
Էդմոն Մարուքյան. «Քաղաքական գործիչները պետք է մնան խորհրդարանում, իսկ պրոֆեսիոնալները գնան կառավարություն»
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսօր քարոզարշավն անցկացնում էր Գեղարքունիքի մարզում: Կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ կուսակցականները եղել են Մարտունի, Գավառ, Վարդենիս և այլ համայնքներում:
Գավառում քաղաքացիներից մեկը եկել էր «Լուսավոր Հայաստանի» հավաքին և հայտարարում էր, թե հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին այլ թեկնածուի օգտին է քվեարկելու: Էդմոն Մարուքյանը նշեց, թե սա նույնպես ատելության քարոզի, չարության հետևանք է:
«Այ քեզ բան, սա ի՞նչ ձև ա: Սա որերորդ անգամ է տեղի ունենում, մի անգամ չի: Մեկ էլ մեկը հայտնվում է ու ասում՝ պետք է սաղ ընտրեն այսինչին: Եղբայր, դու ընտրում ես, գնա ընտրի, էս ի՞նչ ձևեր ա, չեմ հասկանում»,-ասաց Էդմոն Մարուքյանը:
Կուսակցության նախագահի խոսքով՝ սա գալիս է ղեկավարության վարքագծից: Ըստ նրա, եթե ղեկավարն անդուրություն է քարոզում, հետևորդներն էլ իրենց անդուրի պես են պահում:
«Հունիսի 21-ին սրանք ժողովրդին տանելու են բախումների: Ես պետք է այլ ձևով սկսեի իմ խոսքը, բայց սա էլ առիթ դարձավ, որ բևեռացումը, ծայրահեղությունը մեզ ոչ մի լավ բան չի տալու: Այս ծայրահեղ պայմաններում բանա՞կն ենք վերականգնելու, տնտեսությո՞ւնը, թե՞ ինչն ենք շտկելու»,-հարցրեց Է. Մարուքյանը՝ հավելելով, որ շատ լավ ծրագիր են ներկայացրել, բայց անհնար է այդ ծրագիրն իրականացնել այս պայմաններում:
Մարուքյանի խոսքով՝ իրենք այցելել են Գավառ համերաշխության օրակարգով: Նա ևս մեկ անգամ նշեց, որ հունիսի 21-ից հետո Հայաստանում պետք է ձևավորվի միասնական կառավարություն՝ ընդդեմ մարտահրավերների, որոնք ավելի մեծ են, քան մեր հնարավորությունները:
ԼՀԿ-ն մի կողմ է դրել բոլոր տարաձայնություններն այլ քաղաքական ուժերի հետ և կոչ է անում համախմբվել, իրականացնել բոլոր լավ ծրագրերը:
Էդմոն Մարուքյանն ասաց, որ ըստ իրենց պատկերացումների՝քաղաքական գործիչները պետք է մնան խորհրդարանում, իսկ պրոֆեսիոնալները գնան կառավարություն: Հենց այդ պրոֆեսիոնալ մարդկանց կառավարությունն էլ երկիրը դուրս կբերի վատ վիճակից:
«Եթե մարդիկ գնում քվեարկում են ատելություն քարոզող ուժերին, նրանք շարունակելու են մեզ միմյանց դեմ կռվացնել: Շարունակելու են մեզ տրամադրել իրար դեմ, եղբորը՝ եղբոր, քրոջը՝ քրոջ, հորը՝ մոր դեմ, բոլորին իրար դեմ են հանել»,-հավելեց Էդմոն Մարուքյանը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահը նշեց, որ թշնամին մտել է մեր երկրի սուվերեն տարածք ու այդ պայմաններում երկրի ներսում դավաճաններ են փնտրում, շարունակում են իրար կոկորդ կրծելու հռետորաբանությունը:
«Մենք ձեզ կոչ ենք անում չդառնալ ատելության մաս: Ջուր չլցնել ատելության, բաժանման, իրար դեմ հանելու ջրաղացին: Աջակցեք համերաշխության արշավին, աջակցեք միասնականությանը, հաշտությանը: Մեզ պետք է բոլորին բերել մի դաշտ՝ հաշտեցման: Մինչև ժողովուրդը չլինի միասնական, իրար հետ հաշտ, գլուխ գլխի չտա, այն պրոբլեմները, որ ունենք, չենք կարողանա լուծել, ով ինչ ուզում է ասի»,-դիմելով գավառցիներին՝ ասաց Էդմոն Մարուքյանը:
Ելույթի ավարտին Մարուքյանը նշեց, որ սա սովորական ընտրություն չէ, արտահերթ ընտրություն է, ինչը լավ օրից չէ, որ կազմակերպվում է, հետևաբար պետք է գիտակցաբար մոտենալ և ճիշտ ընտրություն կատարել՝ հանուն Հայաստանի Հանրապետության:
Լուսանկարները՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել