HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Հայ ազգային կոնգրեսն ամփոփում է քարոզարշավի ընթացքը

«Մեկ ամիս առաջ մեր ՀԱԿ-ի վարչությունն ընդունեց որոշում՝ համաձայն որի՝ մենք վճռեցինք, որ ընդունում ենք մարտը, մարտահրավերը և մտնում ենք կռվի մեջ։ Սա հեշտ որոշում չէր, և ձեզնից շատերը մեզ արդարացիորեն մեղադրել են նրա մեջ, որ մենք բավականին ուշացրինք այս որոշումը»,- այս մասին ասաց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավորի թեկնածու Լևոն Զուրաբյանը քարոզարշավի ամփոփման ընթացքում։

Նրա խոսքով՝ պատերազմից հետո տեսնում էին, որ հիմնական քաղաքական խաղացողներն արդեն վաղուց որոշել էին, որ մասնակցում են ընտրություններին, սարքում էին իրենց թիմերը, ամեն տեղից գումարներ էին ճարում, անգամ նրանք էին գումարներ ճարում, ովքեր կարիք չունեին․ «Կյանքում իրենց սեփական փողը չէին դնի գործի մեջ, այնուամենայնիվ գնում էին տարբեր մայրաքաղաքներ և փորձում հայ մեծահարուսներից քերել բավականին հսկայական գումարներ»,- հավելեց նա։

Անդրադառնալով ներկայիս ընտրապայքարին՝ Զուրաբյանն ասաց, որ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ այդ քաղաքական ուժերն ունեին մեծ ռեսուրսներ, մի կողմն ուներ ադմինիստրատիվ լծակներ, լրատվական նոր կառուցված միջոցներ, օլիգարխների մի մասը քրեաօլիգարխիկ ռեժիմի սպասարկման կարգավիճակից անցել էին նոր իշխանավորների սպասարկման կարգավիճակի։

Նրա խոսքով ՝ դժվար որոշում էր մտնել այս պայքարի մեջ, քանի որ 100-200 անգամ ավելի մեծ ռեսուրսներով քաղաքական ուժերը գործում էին, և դժվար էր որոշել՝ արդյոք իրենց թիմն անելիք ուներ, սակայն հասկացել են՝ ճշմարտությունն ամենակարևոր բանն է, և իրենց թիմը միշտ ասել է ճշմարտությունը։ Զուրաբյանի խոսքով՝ ունեն անսպասելի աջակիցներ, նույնիսկ այն մարդկանցից, որոնք տարիներով մերժել են իրենց։ «Պարզվեց, որ երիտասարդությունն է դառնում մեր ամենահուսալի աջակիցն այս պայքարում»,- նշեց Զուրաբյանը։

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահը պատասխանեց նաև Քոչարյանի այն պնդմանը, որ Արցախը բանակցություններից դուրս է մնացել Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, նա մանրամասն ներկայացրեց բանակցային գործընթացը՝ նշելով, որ բանակցությունները վարվել են բացառապես եռակողմ ֆորմատի քննարկման շրջանակում։ «Բանակցությունների ֆորմատը որոշվում է միայն մեկ բանով, խաղաղության պլան ընդունվում է միայն մեկ դեպքում, եթե բոլոր կողմերը համաձայնվում են, իսկ այդ կողմերի թիվը եղել է 3, և այդպես եղել է նաև Քոչարյանի իշխանավարության, պաշտոնավարման առաջին տարիներին, և թող Քոչարյանը պատասխանի մի հատ պարզ հարցի՝ ինչո՞ւ 1998-ի նոյեմբերին այսպես կոչված ընդհանուր պետություն խաղաղության պլանը ներկայացվել է երեք կողմերի՝ Բաքվին, Երևանին և Ստեփանակերտին, եթե ինքը պնդում է, այդ ժամանակ արդեն չկար եռակողմ ֆորմատ, ինքն այդ փաստին ինչ-որ բացատրություն պետք էր տար, այդ բացատրությունը չունի, և ուրեմն, պարոն Քոչարյան, մի խաբեք »,- նշեց Զուրաբյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter