HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրապետության հրապարակում տեղի ունեցած անկարգությունները կքննվեն վաղը

Վաղը' ժամը 16.30-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գ.Խանդանյանի նախագահությամբ, տեղի կունենա ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի, Լարիսա Ալավերդյանի, Անահիտ Բախշյանի, Արմեն Մարտիրոսյանի, Ստյոպա Սաֆարյանի, ինչպես նաև Սեդա Մելիքյանի, Դավիթ Սանասարյանի և Արամ Ենոքյանի' 2011թ. մարտի 9-ի հաղորդումը հանցագործության մասին անհետևանք թողնելու, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181 հոդվածով նախատեսված որոշումներից մեկը, մասնավորապես' քրեական գործ հարուցելու մասին որոշում ընդունելուց հրաժարվելու վերաբերյալ բողոքի քննությունը:

«Խոսքը վերաբերում է մարտի 3-ին Երևանի Հանրապետության հրապարակում բողոքի գործողության ժամանակ ոստիկանների կողմից «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների և մի խումբ քաղաքացիների հանդեպ ապօրինի գործողություններին, ինչի վերաբերյալ պատգամավորների և քաղաքացիների կողմից Հատուկ քննչական ծառայություն ներկայացված հաղորդումը հանցագործության մասին մինչ օրս մնացել է անհետևանք»,- նշվում է կուսակցության տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

Խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին և Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին այսօր նաև ներկայացրել է հաղորդում հանցագործության մասին, որը վերաբերում է մարտի 4-ին ՀՔԾ քննիչ Կ. Թորոսյանի այն որոշմանը, որում մասնավորապես նշված է, որ Զարուհի Փոստանջյանը մարտի 3-ին Հանրապետության հրապարակում, դրսևորելով անհարգալից վերաբերմունք ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, քաշել և պոկել է ոստիկանության լեյտենանտ Արտյոմ Հակոբյանի ուսադիրները: Պատգամավորը սա համարում է սուտ մատնության փաստ և պահանջում է անհապաղ քրեական գործ հարուցել փաստի առթիվ:

«Հատկանշական է, որ ՀՔԾ քննիչ Կ. Թորոսյանի որոշումը հայտնի դարձավ այն ժամանակ, երբ վերոնշյալ դատական նիստի նախապատրաստական փուլում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը դիմել էր գործի վերաբերյալ նյութերի պատճեններին ծանոթանալու պահանջով: Եվ քննիչի նշյալ որոշումը նույնպես եղել է այդ նյութերում: Ենթադրելի է, որ դատաքննության ընթացքում նոր ու հետաքրքրաշարժ հանգամանքներ դեռ էլի ի հայտ կգան»,- հայտնում է «Ժառանգությունը»:

Լուսանկարը` heritage.am կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter