Հալլեում բացվել է հայ գրքի տպագրության 500-ամյակին նվիրված ցուցահանդես
Հալլե քաղաքի Kunstforum պատմական շենքում տեղի է ունեցել հայ գրքի տպագրության 500-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումը: Այն կազմակերպվել էր Սաքսոոնիա Անհալտի մշակույթի նախարարության, Բեռլինի հանրային գրադարանի, Հալլեի Մարտին Լյութեր համալսարանի «Մեսրոբ» հայագիտական կենտրոնի աջակցությամբ: Ցուցահանդեսի ֆինանսական հովանավորն է Հալլեի խնայդրամարկղը (Saalesparkasse):
Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցել են Երևանից ժամանած պատվիրակությունը` ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի գլխավորությամբ: Բացման արարողությանը մասնակցել է ԳԴՀ արտաքին գործերի պետական նախարար տիկին Կորնելիա Պիպերը: Ներկա են եղել նաև Սաքսոնիա Անհալտի քաղաքական, տնտեսական, գիտա-կրթական և մշակութային ճանաչված գործիչներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ:
Ողջույնի խոսքով հանդես է եկել Հալլեի խնայդրամարկղի ղեկավար պր-ն Ֆր. Շտումպֆը, որից հետո ցուցահանդեսի բացման արարողության մասնակիցներին դիմել է Սաքսոնիա Անհալտ երկրամասի մշակույթի նախարար պր-ն Ս. Գորգեռլոհն: Այնուհետև ելույթով հանդես է եկել ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը: Ներկաներին ողջույնի խոսքով դիմել են նաև Բեռլինի հանրային գրադարանի գլխավոր տնօրեն տիկին Բ. Շնայդեր-Կեմպֆը և Հալլեի Մարտին Լյութեր համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Ու. Շտրյոտերը:
Ցուցահանդեսի մի քանի տասնյակ ունիկալ ցուցանմուշների մասին տեղեկատվությունը ներկայացրել են Բեռլինի հանրային գրադարանի բաժնի վարիչ տիկին Մելինե Փեհլեվանյանը և Հալլեի Մարտին Լյութեր համալսարանի «Մեսրոբ» հայագիտական կենտրոնի ղեկավար պրոֆեսոր տիկին Ա. Դրոստ-Աբգարյանը:
Բացման արարողությունից հետո մասնակիցները ծանոթացան բազմադարյա պատմություն ունեցող ձեռագիր և տպագիր գրքերին: Ցուցահանդեսի դիտումից հետո մասնակիցները այցելել են Հենդելի տուն-թանգարան, որտեղ տեղի է ունեցել համերգ հայ և գերմանացի երաժիշտների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել