HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սննդամթերքի տեսքով կաշառք տալու համար մեղադրանք է առաջադրվել ևս 8 անձի

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ Գավառի տարածաշրջանի ընտրողներին սննդամթերքի տեսքով կաշառք տալու դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել ևս 8 անձի: 

Մասնավորապես` նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ներկայացուցիչ Ս. Զ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված այն հանցավոր արարքի կատարման համար, որ վերջինս Գավառի տարածաշրջանի ընտրողներին սննդամթերքի տեսքով կաշառք է տվել նշված կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար:

Ըստ առաջադրված մեղադրանքի` Ս. Զ.-ն, հանդիսանալով կուսակցության Գավառի տարածքային գրասենյակի քարտուղար, նույն գրասենյակի ղեկավարի հետ, համաձայն նախապես կազմված ցուցակի, 2021թ. հունիսի 9-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանի մի շարք ընտրողների տվել է 7000-ական ՀՀ դրամ արժողությամբ սննդամթերքի տեսքով կաշառք` 2021թ. հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար:

Եվս 7 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով` սննդամթերքի տեսքով ընտրակաշառք ստանալու համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: 

Բացի այդ, նախաքննության ընթացքում բացահայտվել են ընտրակաշառք բաժանելու և ստանալու այլ դեպքեր: Մասնավորապես` կատարված խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են կուսակցության ներկայացուցիչների կողմից նախապես կազմված այն ընտրողների ցուցակները, որոնց 2021թ. հունիսի 9-ին  սննդամթերքի տեսքով ընտրակաշառք է բաժանվել: Ավելի քան երեք տասնյակ քաղաքացիներ հարցաքննվել են հիշյալ հանգամանքների շուրջ և հաստատել կուսակցության օգտին քվեարկելու համար 7000-ական ՀՀ դրամ արժողությամբ սննդամթերք ստանալու հանգամանքը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հիշյալ քրեական գործով ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել 1 անձի, որի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Այսպիսով, վերը նշված քրեական գործի նախաքննության այս փուլում 9 անձ ունի մեղադրյալի կարգավիճակ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter