
Թուրքիան Շուշիում նախատեսում է բացել գլխավոր հյուպատոսություն
Թուրքիան Շուշիում նախատեսում է բացել գլխավոր հյուպատոսություն։ Այդ մասին Շուշիում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Այսօր մենք ստորագրել ենք համաձայնագիր, որն ունի պատմական նշանակություն, և էլ ավելի կխորացնի մեր հարաբերությունները։ Շուտով մենք նախատեսում ենք Շուշիում գլխավոր հյուպատոսություն բացել»,- նշել է նա։
Էրդողանը կոչ է արել ակտիվացնել վեցակողմ ֆորմատով Ղարաբաղի վերականգնման աշխատանքները։ «Դուք գիտեք, որ մենք առաջարկել են աշխատել վեցակողմ հարթակում՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի և Իրանի մասնակցությամբ։ Դրա հիմքի վրա մենք ցանկանում ենք տարածաշրջանը բարգավաճ դարձնել։ Մենք նախագահ Ալիևի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունենք համապատասխան վճռականություն»,- հայտարարել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ հունիսի 15-ի Շուշի է այցելել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Էրդողանին Ֆիզուլիի շրջանում (Վարանդա, խմբ․) դիմավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ «գրվում է Կովկասի պատմության նոր էջը»։
«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո մենք գնում ենք Շուշա՝ Ադրբեջանի պատմական և մշակութային կենտրոն։ Այս այցն ավելի կամրապնդի և կխորացնի թուրք-ադրբեջանական հարաբերությունները։ Գրվում է Կովկասի պատմության նոր էջը»,- գրել է Քալընը։
Լուսանկարը՝ trend.az-ի
Մեկնաբանել