HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հունիսի 17-ի դրությամբ ստացվել է առերևույթ ընտրական հանցագործությունների մասին 231 հաղորդում. հարուցվել է 14 քրեական գործ

2021թ. հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կապակցությամբ Գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից ամփոփվել են ընտրական հանցավոր իրավախախտումների, ինչպես նաև ընտրությունների գործընթացին առնչվող առերևույթ հանցավոր այլ դրսևորւմների վերաբերյալ ստացված ահազանգերի, հաղորդումների և դրանցով իրականացված աշխատանքների միջանկյալ արդյունքները: Այս մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը։

«Մասնավորապես, հունիսի 18-ի ժամը 9.00-ի դրությամբ ստացվել է ընդհանուր 231 հաղորդում, ահազանգ: Դրանցից 76-ը ԶԼՄ հրապարակումներ են, 64-ը՝ ֆիզիկական անձանց կողմից տրված հաղորդումներ, այդ թվում՝ նաև ստացված Դատախազության թեժ գծի միջոցով, 52-ը՝ սոցիալական ցանցերում օգտատերերի կողմից կատարված գրառումներ, 39-ը՝ ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներ:  

Ստացված առերևույթ հանցավոր իրավախախտումների մասին հաղորդումներից և ահազանգերից՝  

  • 118-ը վերաբերում է ընտրակաշառք տալուն, ստանալուն կամ ընտրակաշառքի միջնորդությանը (Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդված), 
  • 44-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն (Քրեական օրենսգրքի 149 հոդված), 
  • 30-ը՝ քարոզչությանը մասնակցելուն հարկադրելուն կամ խոչընդոտելուն (Քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդված),
  • 25-ը՝ ընտրական քարոզչության և նման բնույթի այլ պաստառների հետ կապված գույքային վնասներ հասցնելուն (Քրեական օրենսգրքի 185-րդ հոդված)
  • 14-ը՝ այլ (Քրեական օրենսգրքի 177, 137, 118, 164-րդ և 308-րդ հոդվածներ):

Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ 152 հաղորդում, որոնք բնույթով եղել են վերացական և ընդհանրական, ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ դրանցով անհրաժեշտ ստուգողական գործողություններ կատարելու համար: Իրականացված օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում նշվածներից 41-ում առկատեղեկությունները չեն հաստատվել և թողնվել են անհետևանք, իսկ 111-ով ստուգողական գործողությունները շարունակվում են:

Իսկ 229 հաղորդումներից 78-ն ուղարկվել են հետաքննության կամ նախաքննության մարմիններ՝ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով: Արդյունքում դրանցից 16-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 49-ով նյութերի նախապատրաստման գործընթացը շարունակվում է, իսկ 14 դեպքի առթիվ հարուցվել են քրեական գործեր:

Մասնավորապես՝ քրեական գործերից

  • 8-ը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ, 154.9-րդ, 34-154.2-րդ հոդվածների տարբեր մասերով,  
  • 2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի տարբեր մասերով
  • 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով
  • 3-ը՝ կապված պաստառների վնասման հետ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով: 

Նշված քրեական գործերից 4-ով 13 անձի առաջադրվել են մեղադրանքներ, որոնցից 7-ին՝ ընտրակաշառք վերցնելու, 6-ին ընտրակաշառք տալու և ընտրակաշառք տալու փորձի համար, 2 անձ ունի կասկածյալի կարգավիճակ, որոցից մեկը՝ ընտրակաշառք ստանալու, մեկը՝ ընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու և մասնակցելուն խոչընդոտելու կասկածանքով: 5 անձ կալանավորվել է:

Գլխավոր դատախազություն ստացվել են նաև ընտրություններին և ընտրական իրավունքին վերաբերող 18 այլ դիմումներ, որոնք, սակայն, Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության մասին տվյալներ չեն պարունակել: 

Դրանց կապակցությամբ դիմողներին պատշաճ կերպով տրվել են պարզաբանումներ, առանձին դեպքերում դիմումն ուղարկվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քննարկմանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter