HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով կեղծ փողերի ապօրինի շրջանառության դեպք

Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները բացահայտել են մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով կեղծ փողեր պահելու և իրացնելու դեպք: Այս մասին հայտնում է ԱԱԾ մամուլի կենտրոնը։

Քննչական գործողությունների կատարման արդյունքում պարզվել է, որ եղբայրներ Գ. Ա.-ն և Ղ. Ա.-ն,  նրանց ազգական Հ. Ի.-ն դեռևս չպարզված հանգամանքներում, իրացնելու նպատակով, ձեռք են բերել և պահել առանձնապես խոշոր չափերով` 5 մլն 250 հազար դրամին համարժեք 201 հատ 50 ԱՄՆ դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամներից բաղկացած 10 050 ԱՄՆ դոլար: Այնուհետև նախապես միմյանց միջև կատարելով գործողությունների դերաբաշխում, քողարկված բնույթի հեռախոսազրույցների, ինչպես նաև հանդիպումների միջոցով իրար հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ նշված կեղծ փողերից 181 հատ 50 ԱՄՆ դոլար անվանական արժեքով թղթադրամներից բաղկացած 9 050 ԱՄՆ դոլարը 2021 թվականի մայիսի 10-ին Ղ. Ա.-ի միջոցով իրացրել են առևտրային բանկերից մեկի բանկոմատում` այն փոխարկելով համարժեք ՀՀ դրամի, իսկ 522 հազար դրամին համարժեք՝ 20 հատ 50 ԱՄՆ դոլար անվանական արժեքով թղթադրամներից բաղկացած 1 000 ԱՄՆ դոլարը 2021 թվականի մայիս  ամսվա ընթացքում Գ. Ա.-ի միջոցով Երևան քաղաքում հանձնել են Լ. Կ.-ին, որպիսի գործողություններով խաթարվել է ՀՀ ֆինանսական համակարգի բնականոն գործունեությունը:

Կեղծ փողեր պահելու և իրացնելու կասկածանքով Գ. Ա.-ն, Ղ. Ա.-ն և Հ. Ի.-ն բերման են ենթարկվել ԱԱԾ քննչական դեպարտամենտ, որտեղ քննվող քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքով ձերբակալվել են: Նրանցից երկուսին կալանավորելու վերաբերյալ դատարան ներկայացված միջնորդությունները բավարարվել են:

Ըստ հաղորդագրության՝ իրեղեն ապացույց հանդիսացող 181 հատ 50 ԱՄՆ դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամները հայտնաբերվել և ուղարկվել են փորձաքննության, ձեռնարկվում են դատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև կեղծ փողերի ապօրինի շրջանառության սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter