HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էբրահիմ Ռայիսին պաշտոնապես հաղթել է Իրանի նախագահական ընտրություններում

Էբրահիմ Ռայիսին, որն ստացել է ավելի քան 17,9 միլիոն ձայն, պաշտոնապես ճանաչվել է Իրանի նախագահական ընտրությունների հաղթող։ Այդ մասին շաբաթ օրը՝ հունիսի 19-ին հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Ռահմանի Ֆազլին։

Նախագահական ընտրություններին մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 48,8 %-ը, իսկ ընդհանուր առմամբ քվեարկել է մոտ 28,9 միլիոն մարդ։ «28 933 004 անձանցից, որոնք մասնակցել են 13-րդ նախագահական ընտրություններին, 17 926 345-ը քվեարկել է Էբրահիմ Ռայիսիի օգտին»,- նշել է նա՝ հավելելով, որ Ռայիսին ճանաչվել է ընտրությունների պաշտոնական հաղթող։ Այսպիսով, այս ցուցանիշը դարձել է ռեկորդային ամենացածրը՝ ժամանակակից Իրանի պատմության ողջ ընթացքում։ 

Ֆազլիի խոսքերով՝ Ընդունվող որոշումների նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային ստացել է 3 412 712 քվե, Իրանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Աբդոլնասեր Հեմատին՝ 2 427 201 քվե, իսկ Մեջլիսի փոխխոսնակ Ամիր Հոսեյն Քազիզադե Հաշեմին՝ 999 718 քվե։ «Մնացած քվեաթերթիկները անվավեր են ճանաչվել»,- հավելել է նախարարը։ 

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ շնորհավորել են Էբրահիմ Ռայիսիին ընտրվելու կապակցությամբ։

Ժամանակակից Իրանի պատմության տասներեքերորդ ընտրություններն ավարտվել են շաբաթ օրը՝ տեղի ժամանակով 02:00-ին։ Քվեարկությունը սկսվել է տեղի ժամանակով 07:00-ին և պետք է շարունակվեր մինչև կեսգիշեր։ Սակայն ընտրատեղամասերի աշխատանքը երկարացվել է այն պատճառով, որ ոչ բոլոր քաղաքացիներն էին հասցրել քվեարկել նախապես սահմանված ժամկետներում։

Լուսանկարը՝ AP Photo/Ebrahim Noroozi-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter