HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՏՄՊՊՀ-ն ավարտել է 5 ապրանքային շուկաների ուսումնասիրությունը. գերիշխողներ կան միայն կոնյակի ոլորտում

Մրցակցային իրավիճակի ուսումնասիրության նպատակով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պարբերաբար դիտարկումներ է իրականացնում տարբեր ապրանքային շուկաներում: Հանձնաժողովը ավարտել է հերթական վերլուծությունը մի քանի շուկաներում և պարզել դրանցում առկա կենտրոնացվածության աստիճանը:
 
Նման վերլուծությունները կարևոր են այնքանով, որ բացահայտվում են տվյալ ոլորտում գերիշխող տնտեսվարողները և Հանձնաժողովը ավելի խիստ և ուղղորդված վերահսկողություն է իրականացնում  կենտրոնացվածության բարձր  աստիճան ունեցող շուկաներում` հնարավոր չարաշահումները կանխարգելելու եւ սահմանափակելու նպատակով:
 
Եվ այսպես, հերթական ուսումնասիրությունը ընդգրկում է 5 ապրանքային շուկա, որոնցից բարձր կենտրոնացվածության աստիճան ունի միայն մեկը: Իսկ ընդհանուր առմամբ, ՏՄՊՊՀ դիտակետում հայտնված բոլոր շուկաներն էլ մրցակցային են:  
 
Մրցակցային իրավիճակը բնական հյութերի շուկայում 
 
«Բնական հյութեր» ապրանքային շուկայում 2011- ին գործունեություն են իրականացրել 56 տնտեսվարողներ, որոնցից  իրացման առավել մեծ ծավալներ ունեն «Ադամյում» ընկերությունը` (21,13 % մասնաբաժին), «Կոկա Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերությունը` (16,74 % մասնաբաժին) և «Սիս Նատուրալը» ` (13,47 % մասնաբաժին): Հանձնաժողովի դիտարկմամբ բնական հյութերի շուկայում գերիշխողներ չկան: 
 
ՏՄՊՊՀ-ը վերլուծել է նաև «Երշիկեղենի» շուկայում առկա մրցակցային իրավիճակը 
 
Երշիկեղենի արտադրության և իրացման ոլորտում գործունեություն են իրականացրել 43 տնտեսվարողներ: Իրացման առավել մեծ ծավալներ ունեն «Մուշ» ընկերությունը` 19,59 % բաժնով, «Աթենք»  ընկերությունը` 13,98 % բաժնով, և «Բեկոն Պրոդուկտը» ` 12,50 % մասնաբաժնով: Հանձնաժողովի դիտարկմամբ, այս շուկայում ևս գերիշխող տնտեսվարողներ չկան, այն ունի  կենտրոնացվածության միջին աստիճան:
 
«Մակարոնեղեն» ապրանքային շուկայի ուսումնասիրության արդյունքները 
 
Այս ոլորտում գործում են 95 տնտեսվարողներ: Առավել խոշորներն են «Էյ-էյ-էֆ-փի-սի» ընկերությունը` 15,8 % , «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզա» ընկերությունը` 9,3 %  և «Թալգրիգ» ընկերությունը` 9,2 % մասնաբաժիններով: Այս  ապրանքային շուկան ունի կետրոնացվածության ցածր աստիճան:
 
Հանձնաժողովը ուսումնասիրել է նաև ալկոհոլային խմիչքների 2 նոր շուկաներ, որոնք նախկինում չեն եղել մրցակցային մարմնի տեսադաշտում: Խոսքը գինի և կոնյակ ապրանքային շուկաների մասին է: Այս ոլորտում կատարված նախկին ուսումնասիրությունները ամբողջական պատկերացում չեն տալիս գործող տնտեսվարողների և նրանց իրական ծավալների վերաբերյալ, քանի որ հատկապես վերջին տարիներին տեսանելի են կառուցվածքային էական փոփոխություններ:
 
Որքանով են մրցակցային «Գինի»  և «Կոնյակ» ապրանքային շուկաները

«Գինի»  ապրանքային շուկայում ուսումնասիրվել է  41 տնտեսվարողների գործունեությունը: Իրացման առավել մեծ ծավալներ ունեն 3-ը: Դրանք են. «Պռոշյանի կոնյակի գործարանը»` 22,60 % բաժնով, «Վեդի ալկո» ընկերությունը` 16,68 % բաժնով և «Հոկտեմբերյանի կոնյակի գործարանը»` 14,22 %  մասնաբաժնով: Շուկան ամբողջությամբ մրցակցային է. Գերիշխող տնտեսվարողներ չկան:
 
Ինչ վերաբերում է տեղական կոնյակի արտադրությանը, ապա Հանձնաժողովի ուսումնասիրության համաձայն, այս շուկայում իրացման առավել խոշոր ծավալներ ունեն 3 գերիշխող ընկերություններ` «Երևանի կոնյակի գործարանը», «Պռոշյանի կոնյակի գործարանը» և «Հոկտեմբերյանի կոնյակի գործարանը»:
 
Եւ այսպես, ՏՄՊՊՀ-ը առավել խիստ վերահսկողություն կիրականացնի գերիշխող տնտեսվարողների գործունեության նկատմամբ, մշտապես կվերահսկվի վերջինների վարքագիծը` կանխելու և բացառելու հնարավոր խոչընդոտներն ու չարաշահումները`ի վնաս սպառողի կամ շուկայում համեմատաբար փոքր ծավալներ ունեցող տնտեսվարողի:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter