HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կ.Անդրեասյան. «Հայաստանում բազմաթիվ են դեպքերը, երբ անհրաժեշտ է մարդուն պաշտպանել դատարանից»

Այսօր տեղի ունեցավ «Արդար դատաքննության իրավունք» ֆորումը, որը կազմակերպել էին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը և ՀՀ փաստաբանների պալատը' «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Ֆորումի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ներկայացրեց դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդմամբ հանդես գալու պաշտպանի նոր օրենսդրական լիազորությունը, որն ուժի մեջ է մտել 2011 թ. հունվարի 1-ին:

Ստորև ներկայացվում է Կարեն Անդրեասյանի ելույթն' ուղղված փաստաբաններին:

Հարգելի փաստաբաններ,
Երկու ամիս առաջ ես ձեզնից մեկն էի և 6 տարի հետո պատրաստվում եմ նորից լինել ձեզնից մեկը: Այսինքն' եղել եմ փաստաբան ու, կարծում եմ, ամենապատվաբեր աշխատանքն եմ կատարել, բայց ուզում եմ, որ 6 տարի անց, երբ վերադառնամ իմ աշխատանքին, դատական համակարգի վիճակը այլ լինի: Բոլոր փաստաբանները, համոզված եմ, հասկանում են' ինչ նկատի ունեմ ասելով' այլ վիճակ:

Մարդու իրավունքների պաշտպան ընտրվելուց հետո ես հաճախ եմ խոսում դատարանների մասին, սակայն ամենևին նպատակ չունեմ հատուկ թիրախավորել ու քննադատել կամ պիտակավորել ու փորձել քավության նոխազ դարձնել մի համակարգ, որը բացառապես հարգանքի արժանի է իր ստեղծման իսկ պահից:

Սակայն, միևնույն ժամանակ, պետք է հատուկ շեշտեմ, որ անիրավ, անարդար դատավորները մեր հասարակության թշնամիներն ու ամենամեծ վնասարարներն են: Արդյոք քաղաքական գործիչների, քաղաքական ուժերի, հասարակության լայն զանգվածների օրակարգում կա՞ դատական համակարգի խնդիրը լուծելու նպատակ' կենտրոնանալով ոչ թե մեկ կամ երկու դատավորի, այլ ընդհանրապես դատական անարդարությունների պատճառների և դրանց չվերացման հետևանքների վրա:

Այսօր մեր հասարակությունն ունի երկու խնդիր' հացի և արդարության: Ես կարծում եմ' եթե այս երկու հիմնական, կենսական' սոցիալական և արդարադատության խնդիրները լուծվեն, ապա նվազագույնը կարելի է ասել, որ Հայաստանում ապրող ամեն մարդ իր դժգոհությունները, որոնք շատ հաճախ արդարացի են, կկարողանա բավարարված տեսնել:

Մարդու բոլոր մյուս իրավունքներն ածանցվում են արդար դատաքննության իրավունքին կամ բխում դրանից: Կարծում եմ' չկա իրավաբան, որը հստակ չի պատկերացնում այս կապը:

Անկախության առաջին տարիներին բոլորի ուշադրության կենտրոնում էր երկրում օրենսդրական դաշտի ձևավորումը, և դա արդարացված էր: Ժամանակի ընթացքում միջազգային կառույցների, մեր տեղական փորձագետների, քաղաքական ուժերի ջանքերով այսօր արդեն օրենսդրական դաշտը բավականաչափ ձևավորված է: Բայց մարդիկ որևէ խնդրի լուծումը դեռևս կապում են օրենքների փոփոխության հետ: Մինչդեռ անհրաժեշտ չէ փոխել հաճախ կատարյալ օրենքները. անհրաժեշտ է դրանք կիրառել, իսկ օրենքի կիրառումը պետք է ապահովեն դատարանները:

Այսօր բոլորն են քննադատում դատական համակարգը, և օրիգինալ չեմ լինի սոսկ քննադատությամբ: Քիչ է ասել, թե համակարգն այսօր ունի լուրջ խնդիրներ, սակայն միևնույն ժամանակ դատական համակարգի բոլոր քննադատները, ցավոք, չեն կարողանում մարդկանց կյանքում որևէ դրական փոփոխություն հասնել, մինչդեռ հնարավոր է եղած լծակներով նպաստել դրան:

Բոլոր փաստաբանները գիտեն, որ անարդար դատավորների դեմ պայքարի օրենքով սահմանված միայն մեկ միջոց կա. դա կարգապահական պատասխանատվության ենթարկելն է, որի համար հաղորդում կարող է տալ յուրաքանչյուրը: Եվ, իհարկե, կան դատավորներ, որոնք ենթարկվում են կարգապահական պատասխանատվության: Բայց արդյոք հենց ա՞յն դատավորներն են ենթարկվում կարգապահական պատասխանատվության, ովքեր արժանի էին: Սա ևս մտահոգիչ խնդիր է:

Դատավորի բարձր կոչմանը հարվածելով' որևէ մեկը չի կարող հպարտանալ, չի կարելի արժեզրկել դատավորի բարձր դերը հասարակության մեջ: Իսկապես խոնարհման է արժանի այն դատավորը, ով արդար է դատում և նույնիսկ այսօրվա դատական համակարգի պայմաններում կարողանում է իրականացնել արդարադատություն:

Այսօր, իրոք, արդար դատավորներն արժանի են հերոսացման, նրանք արժանի են, որ իրենց ճանաչեն և գնահատեն, նրանք պետք է լինեն օրինակելի, որովհետև իսկապես կատարում են հերոսական աշխատանք: Սակայն այսօր մեր առաջնային խնդիրը դատական անարդարություններն են:

Ո՞վ է դատելու դատարաններին: Այս հարցը հնչել է Եվրոպայում տարիներ առաջ: Եվ այսօր, երբ Սահմանադրությունը արգելում է որևէ պետական մարմնի միջամտել դատարանի գործունեությանը, երբ ամեն ինչ արված է, որ դատարանը լինի անկախ, արդյոք մենք ունե՞նք դատական անկախություն, թե՞ ունենք դատական ամենաթողություն:

Ասելով դատական անկախություն' գոնե ես նկատի ունեմ դատավորի անկախությունը ամեն ինչից' այդ թվում վերադաս դատարանից, հարևանից, ազգականից, քաղաքական և ցանկացած այլ ճնշումներից: Բայց, ցավոք, մենք հաճախ հանդիպում ենք իրավիճակների, երբ դատավորը անկախ է իրեն զգում օրենքից, և նույն դատական համակարգում կա որոշակի անպատժելիության մթնոլորտ:

Արդարադատության խորհուրդը ստեղծված է որպես մարմին, որը թույլ չի տա դատարանին հայտնվել ամենաթողության վիճակում: Դա հանրային որոշակի հսկողության մեխանիզմ է: Այսօր ամենաբարձր պաշտոնյաները նույնիսկ բարի նպատակներով չեն կարող իրավական եղանակներով ազդել դատարանների վրա, ես հատուկ շեշտում եմ' իրավական եղանակներով: Օրենքն ու Սահմանադրությունը ենթադրել են, որ դատարանից պետք չէ պաշտպանել մարդուն, մինչդեռ Հայաստանում բազմաթիվ են դեպքերը, երբ անհրաժեշտություն է ծագում մարդուն պաշտպանել դատարանից:

Սահմանադրական դատարանը Մարդու իրավունքների պաշտպանին զրկեց դատաքննության ընթացքում գործերին միջամտելու հնարավորությունից, և դա ճիշտ որոշում էր, որովհետև որևէ մեկը իրավունք չունի միջամտել արդարադատության իրականացմանը: Բայց այսօր պաշտպանին ուղղված դիմումների մոտ 40 %-ը բողոքներ են դատարաններից և դատարաններից պաշտպանելու խնդրանքներ, որոնք մենք ստիպված ենք մերժել' իրավասություն չունենալու հիմնավորմամբ:

Որպես Մարդու իրավունքների պաշտպան' ես այլևս իրավունք չունեմ ապացույցներ ներկայացնել իմ փաստաբանական պրակտիկայից, քանի որ փաստաբանի խոսքը շատ հաճախ մեկնաբանվում է որպես կողմնակալ' վստահորդի շահերից բխող: Այսօր ես չունեմ վստահորդներ, չունեմ որևէ պարտականություն որևէ մեկի շահը պաշտպանելու' բացառությամբ այն դիմումատուների, որոնց շահերը, սակայն, ես կարող եմ պաշտպանել պետական բոլոր մարմիններում' բացի դատարաններից:

Այսօր փաստեր ներկայացնել կարող եք դուք' փաստաբաններդ, իսկ ես հնարավորություն ունեմ ձեզ հետ միասին այդ խնդիրները մատուցել հասարակությանը, և, ես վստահ եմ, որ մեր համագործակցությամբ կարող ենք շոշափելի արդյունքի հասնել:

Մարդու իրավունքների պաշտպանը 2011 թ. հունվարի 1-ից դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդում տալու լիազորություն ունի: Դատական ակտի ընդունումից հետո մեկ տարվա ընթացքում, ինչպես շատ այլ պետական մարմիններ, շատ այլ անձինք, պաշտպանը ևս իրավունք ունի հաղորդում տալ կարգապահական վարույթ հարուցելու մասին:

Սակայն պաշտպանը մյուսների համեմատ ունի մեկ իրավական առավելություն. եթե հաղորդում ստացած մարմինը կարող է, առերևույթ հիմքերի բացակայության պատճառաբանությամբ, առանց քննության վերադարձնել այն, ապա պաշտպանի հաղորդումը նա պարտավոր է քննարկել և ընդունված որոշման մասին հայտնել եռօրյա ժամկետում: Բացի դրանից' պաշտպանն ունի ևս մեկ առավելություն. այդ գործերով չի հետապնդում որևէ շահ, ուստի չի կարող մեղադրվել կողմնակալության մեջ:

Կա նաև երրորդ առավելությունը. պաշտպանի ձայնը կարող է շատ ավելի լսելի լինել հանրության լայն զանգվածների համար, քան փաստաբանի ձայնը: Իհարկե, Փաստաբանների պալատը, լինելով լուրջ և հարգված կառույց, նույնպես ունի այդ առավելությունը, ուստի մեր համագործակցությունը կրկնակի արդյունավետ կդառնա:

Պաշտպանն իրավունք ունի պահանջել և ստանալ միայն ավարտված գործերի վերաբերյալ նյութերը, իսկ կարգապահական վարույթ հարուցելու մասին հաղորդում կարող է տալ դատական ակտի կայացումից հետո' մեկ տարվա ընթացքում: Այդ ժամկետում դուք կարող եք դիմել մեզ, և եթե հայտնաբերվեն դատավարական ու նյութական նորմերի կոպիտ խախտումներ, և մենք ունենանք հիմնավոր փաստարկներ, ապա հաղորդում կներկայացնենք Արդարադատության խորհրդին կամ վարույթ հարուցելու իրավասություն ունեցող այլ անձանց:

Այդպիսով, մեր համատեղ ջանքերով կկարողանանք նմանատիպ դեպքերը դուրս բերել դատական փակ համակարգից և, անգամ անկախ վարույթի արդյունքից, կկարողանանք դրանք դարձնել հասարակական հսկողության առարկա:

Այսօր իրավական կանխատեսելիություն և իրավական որոշակիություն չկա. մի գործով մեկ ատյանը ընդունում է ինչ-որ որոշում, նմանատիպ այլ գործով մեկ այլ ատյանը ընդունում է բոլորովին այլ որոշում: Նույն ատյանում, նույն դատավորի մոտ նույնաբովանդակ գործերով որոշումները կարող են տարբեր լինել: Դատական համակարգը հաշվի չի առնում նախադեպերը, ինչը պատճառաբանվում է դատարանի ունեցած հայեցողության լայն շրջանակով կամ կոնկրետ գործի հանգամանքներով: Իսկ իրավական կանխատեսելիության բացակայությունը խաթարում է արդարադատության պատշաճ իրականացման գործընթացը:

Այսպիսով, մեր այսօրվա քննարկման և հետագա համագործակցության շրջանակներում ցանկանում եմ հատուկ շեշտադրել իրավական կանխատեսելիության սկզբունքը: Իրավական կանխատեսելիության ապահովման պարագայում փաստաբանները կլինեն այն լծակը, այն ուժը, որը հասարակությանը կուղղորդի դեպի արդարություն' ինչպես բոլոր զարգացած երկրներում:
Շնորհակալություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter