է տալիս չկրակել, եթե հրամանատարը իրավունք չունի՝ որոշում կայացնել ինչպես սահմանը պաշտպանել, բա ուրիշ ինչպե՞ս պիտի լինի։ Ութ ամիս է անցել, բա Հայաստանի սահմանները ինչ-որ տեղ պիտի պաշտպանված լինեին, թե՞ չէ։ Տասնյակ տարիներով ասում էին՝ Ղարաբաղը տանք, հանգիստ ապրենք, կոչ էին անում, որ պետք չէ Հայաստանից գնային զինվորներ Ղարաբաղի սահմանը պահելու։ Ինչքան էլ փորձում էինք բացատրել՝ Երեւանից, Գեղարքունիքից, Շիրակից, Լոռիից գնացած զորակոչիկները պաշտպանում են Հայաստանի սահմանները նաեւ։ Հիմա բոլորս տեսանք չէ՞՝ ինչ է նշանակում Ղարաբաղում սահմանները չպաշտպանել, ո՞վ կարող է ասել՝ ինչքա՞ն արոտավայր ենք կորցրել, գոնե Գեղարքունիքից», - նշեց ՀՀ երրորդ նախագահը։ Նրա խոսքով, եթե լինի սահմանազատում, ադրբեջանցին մտնելու է ՀՀ սահման, եթե դիմացը զորք չլինի։ «Ես վատ կանխագուշակումներ եմ անում, բայց էդպես է լինելու՝ ինչքան սրանք լինեն, ինչքան խաղաղություն մուրան։ Ես պատերազմի կողմնակից չեմ, բայց ո՞վ է հարգում մուրացկանին, խնդրում ես Ադրբեջանին՝ մեզ խաղաղություն, սենց, նենց.... բայց մյուս կողմից մտածում ես, որ մարդիկ առավոտից իրիկուն տանջվում են, անասուն են պահում, մեկ էլ ադրբեջանցին ցանկանում է էդ անասունը վերցնել, վերցնում է։ Երեւի իրանք չեն հասկանում՝ ինչ է նշանակում կոնկրետ մարդու համար», - նշեց Սերժ Սարգսյանը։

Սարգսյանն անդրադարձավ նաեւ այն հայտարարությանը, որ տարին վեց ամիս սարերում ձյուն է եւ զինվորը չի կարող կանգնել սահմանին. «Բա Գեղարքունիքի լեռները, Գեղամա լեռները մինչեւ հիմա ձյուն է, մի երկու ամիս էլ ձյուն է լինելու, այսինքն, էնտեղ մեր զինվորները չպիտի՞ մեզ պաշտպանեն։ Ի՞նչ եղավ Սեւ լիճը, ասում է, ադրբեջանցիները լճի 30 %-ը գրավել են, դրա համար կռիվ անենք, պատերազմ անենք, ու տենց կգան, կհասնենք չգիտեմ՝ որտեղ։ Պետք է հնարավորություն ունենանք վերականգնել մեր անվտանգության համակարգը, ուրիշ ճանապարհ չկա։ Մենք էնպիսի տարածաշրջանում ենք ապրում, որտեղ առանց մարտունակ բանակի, առանց լուրջ անվտանգության համակարգի, հնարավոր չէ նորմալ ապրել ու զարգանալ»,- ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Սերժ Սարգսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter