HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախընտրական քարոզչությանը մասնակցելուն խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մշակույթի կենտրոնի տնօրենը

2021թ. հունիսի 18-ին Գորիսի համայնքապետարանի ենթակայությամբ գործող մշակույթի կենտրոնի տնօրենը, օգտագործելով աշխատողների՝ իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, աշխատանքից ազատելու սպառնալիքով, առերևույթ խոչընդոտել է նրանցից մեկին մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին, միաժամանակ հարկադրել վերջինիս և մյուս աշխատակիցներին մասնակցել «Հայաստան» դաշինքի կողմից կազմակերպած նախընտրական քարոզչությանը: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Դեպքի առթիվ ոստիկանության Գորիսի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:

Նախաքննության ընթացքում որպես վկա հարցաքննվել են մշակույթի կենտրոնի աշխատակիցները, հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

Մշակույթի կենտրոնի տնօրենը ձերբակալվել է՝ ծառայողական կախվածությունն օգտագործելով՝ աշխատակցի՝ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն խոչընդոտելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter