
ԱԽՔ Արմեն Գրիգորյանի քաղաքական մանիպուլյացիաները ռազմական բյուջեի մասին
Մայիսի 11-ին Իջեւանում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական հանրահավաք է իրականացրել, որի ժամանակ ելույթ է ունեցել նաեւ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Վերջինս մի քանի մանիպուլյատիվ տվյալ է հայտնել Հայաստանի ռազմական բյուջեի մասին:
Մանիպուլյացիա 1
«1999-2007 թթ. կառավարող ուժը Հայաստանում ռազմական բյուջեն կազմել է 1 մլրդ դոլարով: Մեր կառավարման շրջանում՝ 2018-2020 թթ., մեր ռազմական բյուջեն եղել է 2 մլրդ դոլար՝ 2 անգամ ավել, քան 10 տարվա ընթացքում»,- ասել է Գրիգորյանը:
1998-2008 թթ. Հայաստանի նախագահը եղել է Ռոբերտ Քոչարյանը, ով իր ստորագրությամբ հաստատել է պետական բյուջեի մասին օրենքները 1999-2008 թթ. համար: Հայտնի է, որ յուրաքանչյուր տարվա բյուջեն հաստատվում է նախորդ տարվա վերջում, այսինքն՝ Քոչարյանի նախագահության առաջին տարվա՝ 1998-ի բյուջեն ստորագրել էր առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը 1997-ին: Նմանապես Քոչարյանը 2007-ին հաստատել է Սերժ Սարգսյանի նախագահության առաջին տարվա՝ 2008-ի պետբյուջեն:
Արմեն Գրիգորյանը խոսել է Քոչարյանի նախագահության շրջանի մասին, սակայն նշել է ոչ թե մինչեւ 2008, այլ 2007 թվականը, ինչը ճիշտ չէ, եթե հաշվի առնենք, որ Քոչարյանի օրոք է հաստատվել 2008-ի պետբյուջեն: Դրա համար մենք կվերցնենք ոչ թե 1999-2007 թթ., այլ 1999-2008 թթ., երբ բյուջեի մասին օրենքները ստորագրել է Ռ. Քոչարյանը: Գրիգորյանի խոսքից հետեւում է, որ Քոչարյանի օրոք բոլոր տարիների ռազմական բյուջեների գումարային արժեքը եղել է 1 մլրդ դոլար:
Հիմա տեսնենք, թե որքան գումար է հատկացվել պաշտպանության ոլորտին Քոչարյանի օրոք (նրա իշխանության տարիներին վարչապետներ են եղել Արմեն Դարբինյանը, Վազգեն Սարգսյանը, Արամ Սարգսյանը, Անդրանիկ Մարգարյանը, Սերժ Սարգսյանը): Տվյալները վերցրել ենք «Պետական բյուջեի մասին» օրենքներից՝ ըստ առանձին տարիների: Քոչարյանի ժամանակ օրենքներում ռազմական բյուջեն ներկայացվել է «պաշտպանություն» տողի (բաժնի) տակ, որի մեջ առաջին տարիներին ներառվել է նաեւ «քաղաքացիական պաշտպանություն» խումբը: Եթե չհաշվենք քաղպաշտպանության ծախսերը, ապա ըստ տարիների կունենանք հետեւյալ պատկերը.
1999 - 39.650.300.000 դրամ
2000 – 37.428.000.000
2001 – 36.446.000.000
2002 – 36.389.500.000
2003 – 44.324.000.000
2004 – 49.628.987.900
2005 – 61.004.602.100
2006 – 74.125.561.100
2007 – 100.435.685.700
2008 – 125.436.245.300
Այսպիսով՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք պաշտպանության ոլորտի համար 1999-2008 թթ. պետական բյուջեներով նախատեսվել է ընդհանուր 572.067.482.100 դրամ, ինչը Կենտրոնական բանկի 11.06.2021 թ. փոխարժեքով հավասար է 1.103.078.386 դոլարի:
Այս թվերին կուրորեն հավատացող ընթերցողը կասի, որ Արմեն Գրիգորյանը չի սխալվել՝ Քոչարյանի օրոք պաշտպանության համար, իսկապես, նախատեսվել է շուրջ 1 մլրդ դոլար 10 տարվա ընթացքում: Բայց մի՞թե դա ճիշտ է: Պատասխանը միանշանակ է՝ ոչ: Եվ պատճառն այն է, որ դրամ-դոլար հարաբերակցությունը (փոխարժեքը) լրիվ այլ է եղել 10-20 տարի առաջ: Հետեւաբար, ճիշտը յուրաքանչյուր տարվա համար նախատեսված միջոցները առանձին-առանձին դոլարի վերածելն է: Կօգտվենք ԿԲ-ի փոխարժեքների արխիվից, որը ցույց է տալիս կուրսը 2000 թ. հունվարի 1-ից: Յուրաքանչյուր տարվա համար դոլարի փոխարժեքը կվերցնենք այդ տարվա հունվարի 1-ի դրությամբ: Այդ դեպքում կունենանք հետեւյալ պատկերը դոլարով:
1999 – 71.683.510 դոլար
2000 – 67.665.829
2001 – 66.003.839
2002 – 64.771.898
2003 – 75.781.771
2004 – 87.683.724
2005 – 125.565.211
2006 – 164.653.949
2007 – 276.301.749
2008 – 412.320.838
Այսպիսով՝ գումարելու դեպքում կտեսնենք, որ Քոչարյանի օրոք հաստատված բյուջեներով (1999-2008 թթ.) ՀՀ պաշտպանության համար նախատեսվել է 1.412.432.318 դոլար: Եթե չհաշվենք 2008 թ. բյուջեն, որը 2007-ին հաստատել է Քոչարյանը, ապա, իրոք, կստացվի 1 մլրդ դոլար, սակայն դա առնվազն սխալ կլինի վերը նշված պատճառով: Պակաս կարեւոր չէ այն հանգամանքը, թե ինչ գնողունակություն ուներ փողը (դրամը, դոլարը կամ այլ արժույթ) 2000-ականներին եւ հիմա:
Այժմ տեսնենք, թե որքան գումար է հատկացվել պաշտպանությանը ներկա իշխանության օրոք: Նկատենք, որ Փաշինյանի իշխանության առաջին տարվա՝ 2018-ի պետբյուջեն ընդունվել է 2017-ին՝ ՀՀԿ-ի վերահսկողության տակ գտնվող ԱԺ-ի կողմից եւ ստորագրվել Սերժ Սարգսյանի կողմից, հետեւաբար դրան չենք անդրադառնա:
2019-2021 թթ. պետբյուջեի մասին օրենքներում հատկացումները ներկայացված են միայն դրանց հավելվածներում: Որպես հիմք ենք ընդունել ՊՆ-ի համար նախատեսված ծախսերը (հավելվածում նշված են առանձին գերատեսչություններին հատկացվելիք ընդհանուր գումարները, ինչպես նաեւ ծրագրերը, որոնց վրա պետք է ծախսվեն այդ միջոցները): Ըստ այդմ՝ ՊՆ-ի համար նախատեսված դրամական միջոցների պատկերը հետեւյալն է:
2019 – 309.288.370.900 դրամ
2020 – 307.236.697.400
2021 – 311.694.102.000
Եթե այս գումարները դոլարի վերածենք յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ի դրությամբ, ապա կստացվեն այսպիսի թվեր:
2019 – 639.355.805 դոլար
2020 – 640.476.751
2021 – 596.441.000
Այսպիսով՝ Փաշինյանի կառավարության օրոք ՊՆ-ին նախատեսվել է հատկացնել ընդհանուր 1.876.273.556 դոլար, ինչն, իհարկե, 2 մլրդ չէ, չնայած մոտ է դրան: Իսկ եթե հաշվի առնենք, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նկատի է ունեցել 2018-2020 թթ., ապա 1,87 մլրդ-ից ավելի փոքր թիվ կստացվի՝ մոտ 1,78 մլրդ դոլար, քանի որ 2018-ին ՊՆ-ի համար ավելի քիչ էր նախատեսվել, քան 2021-ին:
Բայց այստեղ նորից պիտի շեշտենք, որ փողի գնողունակությունը ժամանակի ընթացքում փոխվում է, եւ համեմատել վերջին տարիների 1,87 մլրդ դոլարը 2000-ականների առաջին կեսի 1,4 մլրդ-ի հետ ամենեւին տեղին չէ: Եվ երկրորդ՝ ազնիվ չէ քո ցուցանիշը կլորացնել ու բարձրացնել մինչեւ 2 մլրդ, իսկ քաղաքական հակառակորդինը՝ նվազեցնել մինչեւ 1 մլրդ:
Մանիպուլյացիա 2
«2009-2017 թթ. [կառավարող] քաղաքական ուժը ՀՀ ռազմական բյուջեն ավելացրել է 50 մլն դոլարով: Մեր իշխանության գալուց 7 ամիս հետո մենք ռազմական բյուջեն ավելացրել ենք 200 մլն դոլարով»,- ամսի 11-ի նախընտրական հանրահավաքում հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Գրիգորյանի նշած տարիներին իշխանության ղեկին Սերժ Սարգսյանն էր իր ՀՀԿ-ով, որն ուներ նաեւ կոալիցիոն գործընկերներ: Սակայն վերջիններս պետբյուջե, այդ թվում՝ ռազմական ծախսեր, հաստատել են նաեւ 2018 թ. համար, քանի որ այդ տարվա բյուջեն ընդունվել է 2017-ին: Դրա համար կհամեմատենք Քոչարյանից Սարգսյանի ստացած եւ ապա վերջինիս՝ Փաշինյանին թողած ժառանգությունը:
Ինչպես վերը նշեցինք, 2008 թ. պետբյուջեում «պաշտպանություն» տողով նախատեսվել է հատկացնել 125.436.245.300 դրամ կամ 412.320.838 դոլար: Սա, կարելի է ասել, Ռոբերտ Քոչարյանից Սերժ Սարգսյանի ստացած ժառանգությունն է, չնայած 2007-2008 թթ. վարչապետը հենց Սարգսյանն էր, այսինքն՝ նրա կառավարությունն էր Քոչարյանի կողմից վերջին անգամ ստորագրված բյուջեի կազմման ու իրականացման պատասխանատուն: Ինչեւէ:
2018 թ. պետբյուջեում, որը ՀՀԿ-ի մեծամասնությամբ գործող ԱԺ-ն ընդունել եւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է 2017-ին, «պաշտպանություն» տողով նախատեսվել է 247.895.878.200 դրամ, ինչը 2018 թ. հունվարի 1-ի ԿԲ փոխարժեքով հավասար էր 512.075.766 դոլարի: Այսինքն՝ Քոչարյանից Սարգսյանը ստացել է 412 մլն դոլարի ռազմական բյուջե, իսկ Փաշինյանին փոխանցել 512 մլն-ոց բյուջե: Տարբերությունը 100 մլն է, իսկ Արմեն Գրիգորյանը նշում է դրա ընդամենը կեսը՝ 50 մլն: Առնվազն ազնիվ չէ, ավելին՝ ԱԽՔ-ի ասածը կեղծ տվյալ է:
Նույնիսկ եթե 2008 եւ 2018 թթ. բյուջեներում համեմատենք ոչ թե «պաշտպանություն» տողով նախատեսված հատկացումները, այլ բացառապես ՊՆ-ին հատկացվելիք միջոցները, ապա տարբերությունը կլինի շուրջ 95 մլն դոլար, ինչը նորից գրեթե կրկնակի մեծ է Գրիգորյանի հայտարարածից:
Ինչպես նշեցինք, 2018 թ. իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի թիմը ստացել է 512.075.766 դոլարի ռազմական բյուջե: Ավելի կոնկրետ՝ «պաշտպանություն» տողով նախատեսված էր հատկացնել այդքան գումար, իսկ զուտ ՊՆ-ին հատկացվելիքը եղել է 506.452.438 դոլար կամ 245.173.625.400 դրամ:
Ա. Գրիգորյանը հայտարարել է, որ իշխանության գալուց 7 ամիս հետո իրենք ռազմական բյուջեն ավելացրել են 200 մլն դոլարով:
2018 թ. տարեվերջին, երբ ԱԺ-ում դեռեւս մեծամասնություն էր ՀՀԿ-ն, խորհրդարանը ընդունել է Փաշինյանի կառավարության ներկայացրած պետբյուջեն 2019-ի համար: Դրանում ՊՆ-ին հատկացումները կազմել են 639.355.805 դոլար կամ 309.288.370.900 դրամ: Այսինքն՝ եթե Սերժ Սարգսյանի օրոք վերջին անգամ նախատեսվել էր ՊՆ-ին հատկացնել 506 մլն դոլար, ապա Փաշինյանի օրոք առաջին անգամ այդ թիվը դարձել է 639 մլն: Տարբերությունը 133 մլն դոլար է եւ ոչ թե 200 մլն, ինչպես հայտարարել է ԱԽ քարտուղարը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել