HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Խաղաղության խաչեր՝ պատրաստված պարկուճներից

Մեկ կրակված պարկուճի դիմած մեկ խաղաղության խաչ: Մահաբեր  մետաղից մինչեւ կանացի պարանոցը, ականջներն ու մատերը զարդարող ինքնատիպ զարդեր: Անպետք թափոնին՝ երկրորդ կյանք: Սա համառոտ նկարագիրն է «ՀայԱր Զարդեր» ապրանքանիշի հիմնադիր, գյումրեցի արվեստագետ Արտակ Թադեւոսյանի ստեղծագործական ուղու: 

Փամփուշտի, որպես հումքի, ընտրության հարցում մեծ դերակատարում է ունեցել ավագ աղջկա հարցասիրությունը: «Գնացել էինք ընտանիքով բնության գրկում հանգստանալու, աղջիկս պարկուճ էր գտել, ամենայն հավանականության որսորդների թողած, ու իրեն հետաքրքիր էր, թե ինչ է, ինչի համար է: Ես սկսեցի բացատրել ու հասկացա, որ կենդանի արարածին կյանքից զրկող մետաղին պետք է այլ գործառույթ տալ: Հասկացա նաեւ, որ բնությունն է աղտոտվում, որ հողն է ծանրանում էս անպետք մետաղներով,-ասում է Արտակը՝ ձեռքի մեջ պտտելով մահաբեր մետաղակտորը,-ամեն զորավարժությունից հետո, որ ես 5քմ  տարածք եմ մաքրում, դրանով օգնում եմ, որ բնությունը մաքուր մնա, հողը շնչի»:

Սեփական տան նկուղային հարկում ձեւավորված աշխատանոցի մի անկյունում պատրաստի զարդերն են, մյուսում՝ տարբեր տրամաչափի ու նշանակության զինատեսակների արդեն ոչ պիտանի կտորները: Արտակը մասնագիտությամբ նկարիչ-դիզայներ է, ավարտել է Գյումրու Մանկավարժական ինստիտուտի կերպարվեստի եւ գծագրության բաժինը: Ստեղծագործել սկսել է բավական ուշ: Մինչ այդ զբաղվել է եւ արտագնա աշխատանքով, եւ առեւտրով: Հիմա հումորվ է հիշում հատկապես վերավաճառողի իր անհաջող կարերիայի մասին: 

«Առեւտուրն իմս չէ: Մարդ կա 50 կգ միրգ կառնի՝ կսարքե 70 կգ, հասկացար չէ՞, այսինքն օգուտով է դուրս գալիս: Իսկ ես մի բան էլ տուժած տուն կհասնեի: Մերոնք կզարմանային, թե 50 կգ-ից ինչի եմ 40 կգ-ի եկամուտ ստացել,-Արտակը ծիծաղում է,-ինստիտուտն ավարտելուց հետո Գյումրիում աշխատանք չկար, ընկերներիս հետ մեկնեցինք արտագնա աշխատանքի: Սկզբում Ուֆայում էի, հետո՝ Մոսկվայում: Կարճ ժամանակով վերադարձա հայրենիք, հետո գնացի Եվրոպա, մի երկու տարի էլ այնտեղ մնացի: 2005թ-ին հետ եկա Գյումրի եւ հետո հստակ որոշեցի, որ այլեւս չեմ լքելու հայրենիքս, անգամ ծննդավայրս, որ ապրելու եւ աշխատելու եմ Գյումրիում, որքան էլ դժվար լինի»:

Ստեղծագործել սկսել է շատ ուշ՝ 2015թ-ից: Գյումրիում լատունից, պղնձի ու արյուրե համաձուլվածքից զարդեր պատրաստող արվեստագետներ արդեն կային ու սեփական տեղը գտնելու, հաստատվելու համար հարկ էր, որ տարբերվող ոճով ներկայանար: Նրան այդպես էլ, կարճ ժամանակ անց, սկսեցին ճանաչել ու տարբերակել որպես՝ «փամփուշտից զարդ սարքող տղեն>: Ասում է, որ շատերը զարդերի միջոցով խաղաղության իր կոչերն այլ կերպ են հասկանում ու մեկնաբանում: Այո՛, խաղաղություն, բայց ոչ՝ զինթափում: Խաղաղություն, բայց ոչ՝ խեղճություն: Խաղաղություն՝ հզորանալու գնով: 

«Քանի դեռ աշխարհում կա զենքի տարբեր տեսակների մրցավազք, միամտություն կլինի կարծել, թե առանց հզորանալու կստանանք մեր երազած խաղաղությունը,-նկատում է զրուցակիցս,-ես երբեք չեմ ասել փամփուշտը փոխարինեք զարդով: Ես ընդամենը ցույց եմ տվել, թե երկրորդ կյանք տալով մահաբեր այս մետաղին, այն ավելի հաճելի բանի կարող ենք վերածել»:

2016թ-ի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Արտակը որոշում է պատրաստել խաղաղության խաչեր: Ասում է, որ միտքը հղացել է այն ժամանակ, երբ ուսումնասիրել է որպես պարգեւ հանձնվող շքանշանների բազմազանությունը: Կար մարտական խաչ հասկացություն, բայց չկար՝ խաղաղության: ՀՀ պետական պարգեւների շարքում  «Մարտական Խաչ» շքանշանը հիմնադրվել է 1993թ-ին եւ շնորհվում է հայրենիքի պաշտպանության եւ անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության եւ հմտության համար: 

«Իհարկե, իմ հղացած «Խաղաղության խաչը» պետական պարգեւ չէ, դա բացարձակապես սեփական նախաձեռնության արդյունք է: Ես ուզեցի որեւէ կերպ երախտահատույց լինել այդ տղաներին, որ կանգնած են սահմանին, որ պաշտպանել են, պայքարել մեր բոլորի խաղաղ ապրելու իրավունքի համար,-նկատում է Արտակը,-բայց սա չի նշանակում, թե բացառապես զինվորականների պետք է նվիրեմ խաչը: Այն կարող է շնորհվել թիկունքում պատերազմի ժամանակ կամավորական աշխատանք տանողին, աշխարհին իր արվեստով խաղաղության գաղափարը հասցնողին, բժշկին եւ այլն:  Բնագավառը կարեւոր չէ, կարող է ստանալ եւ՛ քաղաքական գործիչը, եւ՛ օպերային երգիչը, եւ գիտնականը»:

Արտակի համոզմամբ, պարգեւը չի կարելի հենց այնպես շնորհել, եւ հերոսացնելն էլ պետք է ինքնանպատակ չլինի: Ընտրություն կատարելիս մեծ աջակցություն է ցուցաբերել ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն, ում համարում է խաչերի կնքամայր: «2016թ-ին Սոֆյայի օգնությամբ եմ գտել, այցելել այն տղաներին, որոնք իրոք հերոսական արարքներ են գործել: Սոֆյան տիրապետում էր ամբողջական ինֆորմացիային, գիտեր ով, որտեղ, ինչ հանգամանքներում էր վիրավորվել, որովհետեւ էնքան էլ ճիշտ չէ, երբ որսի հետեւից վազած ու պատահաբար վիրավորվածին էլ են հերոս համարում, իսկապես կռված տղային էլ,-պարզաբանում է զրուցակիցս,-ես եղել եմ նաեւ զոհվածների ընտանիքներում՝ Ռոբերտ Աբաջյանի(զոհվել է ապրիլյան քառօրյայի ժամանակ), Վարդան Ամալյանի(զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ), մյուսների, տեսել եմ ծնողների աչքերը, զրուցել ու հասկացել, որ հենց էս ընտանիքներում պիտի ծնվեին հերոս տղաները: Մենք պետք է անպայման մեծարենք նրանց, ովքեր իրենց աշխատանքով, իրենց արարքներով լումա ունեն հայրենիքի կայացման, սահմանների ամրության եւ ի վերջո, խաղաղության պահպանման համար»:

Արտակ Թադեւոսյանը ացած 4 տարիների ընթացքում 120-ից ավելի խաչ է պատրաստել եւ նվիրել: Արցախյան պատերազմի ժամանակ որեւէ զարդ չի պատրաստել՝ դրա ժամանակը չէր, սակայն նկարել է: Ոչ այնքան մեծ կտավների փոթորկվող պատկերները ծնվել են թշնամու կողմից Արցախում կիրառված ֆոսֆորային զենքի հետեւանքները տեսնելուց հետո: 

«Ես տեսա Կարմիր խաչի հիվանդանոցում ֆոսֆորից այրվածքներ ստացած զինվորների եւ ուզեցի աշխարհին այս ձեւով հասցնել բողոքս: Հիշու՞մ եք, երբ Ավստրալիայում անտառներն այրվում էին, մարդիկ կենդանիներին էին փրկում, աշխարհի բնապահպաներն ահազանգեցին, բայց Արցախի անտառների ոչնչացումը ֆոսֆորայի ռումբներիից, մարդու նկատմամբ արգելված զենքի կիրառումը ոչ ոքի չհուզեց, իրենք լռեցին, մենք չստացանք համարժեք արձագանք: Ես ուզեցի նկարել, ուզեցի այս կերպ բարձրաձայնել,-Արտակը մի պահ լռում է, հետո շարունակում,-լիքը մարդիկ կան որ ապրում են, բայց դա ապրել չէ: Եթե դու ծնվել ես, էդ ծնունդ-մահ ինտերվալի մեջ էնպես պիտի ապրես, որ հետագիծ ունենաս, կողքինիդ, հարազատիդ, հայրնիքիդ օգուտ տված էղնիս, մենակ քո եսի համար չգոյատեւես»:


Գլխավոր լուսանկարում՝ Ապրիլան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված Մերուժան Ստեփանյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter