HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». գիտական դրամաշնորհնե՞րն էլ հարկվեն

Մի խայտառակ հիմնախնդիր է առաջացել, ու սկանդալ է հասունանում` կապված Աշտարակում գտնվող ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտին Եվրամիության հատկացրած 500000 եվրո գիտական դրամաշնորհի հետ: Այդ ինստիտուտի ղեկավարությանն ասել են, որ հատկացված գումարի 30-40%-ը ենթակա է հարկման: Նույնիսկ հատկացված ֆինանսավորման 30%-ի (150000 եվրո) հարկման դեպքում ինստիտուտը, որը դրամաշնորհային ծրագրով գլխամասային է ճանաչվել, չի կարողանալու նույն ծրագրով նախատեսված գումարները փոխանցել Գերմանիայի, Ֆրանսիայի, Անգլիայի իր գործընկերներին, իսկ եթե փոխանցի գումարի այն մասից, որն իր համար է նախատեսված, ստիպված է լինելու տապալել իր կատարելիք գիտահետազոտական աշխատանքները և, ի վերջո, ամբողջ ծրագիրը: Աշտարակում գտնվող Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտն իր աշխատանքային արդյունքներով, տարբեր ցուցանիշներով ՀՀ ԳԱ ակադեմիայի համակարգում լավագույններից մեկն է: Այստեղ առանձնապես զարգացած են լազերային ֆիզիկան, քվանտային ֆիզիկան, բյուրեղների ֆիզիկան, նոր նյութերի ստացման, գերհաղորդականության հետ կապված հետազոտությունները և այլ ուղղություններ:

-Ինստիտուտի հաջողությունների վկայություններից մեկն այն է, որ Եվրոպական միությունը 3-4 ամիս առաջ հատուկ դրամաշնորհ հատկացրեց` կես միլիոն եվրո Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը եվրոպական համակարգին ամբողջովին ինտեգրելու համար,- օրերս մեզ հետ զրույցում ասաց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանը:- Սա արդեն բացառիկ ցուցանիշ է, աննախադեպ երևույթ:

Հիշյալ ինստիտուտը կատարում և ի վիճակի է կատարել այնպիսի գիտական հետազոտություններ, որոնք խիստ ցանկալի են Եվրամիության համար: Ցավալի է, առնվազն պետք է ափսոսալ, որ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի հմնարավորությունները գործնականում չեն գնահատել և օգտագործել մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի կամ նրա մասնակցությամբ գործող համապատասխան կազմակերպությունները: Ի՞նչ վատ կլինի, օրինակ, ՀԱՊԿ շրջանակում գիտական դրամաշնորհներ սահմանել` նկատի ունենալով վերոնշյալ և հայաստանյան այլ գիտհաստատությունների առկա կամ ակնկալվող ձեռքբերումների կիրառման հնարավորությունը պաշտպանության ոլորտում:

Նշենք նաև, որ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը հիշյալ դրամաշնորհային ծրագրով նախատեսված համագործակցության մեջ, որում ընդգրկված են մեկ համալսարան Գերմանիայից, երկու համալսարան Ֆրանսիայից և մեկ կազմակերպություն Անգլիայից, գլխամասային է: Հենց այդ հանգամանքը հաշվի առնելով էլ ինստիտուտի հաշվեհամարին կատարված փոխանցմամբ նրան է հատկացվել ծրագրով նախատեսված ողջ գումարը: Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտն այդ գումարի մի փոքր մասն առաջիկայում պետք է տա ծրագրի իր գործընկերներին:

Սակայն մի խայտառակ հիմնախնդիր է առաջացել. Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտին ասել են, որ այդ գումարի 30-40%-ը ենթակա է հարկման: Նույնիսկ հատկացված ֆինանսավորման 30%-ի (150000 եվրո) հարկման դեպքում ինստիտուտը չի կարողանալ ծրագրով նախատեսված գումարները փոխանցել իր գործընկերներին, իսկ եթե փոխանցի գումարի այն մասից, որն իր համար է նախատեսված, ստիպված կլինի տապալել իր կողմից կատարվելիք գիտահետազոտական աշխատանքները և, ի վերջո, ամբողջ ծրագիրը: Մինչդեռ նույն ծրագրի հաջող ընթացքի դեպքում Եվրամիությունը, ըստ մեր ստացած տեղեկությունների, պատրաստակամ է հաջորդ և հետագա մի քանի տարում ծրագրի ֆինանսավորումն ավելացնել 500000-ական եվրոյով:

Հիշյալ հիմնախնդրի մասին նույնիսկ մի քանի անգամ զեկուցվել է նաև ՀՀ վարչապետին և նախագահին, բայց գործնականում դրական տեղաշարժ դեռ չկա, քանի որ ինստիտուտը հարկը կամ հարկերը կարող է չվճարել միայն այդ` թեկուզև խայտառակ, բայց ՀՀ հարկային օրենսդրությամբ ամրագրված պահանջի խախտմամբ: Ամբողջ քաղաքակիրթ աշխարհում գիտական դրամաշնորհները հարկման ենթակա չեն: Ընդհակառակը` պետությունը հնարավոր ամեն ինչ անում է, որպեսզի նպաստավոր պայմաններ ստեղծի արտերկրից գիտության ոլորտում ֆինանսական միջոցներ ներգրավելու համար: Բայց դե` մերն ուրիշ է...

Անհրաժեշտ է օրենսդրական փոփոխություններով և լրացումներով հնարավորինս շուտ վերացնել գիտական դրամաշնորհների հարկումը: Դժվար չէ հասկանալ, որ դրամաշնորհ հատկացնելուց հետո այսպիսի, մեղմ ասած, անախորժությունների հանդիպելով` շատ քիչ երկրներ կամ կազմակերպություններ կցանկանան հայաստանյան այս կամ այն գիտհաստատությանը դրամաշնորհ հատկացնել, քանի որ դրանով միաժամանակ հարկադրված են լինելու գումար հատկացնել նաև ՀՀ պետբյուջեին, ինչն իրենց ծրագրերի և նպատակների մեջ բնավ չի մտնում: Հայաստանի կառավարությունը բյուջեի մուտքերի ապահովման հարցում գիտական դրամաշնորհների հարկումից պետք է հրաժարվի, աչք չտնկի այդ գումարներին, իսկ անհրաժեշտ գումարները (մեկ անգամ էլ ճանապարհը ցույց տանք) պետք է ձեռք բերի հիմնականում հանքարդյունաբերությունից, Հայաստանում առկա ահռելի ստվերը կրճատելու հաշվին, ինչպես նաև երկրի կիսամեռ արդյունաբերությունը ոտքի կանգնեցնելով:

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter