HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ֆրանսիայի դատախազությունը Սարկոզիի համար 6 ամիս ազատազրկում է պահանջում

Ֆրանսիայի դատախազությունը պահանջում է վեց ամիս ժամկետով ազատազրկման դատապարտել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին, որն անցնում է 2012 թվականի նախընտրական քարոզարշավի անօրինական ֆինանսավորման գործով։ Այդ մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով BFMTV հեռուստաընկերությանը։

Բացի այդ, դատախազությունը պահանջել է Սարկոզիին դատապարտել վեց ամիս պայմանական ազատազրկման ու 3750 եվրո տուգանքի։ 

Երեքշաբթի օրը կայացած դատական նիստի ժամանակ Սարկոզին հայտարարել էր իր անմեղության մասին՝ հերքելով քարոզարշավի ժամանակ ծախսերի գերազանցման մեղադրանքները։ 

Այս գործով դատական գործընթացը սկսվել է դեռ այս տարվա մարտին, սակայն լսումները տեղափոխվել էին մեղադրյալներից մեկի փաստաբանի հիվանդության պատճառով և վերսկսվել մայիսի 20-ին։

Փարիզի դատարանի կողմից քննվող գործը ֆրանսիական լրատվամիջոցներն անվանում են «Bygmalion», որը PR այն գործակալության անվանումն է, որը 2012 թվականին զբաղվել է Սարկոզիի նախընտրական արշավով։ Մեղադրող կողմի պնդմամբ՝ Սարկոզիի ընտրական շտաբը կեղծ հաշիվներ է օգտագործել գործակալության կազմակերպած հանդիպումների համար, որպեսզի թաքցնի նախագահական ընտրարշավի ծախսերի գերազանցումը:

Գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 14 անձի։ Մյուս 13 անձանց պարագայում դատախազությունը պահանջել է 18 ամսից մինչև 4 տարի ազատազրկում։ 

Սա առաջին դեպքը չէ, երբ Նիկոլա Սարկոզին, որը Ֆրանսիան ղեկավարել է 2007-2012 թվականներին, հայտնվում է մեղադրյալի աթոռին։ Փարիզի դատարանը մարտի 1-ին Սարկոզիին մեղավոր էր ճանաչել կոռուպցիայի և ծառայողական դիրքի չարաշահման մեջ։ Նա դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման, որից երկուսը պայմանական։ Սարկոզին բողոքարկել է դատավճիռը և սպասվում է դատական նոր գործընթաց։

Լուսանկարը՝ РИА Новости-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter