HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը նշում է հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը

1972 թ. նոյեմբերի 16-ին ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսն ընդունել է «Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության պահպանման կոնվենցիան», իսկ 1982 թ. Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդի (ICOMOS-ի) առաջարկությամբ ապրիլի 18-ը նշվում է որպես հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր: Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիան վավերացրել է 1993 թ. սեպտեմբերի 5-ին:

2012 թ. ապրիլի 18-ին հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա հետ նշվում է նաև Համաշխարհային մշակութային և բնության ժառանգության պահպանության մասին կոնվենցիայի ընդունման 40-ամյակը, որն անցկացվում է «Համաշխարհային ժառանգություն» անվանումով:

ՀՀ մշակույթի նախարարությանն այդ օրվա կապակցությամբ իրականացնում է գիտակրթական, մշակութային միջոցառումներ, որոնք միտված են հուշարձանների պահպանմանն ու հանրահռչակմանը:

ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված և հայ պատմամշակութային ժառանգության գլուխգործոցներից «Զվարթնոց» պատմամշակութային արգելոցում ապրիլի 18-ի երեկոյան տեղի կունենա «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի նոր մշտական ցուցադրության բացումը և տաճարի գիշերային լուսավորության շնորհանդեսը:

Ժամանակավոր ցուցահանդեսներ կկազմակերպվեն Հայաստանի ճարտարապետության պատմության ազգային թանգարանում՝ «Տարածաշրջանի հայկական մշակութային ժառանգությունը Թուրքիայում, Ադրբեջանում», «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում՝ «Համաշխարհային ժառանգության հնագիտական վայրերը», Հայաստանի ճարտարապետների միությունում «Ճարտարապետների միության ժառանգության խորհուրդը և պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների ասոցիացիան» խորագրերով: Կներկայացվի զեկույց «Իրանում վերականգնված հայկական հուշարձանները» թեմայով, կցուցադրվի «Լոռի բերդաքաղաքի» մասին պատմող գիտահանրամատչելի ֆիլմը, ինչպես նաև կներկայա­ցվեն Ծիծեռնավանքի վերականգնման վերաբերյալ սլայդներ և պլանշետներ:

Պատմամշակութային ժառանգության բնագավառի մասնագետները ԵրՃՇՀ-ում հանդես կգան հայոց մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին նվիրված դասախոսություններով: ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքէջում կներկայացվի նախարարության պատրաստած հուշարձանների տեղեկատվական շտեմարանը (www.armmonuments.am), ինչպես նաև ՀՀ մշակույթի նախարարության և Եվրոպայի խորհրդի համատեղ գործողությունների արդյունքում facebook.com սոցիալական ցանցում կիևյան նախաձեռնության՝«Մշակութային ժառանգության վերականգնումը պատմական քաղաքներում» պիլոտային ծրագրին նվիրված Rehabilitation of the Cultural heritage in the Historic Towns_ARMENIA էջը:

Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվա կապակցությամբ ապրիլի 18-ին կմեկնարկեն նաև ՀՀ մշակույթի, ՀՀ պաշտպանության և ՀՀ կրթության և գիտության նախարարությունների համատեղ հաստատված միջոցառումները, որոնց շրջանակներում նախատեսվում է տարվա ընթացքում դպրոցականների, զինվորների մասնակցությամբ բարեկարգել շուրջ 500 հուշարձանի տարածքներ:

Ակցիային մասնակից դպրոցականների, զինվորների համար բարեկարգման աշխատանքների ավարտից հետո էքսկուրսիաներ կկազմակերպվեն «Գառնի» պատմամշակութային, «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարաններ, «Լոռի բերդ» պատմամշակութային արգելոց: Նախարարության տարածքային և մարզային ստորաբաժանումների աշխատակիցները միջոցառման մասնակիցներին հանրամատչելի կներկայացնեն թե օրվա խորհուրդը և թե 1972 թ. Հռչակագրի հիմնական նպատակներն ու գաղափարախոսությունը:

Մարզերում ապրիլի 17-ից կմեկնարկեն ուխտագնացություն դեպի Հովհաննես Իմաստասեր Օձնեցի կաթողիկոսի գերեզման, ապրիլի 21-22-ը և 28-29-ը մշակույթի նախարարության աջակցությամբ և «Երիտասարդական մշակութային կազմակերպություն» ՀԿ-ի կողմից իրականացվող, «Ուխտագնացու­թյուններ դեպի հայկական պատմամշակութային կոթողներ» խորագիրը կրող ծրագրերը, որոնց շրջանակներում նախատեսվում է դպրոցական շարադրությունների մրցույթի արդյունքում հաղթած աշակերտներին հնարա­վորություն ընձեռել այցելելու և ծանոթանալու Խոր վիրապի, Նորավանքի և Տաթևի վանական համալիրներին:

Ամռան ամիսներին մշակույթի նախարարության աջակցությամբ և խորհրդատվությամբ Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնը, «Երեխաների աջակցության հիմնադրամը» կիրականացնեն «Ճանաչենք և պահպանենք Ստեփանավանի տարածաշրջանի պատմամշակութային հուշարձանները» և «Ճանաչենք և պահպանենք մեր ժառանգածը» մշակութային, կրթադաստիարակչական ծրագրերը:

ՀՀ մշակույթի նախարարությունը հայտնում է, որ տարվա ընթացքում նախարարության ենթակայությամբ գործող արգելոցներում և արգելոց-թանգարաններում կկազմակերպվեն էքսկուրսիաներ, գիտաճանաչողական այցեր, մշակութային միջոցառումներ, սեմինար-պարապմունքներ, թեմատիկ զրույցներ, բաց դասեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter