HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էբրահիմ Ռայիսին առաջատարն է Իրանի նախագահական ընտրություններում

Իրանի նախագահի թեկնածու Էբրահիմ Ռայիսին մեծ առավելությամբ հաղթում է նախագահական ընտրություններում։ Հաղթանակի կապակցությամբ նրան արդեն իսկ շնորհավորել են մրցակիցները, չնայած քվեաթերթիկների հաշվարկը դեռ չի ավարտվել։ Այդ մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը՝ հղում անելով Իրանի Ներքին գործերի նախարարության հաշվարկների արդյունքներին։

Ըստ առկա տվյալների՝ հայտնի է, որ Ռայիսիի օգտին քվեարկել է շուրջ 17,8 միլիոն մարդ, այն դեպքում, երբ նրա մրցակիցները հավաքել են մի քանի անգամ ավելի քիչ ձայներ։ Այսպես, Մոհսեն Ռեզաին ստացել է շուրջ 3,3 միլիոն ձայն, Աբդոլնասեր Հեմատին՝ 2,4 միլիոն, իսկ Ամիր Հոսեյն Քազիզադեն՝ շուրջ 1 միլիոն։

Ձայների հաշվարկը դեռևս շարունակվում է։ Ընտրատեղամասերը փակվել էին Երևանի ժամանակով 01:00-ին։ 

Նախագահի թեկնածուներից երեքն արդեն իսկ շնորհավորել են Ռայիսիին և հաջողություն մաղթել։ Նրան շնորհավորել է նաև դեռևս գործող նախագահ Հասան Ռոհանին՝ չտալով Ռայիսիի անունը։ «Շնորհավորում եմ ընտրված թեկնածուին։ Իհարկե, քանի որ դեռևս պաշտոնապես չի հայտարարվել այդ մասին, պաշտոնական շնորհավորանքը կանեմ օրենքով սահմանված ժամկետներում, բայց նա, որը ընտրվել է ժողովրդի կողմից և ստացել ձայների բավարար քանակ, արդեն իսկ հայտնի է։ Տա Աստված, որ նա նախագահ դառնա 45 օր անց»,- նշել է Իրանի դեռևս գործող նախագահը։

Նախագահական աթոռի զբաղեցման հիմնական պայքարն ընթանում էր չորս թեկնածուների միջև։ Առաջատարն իհարկե համարվում էր Ռայիսին։ 60-ամյա քաղաքական գործիչը, որը գտնվում է ամերիկյան պատժամիջոցների տակ, 2019 թվականից զբաղեցրել էր Իրանի դատական իշխանության ղեկավարի պաշտոնը, իսկ մինչ այդ եղել է երկրի գլխավոր դատախազը։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ նա խոստացել էր պայքարել աղքատության և կոռուպցիայի դեմ, 4 տարվա ընթացքում կառուցել 4 միլիոն նոր տուն և ստեղծել «ազգային կառավարություն՝ հանուն ուժեղ Իրանի»։

Ռայիսին նախկինում խիստ քննադատել է իրանական միջուկային ծրագրի համաձայնագիրը, որն Իրանը կնքել էր միջազգային վեց միջնորդների հետ։ Սակայն ներկայումս, ինչպես մյուս թեկնածուները, նա պատրաստակամություն է հայտնել իրականացնելու բոլոր պարտավարությունները, եթե Միացյալ Նահանգները վերադառնա այդ համաձայնագրին։

Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանին չի մասնակցում ընտրություններին, քանի որ լրանում է նրա պաշտոնավարման երկրորդ ժամկետը։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter