ԱԷՄԳ-ի պատվիրակությունն այցելել է նաև ՀԱԷԿ
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այսօր ընդունել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում Հայաստանի և ԱԷՄԳ միջև համագործակցության հարցերը, մասնավորապես՝
- հայկական ԱԷԿ-ի 2 էներգաբլոկի անվտանգության բարձրացման աշխատանքների համակարգման շարունակականության, անվտանգության մակարդակի բարձրացման և ֆիզիկական պաշտպանության ուժեղացմանն ուղղված հարցերը, ինչպես նաև հայկական ԱԷԿ-ը շահագործումից հանելու աշխատանքներին տեխնիկական աջակցության տրամադրման խնդիրները,
- ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման տարբեր փուլերում աշխատանքների իրականացման, այդ թվում` համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման, լիցենզավորման համար պատրաստված փաստաթղթերի գրախոսման, կադրերի վերապատրաստման հարցերը,
- ՀՀ կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կարողությունների ուժեղացման, ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման տարբեր փուլերի լիցենզավորման աշխատանքներին տեխնիկական աջակցման հարցերը:
- ՀՀ-ում ճառագայթային թերապիայի զարգացմանն ուղղված հեռանկարային ծրագրերը:
ԱԷՄԳ պատվիրակությունն այցելել է նաև Հայկական ատոմային էլեկտրակայան և շրջայց կատարել ԱԷկ-ի գործող էներգաբլոկում: ԱԷՄԳ պատվիրակությանը ներկայացվել է հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի անվտանգության մակարդակի բարձրացման ծրագրով ներդրված միջոցառումները և կատարվելիք աշխատանքները:
«Հայաստանի Հանրապետությունը 1993 թվականին դարձել է ԱԷՄԳ-ի լիիրավ անդամ և մինչ օրս ԱԷՄԳ-ի հետ համագործակցում է ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման տարբեր բնագավառներում և ամբողջությամբ կատարում է միջազգային կոնվենցիաներով իր ստանձնած պարտավորությունները»,- հայտնում է էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել