HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի ՄԻՊ․ «Շահումյանի հայության նկատմամբ իրականացված գործողությունները էթնիկ զտման օրինակ էր»

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Գեղամ Ստեփանյանը Ադրբեջանի կողմից Շահումյանի շրջանի օկուպացիայի 29-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է հետևյալը․

«1992 թվականի ամռանը, ադրբեջանական զորքերի հարձակումների հետևանքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի 20000-ից ավելի հայկական բնակչությունը ստիպված էր լքել իր բնակավայրերը՝ կորցնելով ամեն ինչ, բախվել աղքատության, գործազրկության, ինտեգրման հետ կապված բազմաթիվ խնդիրների և առերեսվել իրենց իրավունքների համատարած խախտումների։

Շահումյանի շրջանի հայության նկատմամբ իրականացված գործողությունները էթնիկ զտման իրական օրինակ էր, որի համար ադրբեջանական իշխանությունները որևէ պատասխանատվության չեն ենթարկվել։

«Եթե մինչև տարվա (1992) հոկտեմբեր Ղարաբաղում թեկուզ մեկ հայ մնա, Ադրբեջանի ժողովուրդը կարող է ինձ կախաղան հանել Բաքվի կենտրոնական հրապարակում»,- իր ժողովրդին խոստանում էր Ադրբեջանի ղեկավարը։

Ազգային, կրոնական, էթնիկական պատկանելիության հիմքով հայ բնակչության վտարումը շրջանից միջազգային հանրության կողմից հստակ գնահատականի չարժանացավ, իսկ նրանց խախտված իրավունքների վերականգնման հարցը բանակցային օրակարգում հստակ չամրագրվեց։ Իրենց բնակավայրերը կորցրած մարդկանցից շատերը միջազգային համապատասխան կառույցների կողմից այդպես էլ չճանաչվեցին որպես փախստական կամ խոցելի կարգավիճակ ունեցող անձինք և հետևաբար որևէ աջակցություն չստացան միջազգային հանրությունից։ Այն դեպքում, երբ ադրբեջանցի փախստականները հսկայական միջազգային աջակցություն էին ստանում, հայերը զրկված էին դրանից։

Այսօր էլ, երբ 2020 թվականի աշնանը Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախի 40 000 բնակիչ մնացել է անօթևան, երբ այդ մարդկանց կարիքները հոգալու և նրանց նվազագույն կենսապահովման համար պայմաններ ստեղծելու համար Արցախը միջազգային հանրության աջակցության կարիքը ունի, միջազգային կազմակերպությունները անտարբերություն են ցուցաբերում՝ իրենց վարքագիծը պայմանավորելով Արցախի միջազգային իրավական կարգավիճակով։

Սա դատապարտելի անտարբերություն է և չի բխում մարդու իրավունքների պաշտպանության համընդհանրության սկզբունքից։

Միջազգային հանրությունը պետք է հստակ դիրքորոշում արտահայտի և քայլեր ձեռնարկի Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացված հանցագործությունների իրավաքաղաքական գնահատականներ տալու և սոցիալ-տնտեսական հատուցման հետագա աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter