HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտն անվանակոչվել է Միքայել Տեր-Միքայելյանի անվամբ

Հունիսի 16-ին Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահությունը որոշում ընդունեց ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտն անվանակոչել Հայաստանում լազերային ֆիզիկայի ուղղության հիմնադիր, ինստիտուտի առաջին տնօրեն, ակադեմիկոս Միքայել Տեր-Միքայելյանի անվամբ: 

ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունը ներկայացրել է Միքայել Տեր-Միքայելյանի գիտական կենսագրության ամենակարևոր հատվածները․

«Ականավոր գիտնական Միքայել Տեր-Միքայելյանը մեծ ավանդ է ունեցել Հայաստանում լազերային ֆիզիկայի զարգացման և ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի ստեղծման և կայացման գործում:

1960-ականների սկզբին Միքայել Տեր-Միքայելյանն իր գիտելիքներն ու կազմակերպչական ունակություններն ուղղել է Հայաստանում լազերային ֆիզիկայի զարգացմանը։ Կարճ ժամանակում նրան հաջողվել է ստեղծել Գիտությունների ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի միացյալ ճառագայթային լաբորատորիա, որի հիման վրա 1967թ. ստեղծվել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը (ՖՀԻ): Միքայել Տեր-Միքայելյանը դարձել է ինստիտուտի տնօրեն և  աշխատել այդ պաշտոնում մինչև 1994թ-ը, որից հետո մինչև կյանքի վերջ՝ 2004թ-ը, եղել է ինստիտուտի պատվավոր տնօրենը: Նրա գլխավորությամբ ՖՀԻ-ում իրականացվել են աշխատանքներ՝ ներառելով լազերային ֆիզիկայի տեսական և փորձարարական սկզբունքները, պինդմարմնային լազերային նյութագիտությունը, լազերային ճառագայթման ոչ գծային փոխազդեցությունը նյութի հետ, օպտիկական կապը։ Այդ աշխատանքները լայն ճանաչում են ստացել և ըստ արժանվույն գնահատվել միջազգային գիտական հանրության կողմից։ 

Միքայել Տեր-Միքայելյանի ջանքերով ՖՀԻ-ում ձեռնարկվել և ղեկավարվել են աշխատանքներ բարձրջերմաստիճանային գերհաղորդականության, քվանտային ինֆորմացիայի և աշխարհում նոր ձևավորվող ուղղություններով։ 

Միքայել Տեր-Միքայելյանի ակտիվ մասնակցությամբ արդյունաբերական լազերների ստեղծման աշխատանքներին են ներգրավվել Հայաստանի մի շարք ձեռնարկություններ՝ Կիրովականի քիմիական կոմբինատը, Արզնիի Ճշգրիտ տեխնիկական քարերի գործարանը, Երևանի էլեկտրալամպերի գործարանը:  Գիտական հետազոտությունների և տեխնոլոգիական նպատակներով կիրառվող լազերների մշակման, արդյունաբերական յուրացման աշխատանքների շարքի համար ակադեմիկոս Տեր-Միքայելյանը, ի թիվս Արզնիի «Բյուրեղ» ԳԱՄ-ի, Ռադիոօպտիկայի համամիութենական ԳՀԻ-ի և ՀԽՍՀ ԳԱ ՖՀԻ-ի մի խումբ աշխատակիցների, 1980-ին արժանացել է ՀԽՍՀ Պետական մրցանակի: 

Միքայել Տեր-Միքայելյանը Հայաստանում ստեղծել է լազերային ֆիզիկայի համաշխարհային ճանաչում ստացած գիտական դպրոց: Այսօր այդ դպրոցի ներկայացուցիչները հաջողությամբ աշխատում են Հայաստանի ու արտերկրի այլ առաջատար կենտրոններում։ 

Ակադեմիկոս Տեր-Միքայելյանը լայն ճանաչում ստացած բազմաթիվ գիտական մենագրությունների, ակնարկների  և հոդվածների հեղինակ է»։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter