HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Սարգսյան

Արման Բաբաջանյան. «Հաջողություն անցյալ, կեցցե՛ Հայաստանի հեռանկարը»

«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների» դաշինքն իր ամփոփիչ հանրահավաքն անցկացրեց Երևանի Հյուսիսային պողոտայում:

Դաշինքի նախընտրական ցուցակի պատգամավորի թեկնածու Ստյոպա Սաֆարյանը դրական գնահատեց քարոզարշավի ողջ ընթացքը, ասաց, որ մարդիկ իրենց սիրով են ընդունել:

«Մենք մեր ամենապրոֆեսիոնալ թիմով շրջեցինք Հայաստանի արևելյան սահմանից մինչև արևմտյան սահման, հարավային սահմանագծից մինչև հյուսիս, տեսանք ժողովուրդ, որը և՛ վշտի մեջ էր, և՛ շփոթության, բայց գնահատող այն ազատությունը, որը ստացել է»: Սաֆարյանը վստահեցրեց, որ իրենց ընտրելու դեպքում Հայաստանի քաղաքացին ունենալու է այն բանակը, որը պրոֆեսիոնալ է լինելու, այն սահմանը, որը զինված է լինելու նորագույն սարքավորումներով, այն ԶՈւ-ն, որը զինված է լինելու նորագույն սպառազինություններով և այն երկիրը, որ ունենալու է միջազգային դաշնակիցներ ու գործընկերներ: Ստյոպա Սաֆարյանը նաև հայտարարեց, որ անցյալի վերադարձ չի լինելու. «Հայաստանն ազատագրվելու է անցյալի ուրվականից, որը հիմա մեր թիկունքում է, մեր Հրապարակում է, մեր տխուր անցյալն է»:

Դաշինքի առաջնորդ Արման Բաբաջանյանն ասաց, որ գալիս են բեկելու հանրային կյանքի բոլոր ոլորտները: Սկսելու են անվտանգային հարցերի լուծումից, արտաքին քաղաքականության բազմաբանեցումից և արդյունաբերության զարգացումից: «Հայկական բանակի բարեփոխումը չպետք է լինի միայն Ռուսաստանի մասնակցությամբ, ներգրավվածությամբ ու աջակցությամբ: Բանակի հարցում պետք է լինի արտաքին գործընկերային միջավայրի դիվերսիֆիկացվածության նվազագույն աստիճան»:

Արքաքին քաղաքականության ոլորտում կարևորում են Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների սերտացումը:

Արման Բաբաջանյանը նույնպես անդրադարձավ Հայաստանի քաղաքական կյանքի անցյալի գործիչներին, այս ընտրություններում թեկնածու ուժերին: Հանրահավաքի ժամանակ Հյուսիսային պողոտայով էր անցնում «Հայաստան» դաշինքի աջակիցների երթը և Բաբաջանյանը հայտարարեց, որ միասնաբար ճանապարհում են անցյալը. «Հաջողություն անցյալ, կեցցե՛ Հայաստանի հեռանկարը»:

Դաշինքի առաջնորդը վստահեցրեց, որ իրենք ունեն ձիրքեր, գիտելիք, փորձ, կարողություններ՝ երկիրը դուրս բերելու ծանր իրավիճակից: Ելույթի վերջում Բաբաջանյանը կարդաց իր բանաստեղծությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter