HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

«Հայփոստի» սակագների բարձրացումը փոքր ու միջին տնտեսվարողների համար ոչ շահավետ է դարձրել արտահանումը

2021 թվականի հունվարի 1-ից «Հայփոստ» ՓԲԸ-ն մի շարք ուղղություններով զգալի` մինչև 3-4 անգամ, բարձրացրել է միջազգային առաքման սակագները: Հայաստանից ԱՄՆ, Եվրոպա, Կանադա և այլ ուղղություններով առաքումների  թանկացումն օնլայն առևտրով զբաղվող բազմաթիվ փոքր ու միջին ընկերությունների փաստի առաջ է կանգնեցրել։ Տնտեսվարողները փորձում են ելքեր գտնել առաքման այլ ծառայություններից օգտվելու և համակարգում փոփոխություններ կատարելու համար։

Գործարար Ազատ Թովմասյանի «ERA Technologies SPY» ընկերությունը 2017 թվականից արտադրում է խելացի դրամապանակներ՝ Volterman անունով: Դրանք մեծ մասամբ սպառվում են արտերկրում՝ օնլայն պատվերների միջոցով։

Մինչև 2021 թվականի սկզիբը գործընթացը հեշտ և մատչելի կազմակերպվել է ազգային փոստային օպերատորի՝ «Հայփոստի» միջոցով: Յուրաքանչյուր դրամապանակի համար, որն արդեն փաթեթավորված կշռում է 300 գրամ, ընկերությունը «Հայփոստին» վճարել է 3150 դրամ, և դրամապանակը մինչև մեկ ամսում հասել է գնորդին՝ ԱՄՆ, Կանադա ու այլ երկրներ: Սակայն, այս տարվա հունվարին հերթական խմբաքանակը գնորդներին ուղարկելու համար «Հայփոստի» բաժանմունքում Volterman-ը ստեղծողներին տեղեկացրել են, որ մեկ դրամապանակի համար հարկավոր է վճարել ոչ թե 3150 դրամ, այլ՝ մոտ 10 000 դրամ: Առաքումը երեք անգամ թանկացել է:  

Ազատ Թովմասյանի ընկերությունը միակը չէ, որ անակնկալ կերպով է տեղեկացել «Հայփոստի» ծառայությունների սակագների բարձրացումների մասին։

Դրանք հիմնականում այն ընկերություններն են, որոնք օնլայն հարթակներում հայկական ապրանքները վաճառում են արտասահմանցիներին և արտահանումը կազմակերպում են «Հայփոստի» միջոցով։ Սակայն, վերջին թանկացումներից հետո առաքման գները մինչև 3-4 անգամ բարձրացել են, ու  բազմաթիվ տնտեսվարողների համար ապրանքներն արտադրելն ու արտահանելը դարձել է ոչ շահավետ։

Առաքման այլ ծառայություններից օգտվելն էլ ավելի թանկ ու ժամանակատար է: Արդյունքում շատ տնտեսվարողներ ունեն պատվերներ, ապրանքն արտադրված է, բայց այն առաքելը դարձել է ոչ ձեռնտու։

«Մեզ չեն տեղեկացրել այդ թանկացումների մասին: Թանկացումից հետո էլ «Հայփոստի» հետ կապված այլ խնդիրներ են առաջացել: Ծառայությունների որակի կտրուկ անկում է նկատվում: Մենք դեկտեմբերից 18 կտոր բեռ ունենք, որ «Հայփոստի» միջոցով ուղարկել ենք Կանադա, բայց մինչև այսօր տեղ չի հասել: «Հայփոստը» ոչ դրանք կորցրած է ճանաչում, ոչ էլ՝ տեղ է հասցնում: Եթե մեզ գրավոր պատասխանեն, որ բեռը կորել է, մենք կարող ենք մեր հաճախորդներին էլ տեղյակ պահել ու նորը ուղարկել: Իսկ երբ ուշացնում ենք, գնորդները մեծ աղմուկ են հանում: Մարդիկ էլ ասում են՝ մեզ գումարը պետք չի, ապրանքն է պետք: Որևէ նորմալ բացատրություն չկա»,- «Հետքի» հետ զրույցում պատմում է Ազատ Թովմասյանը:

Նախկինում գործարարները հանդիպումներ են ունեցել «Հայփոստի» հետ, ելքեր ենք առաջարկել: «Հայփոստը» պահեստներ ունի Պրահայում, Գլենդելում և այլ տեղերում: Առաջարկվել է մեծաքանակ բեռներ տանել ու պահեստավորել: «Մենք էլ այստեղից ամեն գնորդի պատվերի ժամանակ տեղյակ պահենք, այնտեղից առաքեն: Բայց չեն ուզում անել: Չգիտեմ՝ ինչն է պատճառը»,- ասում է Ազատ Թովմասյանը:

«Հայփոստն» իրականացնում է ներհանրապետական ու միջազգային փոստային առաքումներ: Միջազգային առաքումների սակագները որոշվում են ըստ համարակալված 9 զոնաների:

Օրինակ՝ Զոնա 1-ում Եվրամիության երկրներն են, Զոնա 2-ում՝ ԱՄՆ-ն ու Կանադան են, Զոնա 3-ում՝ Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներ, ինչպես Կորեան, Հոնկոնգը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Ճապոնիան և այլն: Եվ ամեն մի ուղղության համար սահմանված են առաքման տարբեր սակագներ: Թանկացումներից հետո փոքր ու միջին բիզնեսը դժգոհում է, որ արտահանումը խրախուսող գներ սահմանելու փոխարեն բիզնեսի համար մեծ խոչընդոտներ է ստեղծվում:

Volterman-ի արտահանումը միայն մեկ օրինակ է, թե ինչ խնդիրների առաջ են կանգնել օնլայն վաճառքով զբաղվողները, որոնք ժամանակին առաքումները «Հայփոստի» միջոցով են իրականացրել, այդ թվում՝ նկարիչները, ձեռագործ աշխատանք ստեղծողները, որոնք կարողացել են իրենց աշխատանքները վաճառել դրսի գնորդներին:

Քանի որ «Հայփոստն» առաքումների սակագները հաշվարկում է ըստ ապրանքի քաշի, այս վերջին թանկացումները մեծ հարված են եղել հատկապես քիչ թե շատ քաշ ունեցող ապրանքներ արտահանողների համար։ Կարելի է մի քանի րոպե ընդամենը շրջել Երևանի «Վերնիսաժ» բացօթյա տոնավաճառով ու հասկանալ, որ նրանցից շատերը հիմա դադարել են արտահանել իրենց ձեռագործ աշխատանքները՝ նկարներ, շախմատ, հայկական ձեռագործ հագուստ, պայուսակներ և այլն, որը նախկինում կազմակերպում էին «Հայփոստի» միջոցով։  Ճիշտ է՝ ընկերությունը ծանրոցների քաշի սահմանափակում ունի՝ մինչև 31 կգ, սակայն տնտեսվարողներին այդ շեմը, ինչպես նաև գինը ձեռնտու է եղել։

Հայաստանում արտադրվում են Lumzag կոչվող խելացի պայուսակներ, որոնք ոչ թե դասական պայուսակներ են, այլ՝ ունեն նորարար գործառույթներ։ Լիանա Հովհաննիսյանը գաղափարի և ստարտափի համահիմնադիրներից է։

«Հետքի» հետ զրույցում նա պատմում է, որ պայուսակները սպառվում են հիմնականում արտասահմանում։ Մինչև առաքման սակագների բարձրացումը  արտահանումը իրականացվել է «Հայփոստով»։ Բայց թանկացումներից հետո «Հայփոստի» ծառայություններից օգտվելը անիմաստ է դարձել, քանի որ պայուսակի քաշը համեմատաբար մեծ է, և առաքման գինն այնքան է բարձրացել, որ ընկերությունն արտադրման ու արտահանման գործընթացում վնաս է կրում։

«Մեր պայուսակները բաղկացած են երկու մասից՝ բուն պայուսակը և աքսեսուարը։ Բուն պայուսակը 1.9 կգ է, որի դեպի ԱՄՆ կամ Եվրոպա առաքման համար նախկինում «Հայփոստին» վճարում էինք 7400 դրամ։ Հիմա՝ թանկացումից հետո, առաքման գումարը կազմում է 24 900 դրամ։ Իսկ աքսեսուարները՝ միջինում միասին 0.5 կգ են կշռում, որոնց առաքման համար նախկինում 4000 դրամ էր գանձվում, ներկայիս գներով՝ 9900 դրամ։ Այսինքն՝ եթե ընդհանուր հաշվարկենք, պայուսակի ու աքսեսուարների առաքման համար թանկացումներից առաջ վճարում էինք ընդհանուր 11 400 դրամ, իսկ այսօրվա գներով դա կազմում է՝ 34 800 դրամ։ Եռակի գինը բարձրացել է։ Մեր պայուսակները միջինում արժեն 250 ԱՄՆ դոլար։ Եթե հաշվում ենք ինքնարժեքն ու առաքման ներկայիս գները, պետք է մինուսով աշխատենք»,- նշում է Լիաննա Հովհաննիսյանը։ 

Այսօր Lumzag-ի պատվերներ կան արտասահմանից, որոնց մի մասն ընդունված է, մի մասն էլ՝ արտադրողները չեն կարողանում ընդունել, քանի որ չգիտեն ինչպես արտահանել։ Տարբեր ելքեր են փնտրում՝ օգտվել առաքման ա՞յլ ծառայություններից, ԵԱՏՄ այլ երկրների՞ միջոցով արտահանել, թե՞  արտադրությունը այլ երկրում կազմակերպել, օրինակ՝ Չինաստանում։ Սակայն պարզվում է, որ այդ տարբերակներից և ոչ մեկը այս պահին նպատակահարմար չէ։ Ամենաշահավետ տարբերակը եղել է «Հայփոստով» ուղարկելը։

«Մինչև թանկացումներն էլ ուշացումներ կային։ Ունենք դեպք, որ մեկ տարի հետո նոր հասել է հասցեատիրոջը։ Իրենք դա կապում են համավարակի հետ։ Ապրանքը գնում է մի երկիր և ամիսներով մնում է այդ երկրի պահեստում։ Ունեցել ենք դեպք, որ կորել է»,- ասում է Լիանան։

Նրանց թիմը ևս թանկացումների մասին ուշ է տեղեկացել, երբ արդեն պետք էր նոր սակագներով վճարել։ Հետևաբար, չի հասցրել մինչև թանկացումները պլանավորել անելիքները։

«Հայփոստ». «Առաջիկայում սակագնային փոփոխություններ չեն նախատեսվում»

Առաքման ծառայությունների սակագները բարձրացնելու անհրաժեշտությունն առաջացել է այն պատճառով, որ «Հայփոստը» 20 տարի չէր վերանայել սակագները և վերջին տարիներին աշխատում էր վնասով։ Այս մասին «Հետքի» հարցին ի պատասխան հայտնել է «Հայփոստի» մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը։

«Հայփոստի թե՛ ներհանրապետական, թե՛ միջազգային առաքումների գործող սակագները երբեմն մի քանի անգամ ավելի ցածր էին, քան առաքման ինքնարժեքը։ Օրինակ՝ ԱՄՆ և Եվրոպա ուղղություններով նոր՝ փոփոխված սակագների սահմանման սկզբունքը հետևյալն է. գնի 60%-ը այն գումարն է, որը «Հայփոստը» վճարում է արտասահմանյան գործընկեր փոստային  օպերատորներին՝ առաքանին հասցեական տեղ հասցնելու համար, 30%-ը կազմում են լոգիստիկ և տրանսպորտային ծախսերը, և միայն գնագոյացման 10 %-ն է, որ կարգավորվում է «Հայփոստի» կողմից։ Իսկ Ավստրալիա, Ճապոնիա կամ Նոր Զելանդիա ուղղություններում, բնականաբար, գնագոյացման մեջ մեծ է տրանսպորտային և լոգիստիկ ծախսերի բաժինը»,- նշել է Գևորգ Աբրահամյանը։

Ինչ վերաբերում է առաքումների ուշացումներին, ապա՝ «Հայփոստից» հավաստիացնում են վերջին շրջանում այդպիսի դեպքեր, գրեթե, չկան:  Շեշտում են, որ ուշացումների ու կորուստների գծով բողոքների «Հայփոստի» ցուցանիշը համապատասխանում է զարգացած երկրների ցուցանիշներին և ընդհանուր առաքումների մեջ կազմում է 0.5-0.8%։

«Հայփոստից» նաև հետաքրքրվել էինք՝ արդյոք առաջիկայում ընկերությունը պատրաստվու՞մ է սակագների վերանայում անել։ Պարզվում է՝ փոփոխություններ չեն նախատեսվում, բացի այն դեպքերից, երբ հնարավոր լինի իջեցնել գործող սակագները:

Ընկերությունից նաև հարկ են համարել շեշտել, որ այս տարվանից թեև որոշ ուղղություններով առկա է սակագների թանկացում՝ որոշ ուղղություններով էլ էժանացում կա, օրինակ են բերել Ռուսաստանը։

Ֆինանսատար և ժամանակատար քաշքշուկների շղթա՝ առաքման այլ ծառայություններից օգտվելու ժամանակ

Տարիներ շարունակ հայաստանյան փոքր ու միջին արտադրողները, որոնք կարողացել են ինչ-որ կերպ արտերկրի շուկաներ դուրս գալ ու առցանց հարթակներում ներկայացնելով իրենց ապրանքները՝ պատվերներ ընդունել, արտահանումն իրականացրել են «Հայփոստի» միջոցով։ Պատճառն այն է, որ բացի էժան տարբերակ լինելուց, «Հայփոստը» տնտեսվարողներին «փրկել է» նաև մաքսային ձևակերպումների մի ամբողջ շղթայից։

Հայաստանում «Պետական տուրքի մասին» օրենքի համաձայն, եթե  Հայաստանի սահմանով իրավաբանական անձանց կողմից մեկ փոխադրողից մեկ ստացողին ուղարկվող  ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը գերազանցում է 200 եվրոյին համարժեք դրամը, ապա գանձվում է պետական տուրք։ Տարբեր ապրանքների համար տուրքերի տարբեր չափեր են գործում։  Զուգահեռ՝ ապրանքները մաքսային ձևակերպումից բացի, նաև մաքսային զննում են անցնում։

200 եվրոյի շեմի այս կանոնը գործում է ինչպես «Հայփոստի», այնպես էլ՝ առաքման մյուս մասնավոր ծառայությունների դեպքում։ Սակայն, տնտեսվարողները հավաստիացնում են, որ եթե «Հայփոստի» պարագայում  մաքսային քաշքշուկների կարիք չի լինում, քանի որ գործընթացների մեծ մասը հենց «Հայփոստն» է անում, ապա այլ առաքման ծառայություններից օգտվելու պարագայում դրանք շատ են։ Մինչև առաքման ծառայությանը ապրանքը հանձնելը, եթե գինը գերազանցում է 200 եվրոն, իսկ քաշը՝ 31 կգ-ը, ապա ինքնուրույն պետք է անցնել մաքսային բոլոր զննումներն ու ձևակերպումները, որոնք ինչպես ժամանակ են խլում, այնպես էլ՝ գումար։

«Volterman-ի պարագայում մենք թույլտվություն ենք ստանում Ազգային անվտանգության ծառայությունից, NPC սերտիֆիկատ ենք հանում, մաքսային բրոքերներին վճարում: Օրինակ՝ ԱԱԾ-ից թույլտվության ստացումը կարող է տևել մինչև 20 օր: Բոլորը միասին միջինում 60 հազար դրամ է արժենում: Մենք էլեկտրոնային առևտրով ենք զբաղվում, որի պարագայում ապրանքները ոչ թե ընդհանուր խմբաքանակով են արտահանվում, այլ՝ հատերով: Հետևաբար, ամեն մի առաքման համար ստիպված ենք լինում այդ բոլոր գործընթացներն անցնել»,- նշում է Ազատ Թովմասյանը:

Տնտեսվարողներն առաջարկում են բարձրացնել 200 եվրոյի շեմը

Առցանց առևտրով զբաղվող տնտեսվարողները, այդ թվում՝ Ազատ Թովմասյանի ընկերությունը, նախագիծ են մշակել, որով առաջարկել են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարել և  արտահանման դեպքում նշված 200 եվրոյի շեմը բարձրացնել ու դարձնել 1 մլն դրամին համարժեք եվրո, որի պարագայում մաքսային առանձին զննումների կարիք չի լինի, հետևաբար՝ կկրճատվեն դրա համար պահանջվող վճարներն ու ժամանակը: Ենթադրվում է, որ փոքր ու միջին տնտեսվարողները  կկարողանան «տեղավորվել» մինչև 1 մլն դրամին համարժեք եվրոյի շեմի ներքո և առանց լրացուցիչ վճարների ու քաշքշուկների իրենց ապրանքը կարտահանեն մասնավոր փոստային ծառայությունների միջոցով։

Այս նախագիծը այժմ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի աշխատասեղանին է: Դրա մասին տեղեկացվել է նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանին: Այն հրապարակվել է նաև e-draft.am-ում՝ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում։

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու նախագծին առաջիկայում առավել մանրամասն կանդրադառնանք։

Մեր ունեցած տեղեկություններով՝ Պետական եկամուտների կոմիտեն դեմ է այս գաղափարին, սակայն պաշտոնապես այդ մասին չի հայտարարվել։  Էկոնոմիկայի նախարարությունից «Հետք»-ին տեղեկացրին, որ այս նախագիծը ներկայում գտնվում է շահագրգիռ գերատեսչությունների հետ քննարկման փուլում։ Թե երբ կլինեն արդյունքները, դեռևս հայտնի չէ։

Իսկ մինչ այդ տնտեսվարողները շարունակում են տուժել, պատվերները «սառեցնել» և փորձում են հարմար տարբերակներ գտնել ապրանքն արտահանելու համար։  

Գլխավոր լուսանկարը՝ haypost.am-ի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter