HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Մեզ պետք ա, որ սահմանները պինդ լինեն, դհոլ-զուռնով ճանապարհենք մեր տղերքին, նույն ձևով էլ հետ ընդունենք»

Կեսօրյա շոգ է: Արմավիրի մարզի Այգեշատ համայնքի մի խումբ տղամարդիկ դաշտից եկել ու նարդի էին խաղում գյուղի կենտրոնում՝ ծառերի տակ: Ինչպես այս օրերին բոլորը, նրանք էլ խոսում էին քաղաքականությունից:

- Ի՞նչն է ձեզ անհանգստացնում,-հետաքրքրվեցինք հավաքվածներից:

-Դու չգիտե՞ս, թե ինչը… անվտանգությունը, դրանից կարևոր բան կա՞,-ասաց Արամոն: Նա ազգանունը չհայտնեց, կողքից նշեցին, թե չինովնիկ չի, որ անուն-ազգանունով ներկայանա:

Արամոն խոսքը դեռ չէր ավարտել, համագյուղացիներից Սուրիկ Եղիազարյանը լրացրեց նրա կիսատ նախադասությունը: 

«Երկու օր առաջ Գորիսի Խնձորեսկ բնակավայր թաղում էի գնացել: Եթե ադրբեջանցիները լավ քարով խփող լինեին, քարերով կխփեին մեր գլխին: Բա սա անհանգստություն չի՞»,-ասաց Ս. Եղիազարյանը:

Մյուսները լուռ լսում են, թե ինչպես են Արամոն ու Սուրիկ Եղիազարյանը միմյանց լրացնելով խոսում երկրի վիճակից: Ասացին, թե հիմնական զրուցակիցները գյուղի ընդհանրական տեսակետն են ներկայացնում: Ամեն օր նույն թեմաներով են խոսում, գիտեն՝ ով ինչ է մտածում:

«26 կուսակցություն մասնակցում ա ընտրություններին, մենք, որ ուզենանք բոլորի հետ ծանոթանանք, մինչև ընտրություններ չենք հասցնի: Հիմա էս խեղճ գյուղացին, որ արևի տակից եկել նստել ա, որ մի 2 րոպե հանգստանա, ի՞նչ անի, ու՞մ ընտրի: Ես գյուղացի եմ՝ արարող, ստեղծող: Իմ պարտքն ա, որ ես հայրենիքը պահեմ իմ ստեղծածով, իրանց պարտքն ա՝ երկիրը ոտքի հանեն: Իրանք չգիտե՞ն, թե 26-ից ով կարա երկիրն էս վիճակից հանի, լավ էլ գիտեն, բայց չէ, իրար են գզում՝ զիբիլի մարդ ա ասում, մյուսը խոզ ա ասում: Երկիրը կործանվում ա, դրել իրար են գզում»,-բորբոքվեց Սուրիկ Եղիազարյանը:

Մի պահ զրույցը թեժացավ: Արամոն նշեց, թե պետությունն այնքան ամուր հիմք պետք է ունենա, որ գյուղացին, արտադրող մարդն իր գործը չթողի ու զբաղվի քաղաքականությամբ: Նշեց, որ ընդամենը 3 բան է պետք երկիրը կարգի բերելու, մարդկանց ինքնավստահությունն ու հավատը վերականգնելու համար՝ ամուր բանակ ու պաշտպանված սահմաններ, սկզբունքային պաշտպանության նախարարություն և մարդասեր կառավարություն:

Սուրիկ Եղիազարյանը նշեց, որ փրկության հույսը կորցրեց, երբ տեսավ, որ 26 քաղաքական ուժ աթոռակռիվ է տալիս: Գյուղացիները չգիտեին էլ, որ քաղաքական ուժերից մեկը՝ «Հայոց Արծիվները», դուրս է եկել ընտրապայքարից:

«Ով էլ ընտրվի, էս երկիրը չի կարա փրկի, 26 կուսակցություն քաշում ա իրա կողմը, ի՞նչ փրկվելու մասին ա խոսքը: Հիմա կողքից պետությունները նայում են մեզ ու ծիծաղում են, ասում են՝ արա, 800 հազար ընտրող ունեն, 700 հազարը թեկնածու են, ցնդել են լրիվ»,-նշեց Ս. Եղիազարյանը:

Զրուցակցիս զայրացրել էր հատկապես քարոզչական պաստառների առատությունը: Ասաց, որ Գորիսի ամբողջ ճանապարհին պաստառներ են փակցված՝ «էլ օվալաձև, էլ կլոր ու քառակուսի, էլ ձվաձև ու եռանկյունի»:

«Փողը ուրիշ տեղ չէին կարա ծախսեի՞ն, բանակի հարցերը լրիվ կարգավորել ենք, փողն էլ ավելացել ա, հա՞»,-զայրացավ հավաքվածներից Գարուշը:

Այգեշատցիները, թեև դժգոհ են գյուղացու ներկայիս սոցիալական վիճակից, սակայն ոչ մի սոցիալական թեմա չեն շոշափում: Արամոն անմիջապես կանխում է հարցերս՝ թեման սոցիալ-տնտեսականից տեղափոխելով անվտանգություն ու բանակ:

«90-ականներին լույս ու գազ չկար, բայց ապրեցինք, հո չմեռա՞նք: Հիմա ու՞մ ա պետք լույսով, գազով, ռեմոնտ արած տան մեջ ապրելը, որ չգիտեմ՝ դուռս ծեծողն ով ա: Ուրախ չեմ, չգիտեմ՝ երեխա բանակ ուղարկեմ ի՞նչ ա լինելու: Մեզ պետք ա, որ սահմանները պինդ լինեն, դհոլ-զուռնով ճանապարհենք մեր տղերքին, նույն ձևով էլ հետ ընդունենք: Ասենք՝ մի քանի կոպեկ փող ավելացրին, 10 օրվա կեր էլ տվեցին, կերանք, բա հետո՞: Մենակ ուտելու՞ համար ենք, բա մեր արժանապատվությունը, մեր հպարտությունը»,-ասում է Արամոն:

Հավաքվածները դժգոհում են երկրում տիրող ատելության մթնոլորտից: Սուրիկը 10 րոպեից ավելի չի կարողանում հեռուստացույց դիտել, լրատվությանը հետևել.  «Էդ որ զիբիլ եք իրար ասում, նույն ազգը չե՞նք, թե ուրիշ ազգի մասին են խոսում, մենք չենք հասկանում»: 

Զրույցի ընթացքում գյուղամիջում հավաքվածները հերթով հեռանում են՝ դաշտում գործը սպասում է։ Մեկը ոռոգման է շտապում, մյուսը տրակտորի հետևից է գնում:  «Եկար մեզ ներվայնացրիր, գնացիր, հիմա ո՞նց ենք դաշտ գնալու»,- հրաժեշտին ասացին նրանք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter