HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածուի ձերբակալման դեմ բողոք է ներկայացվել

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածուների նկատմամբ ապօրինի ճնշումներ են իրականացվում։ Քաղաքական ենթատեքստով ճնշումները շատացել են հատկապես վերջին երկու օրերին։ Դաշինքի պատգամավորության թեկնածուներ, նրանց շտաբային ակտիվիստներ, կողմնակիցներ տասնյակներով բերման են ենթարկվում։ Այս մասին ահազանգել է «Պատիվ ունեմ» դաշինքի ԶԼՄ-ների հետ կապերի պատասխանատու Սոս Հակոբյանը՝ նշելով` կան ձերբակալված անձինք, և իրենց դաշինքի նեկայացուցիչներն ու համակիրները տասնjակներով կանչվում են տարբեր քննչական  մարմիններ՝ բացատրություններ տալու կոնկրետ դեպքերում նաև իրականացվել են խուզարկություններ։

Ձերբակալվածներից մեկը դաշինքի  պատգամավորության թեկնածու, «Հայրենիք» կուսակցության Վայոց Ձորի մարզային գրասենյակի ղեկավար Գոռ Սեդրակյանն է։ Սոս Հակոբյանի խոսքով՝ իրավապահները Սեդրակյանի գրասենյակում, մեքենայում և բնակարանում խուզարկություն են իրականացրել, ոչինչ չի հայտնաբերվել, ապա Սեդրակյանին ձերբակալել են։

Պատգամավորության թեկնածուի շահերը ներկայացնում է փաստաբան Գայանե Պապոյանը։ Վերջինս «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ Սեդրակյանը ձերբակավել է Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 4-րդ մասի կասկածանքով, այսինքն՝ ընտրողին կաշառք տալը։ Պապոյանը ձերբակալման դեմ բողոք է ներկայացրել, այս պահին դեռևս բողոքը չի մակագրվել։

Փաստաբանի պնդմամբ՝ Սեդրակյանի անձեռնմխելությունը չի հաղթահարվել։ Նշենք, որ Ընտրական օրենսգրքի 90-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ պատգամավորի թեկնածուի՝ մինչև պատգամավորի լիազորությունները ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության նա չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ, երբ բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո։ Վարույթն իրականացնող մարմինն, ըստ փաստաբանի, ձերբակալման արձանագրության մեջ ձևականորեն նշել է, թե Սեդրակյանը ձերբակալվել է հանցանք կատարելուց անմիջապես հետո, բայց հետո իրենք իրենց հակասել և որպես ձերբակալման նպատակ նշել են «հանցագործությունը կանխելը»։

«Այսինքն՝ համ գրել են, որ Գոռ Սեդրակյանը հանցանքը կատարել, վերջացրել է, ձերբակալել ենք, համ որպես նպատակ նշել են «հանցագործությունը կանխելը»։ Այսինքն՝ միայն այս հանգամանքից երևում է, որ ձերբակալումն ինքնանպատակ է, և ընդամենը պետք էր չեզոքացնել Վայոց Ձորի պատասխանատուին»,-  հայտնեց Գայանե Պապոյանը։

Լուսանկարում՝ Գայանե Պապոյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter