HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սևանի ափը 48 հազար դրամով վարձակալության է տրվել. լճի 1905 մ նիշից ցածր անտառային տարածքում նոր քոթեջներ են կառուցվելու

Գեղարքունիքի մարզի Ծովազարդ համայնքում` Սևանա լճի ափին, նախատեսվում է քոթեջներ կառուցել և կազմակերպել անհատական հանգստի գոտի: Կառուցապատման ենթակա տարածքը գտնվում է «Սևան» ազգային պարկ»-ի ռեկրեացիոն գոտում` 1905 մետր բացարձակ նիշից ցածր: Հողատարածքի մակերեսը 0,3 հա է: Ճարտարապետահատակագծային առաջադրանքում հողատարածքի չափը 0,27 հա է նշվել: Տարբերությունն առաջացել է Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման արդյունքում:

Հողամասի բնութագրում նշվում է, որ այն չկառուցապատված է, միջին թեքություններով, չծառապատված տարածք է:

«Տարածքում ի սկզբանե գոյություն ունեցող ծառեր չկան»,- արձանագրված է ՇՄԱԳ նախագծում: Մեկ այլ տեղում նշված է, որ նախատեսվող գործունեության վայրի հողերը՝ Սևանա լճի բուսազուրկ հատակային հողեր են:

Մինչդեռ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հետ վարձակալության պայմանագրում հստակ արձանագրված է, որ այն մասամբ անտառածածկ տարածք է: Հողի նպատակային նշանակությունն անտառային է, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը` անտառ:

Ծովազարդ համայնքի ղեկավար Արամայիս Ենգոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ տարածքում իսկապես ծառեր չկան, թե ինչու է այն անտառային կամ նշանակությունն ինչու չի փոխվել, ինքը տեղյակ չէ: Նշենք, որ Արամայիս Ենգոյանը պաշտոնավարում է 2016 թվականից:

Հողամասում կա 160 գմ ընդհանուր երկարությամբ ապամոնտաժման ենթակա պարիսպ, որն ապօրինի շինություն է: Այս պարսպի մասին ևս համայնքապետը ոչինչ չգիտեր: Ասաց` ինչ հիշում է, այդ պարիսպը կա:

Հողամասի 47 % գտնվում է 1905.0 մ բացարձակ նիշերից բարձր ընկած հատվածում: Դա նշանակում է, որ գերակշիռ մասը նշված նիշից ցածր է: Հիշեցնենք, որ այդ նիշը սահմանվել է Սևանի ափը ազատ թողնելու համար` հնարավոր ջրածածկման պատճառով, և կառուցապատում իրականացնել չի թույլատրվում: Ավելին, այդ հատվածից ցածր բոլոր շինություններն ապամոնտաժելու հրաման է տրվել ՇՄՆ-ի կողմից:

Շրջակա միջավայրի գնահատման հայտում նշվում է, որ 1905.0 մ բացարձակ նիշից ցածր տարածքում հիմնական շինություններ չեն նախատեսվում:

Լինելու է 3 տեսակի քոթեջ, որոնցից առաջին տեսակի երկու քոթեջը նախագծված է որպես հիմնական շինություն, քանի որ գտնվում է 1905 նիշից բարձր` 1906 նիշի վրա, իսկ մյուս երկու տեսակի 4 քոթեջը նախատեսված է իրականացնել թեթև մետաղական կոնստրուկցիաներով (շարժական), և տեղադրվելու են 1903.5-1905.64 նիշերի հատվածում: Շարժական քոթեջների ամրացումը իրականացվելու է ցցային հիմքերի միջոցով:

Շինարարական աշխատանքները տևելու են 2 տարի, իսկ դրանց ավարտից հետո նախատեսվում է տնկել 40 հատ փշատերեւ ծառ, մասնավորապես՝ գիհի, սոճի, կովկասյան եղեւնի եւ 2000քմ սիզամարգ: Ծառերի տեսակները լրացուցիչ կհամաձայնեցվեն «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հետ:

Նախատեսվող գործունեության տարածք կարճաժամկետ այցելության և ուսումնասիրության ընթացքում հազվագյուտ, Կարմիր գրքում գրանցված բուսատեսակներ ու կենդանատեսակներ չեն հանդիպել։

Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականից տեղեկանում ենք, որ Ռուբեն Հայկազի Մովսիսյանը մեկ տարի առաջ վարձակալել է նշված տարածքը առաջնային վարձակալից` Ծովազարդի բնակիչ Ֆելիքս Սարգսյանից, մինչև 2030 թվականը ընդամենը 48 հազար դրամով: Իր հերթին Ֆելիքս Սարգսյանը վարձակալության է վերցրել այդ տարածքը ազգային պարկից դեռևս 2005 թվականին` նույն արժեքով` հանգստի գոտի կազմակերպելու նպատակով:

Ռուբեն Մովսիսյանը գրանցված է Կոտայքի մարզի Առինջ համայնքում: Նրա մասնակցությամբ պետռեգիստրում ևս մեկ ընկերություն կա` «Ռուֆ գարդեն» ՍՊԸ-ն:

Ծովազարդ համայնքի ղեկավարը նախագծային թույլտվությունը տվել է, սակայն դեռևս շինթույլտվություն չի տրամադրել, սպասում են փորձաքննությունների եզրակացություններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter