HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Ինչպե՞ս է կարգավորվելու Արցախյան հիմնահարցը. 25 քաղաքական ուժերից ոչ բոլորն են այն կարևորել

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից գրեթե բոլորը խոսում են, թե հաղթելու դեպքում ինչ ծրագրեր են իրականացնելու Հայաստանում՝ կրթության, գիտության, առողջապահության, մշակույթի, սոցիալական և այլ հարցերում, բայց բոլորը չէ, որ իրենց գալիք ծրագրերում անդրադարձել են Արցախյան հիմնահարցին. ինչպե՞ս են պատկերացնում դրա կարգավորումը, ի՞նչ քայլեր են ձեռնարկելու, ի՞նչ քաղաքականություն են վարելու հարցի լուծման ուղղությամբ։

Մենք ուսումնասիրել ենք 25 քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերն ու հայտարարությունները թեմայի վերաբերյալ։

 

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում հիմնականում կրկնել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ արդեն իսկ հնչեցրած տեսակետն այն մասին, որ պետք էր ընդունել դեռևս 1997թ առաջարկված «հաղթական խաղաղության պլանը»՝ փուլային տարբերակը, որով պետք էր զիջել Արցախի ազատագրած տարածքները՝ առանց վերջնական կարգավիճակի, և դրա լուծումը «թողնվելու էր ապագա սերունդներին»։ Սակայն Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը բանակցություններում ներկայացրել են «առավելապաշտական և անիրատեսական» պահանջներ՝ մերժելով ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած փուլային կարգավորումը։

Ըստ ՀԱԿ-ի, հենց 1997թ.-ից էր դրվել այն ճանապարհը, որը 2020թ. տարավ «դեպի կործանիչ պատերազմ», իսկ նոյեմբերի 9-ի հայտարարությունն ընդամենը «զինադադար է»։

 

 « 

Հիշեցնենք, որ Արցախյան հիմնախնդրի լուծման համար տարբեր ժամանակներում առաջ են քաշվել կարգավորման տարբեր լուծումներ՝ փուլային և փաթեթային։ Փուլայինի դեպքում Արցախի կարգավիճակի հարցը չէր քննարկվում։ 1998թ.-ից հետո Հայաստանի իշխանությունները հարցի կարգավորումը դիտարկում էին փաթեթային տարբերակով։

Այդ ժամանակ Մինսկի խումբն առաջ քաշեց «Ընդհանուր պետության առաջարկությունը», ինչը երկուստեք մերժվեց։ 2001թ. Քոչարյան-Ալիև բանակցությունները հայտնի են «քիվեսթյան» անունով և ենթադրում էին տարածքների փոխանակում, Լեռնային Ղարաբաղը Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով միանում էր Հայաստանին, Ադրբեջանը ստանում էր Նախիջևանի հետ ցամաքային կապի հնարավորություն` Մեղրիի շրջանով: Այս տարբերակը ևս մերժվեց։

2004-ից սկսվեց Պրահյան գործընթացը, որտեղ առաջին անգամ ի հայտ է եկել հետաձգված հանրաքվեի հարցը, այսինքն՝ սա փուլային լուծման առաջնային տարբերակներից էր, ենթադրում էր՝ 5 շրջանների հանձնում, ապա՝ հանրաքավե ԼՂՀ-ում, հետո արդեն՝ 2 շրջանի վերադարձ։

2007թ. առաջ քաշվեցին Մադրիդյան սկզբունքները, որտեղ փոխզիջումների դիմաց սահմանված էր ԼՂՀ միջանկյալ կարգավիճակ, 2011թ. Կազանի փաստաթուղթը սահմանում էր համաժողովրդական քվեարկությամբ ԼՂՀ կարգավիճակի վերջնական  հաստատում, սակայն քվեարկության ժամկետներն ու մանրամասները կողմերը դեռ պետք է համաձայնեցնեին առաջիկա բանակցություններում։

2016թ. հունվարին առաջ քաշվեց, այպես կոչված, «Լավրովի պլան»-ը՝ դարձյալ շրջանների հանձնում՝ միջանկյալ ԼՂՀ կարգավիճակով։ Սա, ըստ էության, Կազանի փաստաղթղի թարմացված տարբերակն էր։

2016թ Ապրիլյան պատերազմից հետո՝ 2016թ. մայիսին ու հունիսին, ապա՝ 2017-ի հոկտեմբերին համապատասխանաբար՝ Վիեննայի, հետո՝ Սանկտ-Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները, որոնցով նախատեսվում էր դիտորդների տեղակայում արցախա-ադրբեջանական շփման գծում, վերջիններս պետք է իրականացնեին հրադադարի խախտման մոնիթորինգ։

Բացի այդ, Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի բանակցությունների ընթացքում Իլհամ Ալիևը հայտարարում էր, որ «իրեն ճնշում են և ստիպում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»:

Այնուամենայնիվ, ընդունելով, որ առաջիկայում հնարավոր է նոր պատերազմ, ՀԱԿ-ը արցախյան հիմնահարցի լուծումը տեսնում է հետեւյալ կերպ՝ Մինսկի խմբի համանախագահների օգնությամբ պետք է Ադրբեջանին ներգրավվել «վստահության կառուցման միջոցառումների» (Confidence Building Measures) բանակցությունների մեջ և փոխզիջումներով «վստահություն ստեղծել երկու պետությունների միջև»՝ ստանձնելով ուժի չկիրառման «միջազգային պարտավորություն»։

Սրանից հետո էլ «խաղաղություն» կհաստատվի, և կսկսվի բանակցությունների երկրորդ, երկարաժամկետ փուլը, որի վերջնական նպատակը պետք է լինի ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի վերջնական իրավական կարգավիճակի սահմանումը։

Կարգավիճակի հարցը ՀԱԿ-ն իր բոլոր տեսլականներում առաջարկում է թողնել «գալիք սերունդներին»։

Միևնույն ժամանակ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը 2021թ. հունիսի 15-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ընդունելի է համարել այն տարբերակը, որ Արցախը ճանաչվի Ադրբեջանի կազմում՝ «բարեկամության և հաշտության դիմաց»։ Նրա խոսքով՝ Հայաստանին «աշխարհը կստիպի» համաձայնել այդ տարբերակին, քանի որ այլ՝ փոխզիջումներ անելու հնարավորություն այլևս չկա։

«Ամբողջ միջազգային հանրության համար Լեռնային Ղարաբաղը համարվում է Ադրբեջանի մաս, ինչքան էլ մեզ պատեպատ տանք։ Այդ մարդիկ (ադրբեջանցիներ, հեղ.) եկել են միջազգային օրենքով իրենց տերիտորիական ամբողջությունը մասամբ վերականգնել են»,-նշեց Լ. Տեր-Պետրոսյանը՝ հավելելով, որ աշխարհը Ադրբեջանին չի դատապարտել, քանի որ աշխարհը ԼՂՀ-ն ճանաչում է որպես Ադրբեջանի մաս. տարածքային ամբողջականություն պահպանելը, ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի, «աշխարհի օրենքն է»։

 Նշենք, սակայն, որ ազգերի ինքնորոշման իրավունքը նույնպես միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք է՝ ամրագրված Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի հռչակագրերում, Մարդու իրավունքների միջազգային համաձայնագրերում։

Ազգերի ինքնորոշման իրավունքը տալիս է անկախ պետականության հռչակման միջազգային իրավազորություն, անկախ այլ պետությունների կողմից դրա ճանաչման փաստից։ Այս սկզբունքը կիրառելի է նաև Արցախի հայերի՝ Ադրբեջանի կազմում մնալու հարցը կարգավորելու համար։

Լևոն Տեր-Պետրոսյանը վտանգավոր է համարում «Հայաստան» դաշինքի հայտարարությունը ԼՂԻՄ տարածքի վերականգման մասին (մանրամասն՝ ներքևում), քանի որ դա, ըստ նրա, կբերի նոր պատերազմի, «նոր արյան» և «նոր կուրուստների», քանի որ Ադրբեջանը չի զիջի տարածքներ։

Այս ամենով հանդերձ՝ ՀԱԿ-ն իրատեսական է համարում վերացնել հաղորդակցման  ու տրանսպորտի ուղիների գործածության բոլոր արգելանքները՝ ստեղծելով Արցախի ժողովրդի համար անվտանգ ապրելու, զարգացման եւ միջազգային ներդրումների հնարավորություններ։

Ի տարբերություն ՀԱԿ-ի՝ «Պատիվ ունեմ» դաշինքը Արցախյան երկրորդ պատերազմի պատճառների ժամանակահատվածը նշում է 2018-2020թթ., երբ, ըստ դաշինքի, Հայաստանի իշխանությունները «տգետ և անպատասխանատու արտաքին քաղաքականություն» սկսեցին վարել՝ բերելով երկիրը պատերազմի։

«Պատիվ ունեմ» դաշինքը նշում է, որ, անկախ 44-օրյա պատերազմի ելքից, Արցախյան հիմնախնդիրը «կարգավորված չէ», և անհրաժեշտ է վերադարձ կարգավորման նախկին՝ բնականոն գործընթացին՝ պահպանելով ձևաչափը, տրամաբանությունն ու սկզբունքները։

Դա, ըստ դաշինքի, պետք է իրականացվի Մինսկի խմբի ձևաչափով՝ բանակցային փաստաթղթի հիմք հանդիսացող 3 սկզբունքների և 6 տարրերի հիման վրա՝ հարգելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Հայաստանի արտաքին գործերի նախարարության և այլ պետական մարմինների գործունեության արդյունքում և ճնշումների միջոցով Արցախին վերադարձվեն օկուպացված Շուշիի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջանների տարածքները, Շուշի և Հադրութ քաղաքները:

«Պատիվ ունեմ» դաշինքը նշում է նաև, որ պետք է ակտիվ գործունեություն ծավալել միջազգային հարթակներում՝ 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը տևած Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական ագրեսիայի ընթացքում ահաբեկչական խմբավորումների ներգրավման, քաղաքացիական օբյեկտների՝ բնակելի շենքերի, հիվանդանոցների, սրբավայրերի հրթիռակոծումների, չթույլատրված զինատեսակների կիրառման, այդ ամենի արդյունքում Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության փորձի դատապարտման համար։

Միևնույն ժամանակ, Արցախի անվտանգությունն ապահովելու նպատակով Հայաստանը պետք է աջակցի ռուս խաղաղապահներին՝ հասնելով նրանց ԵԱՀԿ ներկայացուցչության կարգավիճակի հաստատմանը:

Հայաստանը նորից պետք է աջակցի Արցախին՝ վերականգնելու ենթակառուցվածքներն ու շինությունները, վերակառուցելու Պաշտպանության բանակը, ձևավորելու և ամրապնդելու պաշտպանական դիրքերը, ապահովելու բոլոր փախստականների՝ բնակության 23 վայրեր վերադարձը, երաշխավորելու նրանց անվտանգությունը։

«Հայաստանը պետք է առավելագույն նպաստ բերի Հայաստանի և Արցախի հանրությունների միասնության ամրապնդմանը»,- նշված է «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ծրագրում։

«Հայաստան» դաշինքը ևս հայտնում է, որ Արցախի հիմնահարցը պետք է կարգավորվի բանակցություններով, բայց պետք է լինի բանակցությունների նոր փուլ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ։

«Հայաստան» դաշինքն իր ծրագրում ևս կարևորում է Արցախի տարածքի վերականգնման հարցը՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Իր ելույթներում դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթներից պարզ է դառնում, որ խոսքը ԼՂԻՄ տարածքների վերադարձի մասին է։

 ԼՂԻՄ-ը՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը վարչատարածքային միավոր էր Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմում։ ԼՂԻՄ-ը՝ որպես միավոր գոյություն է ունեցել 1923-1991 թվականներին։

Այն ընդգրկել է Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններն ու քաղաք Ստեփանակերտը։ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախն իր անկախությունը հռչակեց՝ որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։

 

Բացի այդ, «Հայաստան» դաշինքը նշում է, որ անվտանգ ցամաքային կապ պետք է հաստատել Հայաստանի հետ, ինչպես նաև՝ քայլեր ձեռնարկել՝ հրատապ լուծելու պատերազմի հետևանքով առաջացած տրանսպորտային ուղիների, անվտանգության խնդիրները, «թուրք-ադրբեջանական ագրեսիայի ծանր հետևանքները մեղմելու համար»։

Դաշինքը նույնպես ձգտելու է թուրք-ադրբեջանական ագրեսիայի միջազգային ճանամանը։ Բացի այդ, զբաղվելու է 44-օրյա պատերազմում գերեվարված անձանց վերադարձով, հստակեցնելու է զոհված, անհետ կորած, գերեվարված անձանց թիվը։

Դաշինքի հիմնական առաջնահերութոյւններից է «պարտվածի հոգեբանության մերժումը» և «արժանապատիվ խաղաղության» հաստատումը, որին կարելի է հասնել արդյունավետ տարածաշրջանային համագործակցության, «բոլոր հարևանների հետ արժանապատիվ հարաբերությունների հաստատման», դաշնակից երկրների հետ համագործակցության, փոխօգնությանմիջոցով։

Միևնույն ժամանակ, դաշինքը կողմ է Հարավային Կովկասում «բաց սահմանների գաղափարին», բայց դրանք պետք է բխեն մեր «ազգային և պետական շահերից»։

«Քաղաքացու Որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը նույնպես նպատակ ունի խաղաղ բանակցային ճանապարհով, մինչև 2025թ. որոշում կայացնել Արցախի կարգավիճակի վերաբերյալ և իրավականորեն ամրագրել դա։ ՔՈ-ն նույնպես նպատակ ունի հասնել Հադրութի, Շուշիի և նախկին ԼՂԻՄ տարածքի ամբողջական դեօկուպացիային, ինչպես նաև՝ Արցախի հայերի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանը՝ միևնույն ժամանակ խորացնելով հարաբերությունները գործընկեր պետությունների հետ տնտեսական և անվտանգային ուղղություններով։

Իսկ տարածաշրջանով հետաքրքրված բոլոր պետությունների հետ ՔՈ-ն փորձելու է «վերականգնել բալանսը Հայաստանի շուրջ»։

ՔՈ-ի համար առաջնահերթ են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Իրանի, Վրաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, արաբական երկրների և աֆրիկյան պետությունների հետ հարաբերությունների խորացումը։

ՔՈ-ն փորձելու է նաև «դիվանագիտական ճանապարհով հնարավորինս հեռացնել պատերազմի վտանգը» և իրականացնել այնպիսի բարեփոխումներ, որոնց արդյունքում յուրաքանչյուր քաղաքացի և յուրաքանչյուր բնակավայր պատրաստ կլինի և կկարողանա մասնակցել երկրի պաշտպանությանը։

«Բարգավաճ Հայասատան» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում նույնպես նշել է, որ պետք է հասնել Արցախի միջազգային ճանաչմանը՝ վերականգնելով նախկին ԼՂԻՄ-ի սահմաններով տարածքային ամբողջականությունը: Հիմնախնդիրը, ըստ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, պետք է հանգուցալուծվի բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով:

Ներկայումս իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նշում է, որ Արցախի վերջնական կարգավիճակը դեռ պետք է հստակեցվի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ։ Թե ինչ կարգավիճակի մասին է խոսքը, կամ քննարկվելու՞ է, արդյոք, Արցախի ինքնորոշման հարցը, ծրագրում հստակեցված չէ։

ԵԱՀԿ-ի դերը ՔՊ-ն առանցքային Է համարում «Ղարաբաղյան հակամարտության լուծման» և տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովման համար։

Արցախի և Արցախի ժողովրդի անվտանգությունը «կշարունակի ապահովել Պաշտպանության բանակը», որը, ըստ ՔՊ ծրագրի, ամբողջությամբ անցում կկատարի պայմանագրային զինծառայության:

Ռուսական խաղաղապահ ուժերն էլ Արցախում և Լաչինի միջանցքում Արցախի անվտանգության կարևորագույն երաշխիքն են: Իսկ Հայաստանի անվտանգության «կարևոր երաշխիքը» տարածաշրջանի ապաշրջափակումն է, ինչը կարևոր է նաև «Արցախի կենսական շահերի համար»։

Այս տեսանկյունից ՔՊ-ն «առանցքային է համարում 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարություններն ու դրանից բխող քայլերի ամբողջական և անվերապահ իրագործումը»:

«Լուսավոր Հայաստան»-ն Արցախյան հիմնահարցի լուծման և Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխիքը համարում է Հայաստանի հզոր տնտեսությունը, որպեսզի հնարավոր լինի հանդես գալ «ուժեղ դիրքերից»։

«Արցախի հիմնախնդիրը կարելի է լուծել միմիայն առաջավոր, դիվերսիֆիկացված, իրավունքի գերակայության պայմաններում զարգացող տնտեսություն կառուցելու միջոցով»,-նշված է կուսակցության

«Լուսավոր Հայաստանը» սատարելու է Արցախյան խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ զուգահեռաբար ավելացնելով պաշտպանական հզորությունները՝ վերականգնելով խախտված տարածաշրջանային ռազմական հավասարակշռությունը։ Նաև «ջանք են թափելու» Արցախը բանակցային լիիրավ կողմ ներգրավելու ուղղությամբ՝ ներգրավելով «արհեստավարժ դիվանագետների»;

«Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքը շատ կարճ է անդրադարձել Արցախյան հիմնախնդրին՝ նշելով, որ փորձելու է հասնել «Արցախյան հակամարտության համապարփակ կարգավորման միջազգային մանդատի՝ Արցախի ինքնորոշման միջազգայնորեն երաշխավորված ճանաչման ու անվտանգության հիմքով»։

Իսկ արտաքին քաղաքականություն «վարելու է՝ բացառապես ելնելով Հայաստանի պետական շահերից և միջազգային իրավունքից՝ հավասարակշռելով ու համադրելով Հայաստանի գործընկերների ու այլ արտաքին շահերը»։

«Ազգային ժողովրդական բևեռ» կուսակցությունը Արցախի հարցի լուծումը տեսնում է 1918-20 թթ «Հայաստանի Հանրապետության իրավահաջորդության և Հայկական հարցի լուծման համատեքստում»՝ «առոչինչ հայտարարելով այդ շրջանի բոլոր միջազգային պայմանագրերն ու այլ ակտերը», ինչպես նաև՝ Արցախին և Նախիջևանին վերաբերող ակտերը։ Թե ինչ լծակներով է ԱԺԲ-ն հասնելու դրան, հայտնի չէ։

ԱԺԲ-ն «չեղարկելու է» 2020 թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ նշելով, որ Ադրբեջանի Զինված ուժերը պետք է վերադառնան 2020 թ նոյեմբերի 9-ին զբաղեցրած դիրքերը, դուրս գան Շուշիի և Հադրութի շրջաններից, «փորձելով լուծել» Արցախի կարգավիճակի ու միջազգային խաղաղապահների խնդիրները։

ԱԺԲ-ն նպատակ ունի Ռուսաստանի փոխարեն ձեռք բերել «իրական դաշնակիցներ՝ դառնալով «ԱՄՆ-ի, բայց ոչ ՆԱՏՕ-ի անդամ, հիմնական դաշնակից»։

«Հանրապետություն» կուսակցությունը Արցախի կարգավիճակի վերջնական լուծումը տեսնում է «ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ ինքնորոշման իրավունքի գերակայությամբ»։ Միևնույն ժամանակ, առաջարկում է ԱՄՆ-ն դիտարկել որպես գործընկեր, իսկ Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերային փոխգործակցությունը՝ հստակեցնել։

«Ազատ հայրենիք դաշինք»-ն իր նախընտրական ծրագրում նշում է, որ վարելով «անկախ արտաքին քաղաքականություն»՝ պետք է հասնեն Արցախի անկախությունը ճանաչելուն և տարածքային ամբողջականությունը վերականգնելուն՝ նախկին ԼՂԻՄ տարածքով և Շահումյանի շրջանով՝ ներառյալ այդ շրջանը Հայաստանի հետ կապող միջանցքը։ Իսկ 2025թ-ին՝ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ ռազմական պայմանագրերի ավարտին զուգահեռ, Հայաստանը պետք է նոր ռազմական պայմանագրեր կնքի Ֆրանսիայի հետ

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունն իր ծրագրում նշում է, որ «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի մաս» և մեղադրում Հայաստանի ներկա և նախորդ իշխանություններին, որոնք վարել են «անհաշվենկատ, անհեռատես» քաղաքականություն։ Կուսակցության նպատակն է ստեղծել հզոր պետություն, իսկ Արցախի հարցի լուծումը տեսնում է Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման շրջանակներում։ Թե ինչ կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկի, նշված չէ։

«Հայաստանի եվրոպական կուսակցությունը» համարում է, որ Արցախյան հիմնախնդիրը հնարավոր է կարգավորել «միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստում»՝ կնքելով «հետխաղաղության պայմանագիր» Ադրբեջանի հետ։ Արցախյան հիմնախնդրի լուծումը ՀԵԿ-ը կարևորում է Եվրամիությանն անդամակցելու համար։

«Վերելք» կուսակցությունը չունի որևէ դիրքորոշում Արցախյան հիմնահարցի կարգավորման շուրջ, միայն նշել է, որ կարևոր է Հայաստանի և Արցախի արտաքին անվտանգության շարունակական ամրապնդումը, ինչի համար առաջնային է վերակազմավորված և վերազինված բանակը, որը և «ունակ կլինի մարտական գործողություններ վարել հակառակորդի տարածքում»՝ դիմակայելով պետական և ազգային անվտանգությանն ուղղված «գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերներին»;

«Ազգային օրակարգ» կուսակցությունը Արցախյան հիմնահարցին և դրա կարգավորման հարցերին չի անդրադառնում, բայց կարծում է, որ «անվերապահ քայլ» պետք է լինի Արցախի միացումը Հայաստանին, իսկ անվտանգության համար պետք է ստեղծել մարտունակ բանակ և վարել «նախաձեռնողական քաղաքականություն»։

Սամվել Բաբայանի «Ազատական կուսակցության նախընտրական ծրագիրը որևէ տեղ հրապարակված չէ։ Կուսակցությունն իր ֆեյսբուքյան էջում այս ընթացքում չի անդրադարձել Արցախյան հիմնահարցին, փոխարենը նշվել է, որ պետք է ապահովել Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը, անկախությունը և ֆիզիկական անվտանգությունը, որի երաշխավորը պետք է լինի արդիականացված հայկական բանակը։

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը չի ներկայացրել նախընտրական ծրագիր, սակայն առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը հարցազրույցներից մեկում նշել է, Արցախը պետք է «ճանաչվի որպես անկախ պետական միավոր», իսկ առաջին հերթին դա «պիտի անի մեր դաշնակից, ռազմական գործընկեր Ռուսաստանը» հետևաբար՝ հենց դաշնակցի հետ Հայաստանը պիտի սկսի նոր ձևաչափի բանակցություններ:

«Հայոց Հայրենիք» կուսակցության նախընտրական ծրագրում Արցախը ներառված չէ։ Միայն խոսք կա ՀՀ սահմանների անվտանգության մասին, որը պետք է ապահովի «գերժամանակակից զինատեսակներով» ապահովված բանակը։

«Արդար Հայաստան» կուսակցությունը չունի նախընտրական ծրագիր, իսկ կուսակցության վարչապետի թեկնածու Նորայր Նորիկյանն իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ Արցախին պետք է «նոր շունչ հաղորդել»՝ այնտեղ բնակություն հաստատելով։ Նորիկյանը, սակայն, ինքն էլ չգիտի՝ «առաջիկա տասնամյակներում Հայաստանն առաջնորդվելու է խաղաղությա՞ն, թե՞ պատերազմի հայեցակարգով», քանի որ նշում է, որ միասին ենք պարտավոր գտնել այդ հարցի պատասխանը։

«5165» շարժումը նախընտրական ծրագիր չի հրապարակել, ելույթներում շարժման վարչապետի թեկնածու Կարին Տոնոյանը նշում է, որ ամենակարևորը «Հայաստանի անվտանգությունը և մեր արժանապատվությունն էորը տրորված էբայց այն պետք է վերականգնել»։

Հրանտ Բագրատյանի գլխավորած «Ազատություն» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում Արցախի մասով առաջարկում է միայն Հայաստանի և Արցախի սահմաններում ստեղծել «ռազմականացված բնակավայրեր», որտեղ ապրող մարդիկ զենք կրելու իրավունք կստանան, աղջիկներն ու կանայք վճարովի հիմունքով կկարողանան ծառայել բանակում, պետական պաշտոն կկարողանան զբաղեցնել միայն ծառայածները, իսկ «Հայրենիքի դավաճանության դեպքում պետք է վերականգնել գնդակահարության հոդվածը»։

«Համահայկական ազգային պետականություն» կուսակցությունը չունի նախընտրական հատուկ ծրագիր, որևէ տեղ Արցախյան հիմնահարցին անդրադարձ չգտանք, փոխարենը կուսակցության ֆեյսբուքյյան էջում նշված է, որ կարևոր է «անվտանգությունը, հզոր բանակը, ռազմարդյունաբերությունը, ճիշտ դիվանագիտությունը»:

«Միասնական Հայրենիք», «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայաստանի դեմոկրատական կուսակցության» նախընտրական ծրագիրը որևէ հարթակում գնտել չստացվեց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter