HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կյանքից հեռացել է հայագետ պրոֆեսոր Վայտենբերգը

Խոր վշտով տեղեկացնում եմ, որ ս.թ. ապրիլի 14-ին վախճանվեց հոլանդացի նշանավոր հայերենագետ, Լեյդենի համալսարանի պրոֆ. Վայտենբերգը – Prof. dr. Joseph Johannes Sicco Weitenberg (ծնվ. 1943 թ., օգ. 5, Groningen):

Ուսանելով դասական լեզվաբանություն և համեմատական հնդեվրոպական լեզվաբանություն` պրոֆ. Վայտենբերգը նախ կենտրոնացել է խեթագիտության վրա: Նրա դոկտորական ատենախոսությունը, որ նվիրված է խեթերենի ու-հիմքով գոյականների ուսումնասիրությանը, պաշտպանվեց 1984-ին Ամստերդամի համալսարանում (ղեկավար` պրոֆ. Houwink ten Cate, երկրորդ ղեկավար` Robert Beekes): Այն հրատարակվեց նույն թվականին. “Die hethitischenU-stämme”, Amsterdam, “Rodopi”, 1984):

Հետաքրքիր է, որ իր ատենախոսության ներդիրի տասը դրույթներից չորսը Վայտենբերգը նվիրել է հայերենին: Սա վկայում է այն մասին, որ դեռևս այդ տարիներին արդեն սկսել էր ձևավորվել նրա առանձնահատուկ վերաբերմունքը դեպի հայոց լեզուն:

Այնուհետև Վայտենբերգը իր մասնագիտական կիզակետը տեղափոխեց հայերենագիտություն, որին էլ հավատարիմ մնաց մինչև իր կյանքի վերջը: Նա դարձավ Լեյդենի համալսարանի հայոց լեզվի ամբիոնի առաջին և վերջին ղեկավարը: Նրա ինավգուրալ դասախոսությունը (1996 թ., հունվ. 12) կոչվում էր “Een leerstoel in den vreemde” («Ամբիոն օտարության մեջ»):

Դժվար է գերագնահատել պրոֆ. Վայտենբերգի ավանդը հայերենագիտության մեջ: Նա գրել է մի շարք մենագրություններ ու բազմաթիվ հոդվածներ, կազմակերպել է գիտաժողովներ, բազմաթիվ մարդկանց հսկայածավալ գործունեությունը կենտրոնացնելով` ստեղծել է իր հայագիտական նշանավոր բազան` Leiden Armenian lexical textbase (LALT): Նրա մի շարք ուսումնասիրություններ և նախաձեռնություններ արդյունք են բեղմնավոր համագործակցության` բազմաթիվ հայագետների հետ, ինչպիսիք են Պաուլ Յունգմանը, Մայքլ Սթոունը, Ուվե Բլեզինգը, Թեո Վան Լինտը, Էռնա Շիրինյանը, Գայանե Գևորգյանը ևք: Նա ակտիվորեն մասնակցում էր հոլանդահայ համայնքի մշակութային կյանքին ու հայոց ճակատագրի անկաշառ թարգմանն էր Հոլանդիայում:

Որպես վերին աստիճանի բարեխիղճ գիտնական` պրոֆ. Վայտենբերգը պատշաճ բծախնդրությամբ քննում էր հայերենի լեզվական իրողությունները գրաբար – միջին հայերեն – բարբառներ կոնտինուումի տարածաժամանակային հենքի վրա: Անցնելով թոշակի (հրաժեշտի դասախոսությունը` «Wetenschap, canons en Armeense woordenlijstjes», 2009 թ. հունվ. 22)` նա ամբողջությամբ տրվեց իր կարևորագույն առաքելությանը` «Հայոց լեզվի պատմություն» աշխատությանը, որը, ցավոք, մնաց անավարտ:

Վայտենբերգը նաև հրաշալի մարդ էր, հոգատար ամուսին ու հայր, բարեխիղճ մանկավարժ: Նրա ղեկավարությամբ PhD ատենախոսություններ են գրվել և հաջողությամբ պաշտպանվել ինչպես խեթագիտության (Աննա Պրինս, Ալվին Կլուկհորստ), այնպես էլ հայագիտության (Թեո Վան Լինտ և նվաստս` Հրաչ Մարտիրոսյանը) ասպարեզներում: Առանձնահատուկ ու տխուր հպարտությամբ ուզում եմ ընդգծել, որ ես եղել եմ նրա ոչ միայն վերջին PhD ուսանողը, այլև միակը, որ մասնագիտացել է անմիջականորեն նրա ամենաառաջնային գիտական բնագավառում` հայերենագիտության մեջ: Ես անսահման երախտապարտ եմ նրա բարեխղճության, մարդկային վերաբերմունքի և անսահման համբերության համար:

Հրաչ Մարտիրոսյան, 17.04.2012, Լեյդեն

Հայկական գիտական համագործակցությունը միանում է ցավակցական ուղերձին։ 

Ի գիտություն` հուղարկավորությունը տեղի կունենա ուրբաթ օրը` ապրիլի 20-ին, ժ. 10.30 – Kerkelijk Centrum De Regenbogen, Watermolen 1, 2317 ST Leiden:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter