
«Հովանավորչությունը, մենաշնորհները բերել են 0 մակարդակի». Խ. Սուքիասյանը մանրամասնեց, թե ինչու է միացել ՔՊ-ին
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի անդամ, գործարար Խաչատուր Սուքիասյանը Կապանում հրավիրված հանրահավաքին մանրամասնեց, թե ինչու է միացել այս թիմին:
«Իրենք 3 տարի աշխատել են, ես այդ աշխատանքը տեսել եմ, եղել են սկզբունքային, ազնիվ, ամեն ինչ արել են հանուն Հայաստանի ուժեղացման ու զարգացման: Հովանավորչությունը, մենաշնորհները բերել են 0 մակարդակի, կաշառակերություն չկա, մարդիկ անում են ամեն ինչ, որ ժողովուրդը լավ ապրի, Հայաստանը հզորանա, մրցունակ երկիր դառնա»,- պնդեց Սուքիասյանը:
Ըստ նրա` Հայաստանը 25 տարի շարունակ մրցունակ երկիր չի եղել, երկիրը կեղեքվել ու թալանվել է: Սուքիասյանն ասաց` վստահում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սկզբունքներին, գաղափարին ու տեսլականին, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանը: Սուքիասյանի համոզմամբ` գործող իշխանությունը տնտեսության ազատականացում է ապահովել, ինչի շնորհիվ փոքր ու միջին բիզնեսը զարգանում է:
«Հավատացած եղեք, որ վերջին 15-20 տարիներին ընդունած օրենքներն ընդունվել են կամ գերատեսչական կամ մի խումբ մարդկանց շահով, այդ օրենքները պետք է բերվեն այն վիճակին, որ նպաստեն բիզնեսի զարգացմանը: Ես կարծում եմ՝ 1-2 տարվա մեջ շատ մեծ էլեկտրոնային կառավարման համակարգ կլինի, որ ամեն ինչ շատ արագացած լինի»,-ասաց նա:
Սուքիասյանը վստահեցրեց` ինքը ևս կանգնած է ՔՊ-ի սկզբունքների, ծրագրերի կողքին, նաև պատասխանատվություն է կրելու այդ ծրագրերի իրականացման համար, որ դրանք կյանքի կոչվեն և շարունակական լինեն:
Մեկնաբանել