HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

«Մանուշ տոտա, շատ ես աշխատել, մատներդ մաշվել են». սարքը չճանաչեց լճափցի կնոջ մատնահետքերը

Գեղարքունիքի մարզի Լճափ համայնքի բնակչուհի Մանուշ Մանուկյանը ստիպված էր ավելի քան մեկ ժամ անցկացնել ընտրատեղամասում՝ ընտրելու իր իրավունքից օգտվելու համար։ Մատնահետքը կարդացող սարքը չէր ճանաչում նրա մատնահետքերը։ Երկու անգամ ցուցամատների ու բութ մատների միջոցով մատնահետքը ճանաչելու ձախողված փորձերից հետո ընտրատեղամասի հանձնաժողովի անդամները զանգով կապ հաստատեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ հասկանալու ինչպես լուծել խնդիրը։ ԿԸՀ-ից խորհուրդ տվեցին փորձել 10 մատը։ Դա էլ չօգնեց։

Լճափի ընտատեղամասը 19/06-ն է: Հանձնաժողովի նախագահը Արփինե Գևորգյանն է՝ ՔՊ-ական։ Նրա հաղորդած տվյալներով՝ այս ընտրատեղամասը Լճափում միակն է և գտնվում է համայնքի միակ դպրոցում։ Այստեղ ընտրելու իրավունք ունի 783 քաղաքացի։

Լճափում բոլորը բոլորին դեմքով ու անունով են ճանաչում։ «Մանուշ տոտա, շատ ես աշխատել, մատներդ մաշվել են։ Քիչ աշխատի»,- միաբերան կատակում էին քվեարկության սենյակում գտնվող ընտրողներն ու հանձնաժողովի անդամները։

Մինչև նրանք փորձում էին քաղաքացու ընտրելու թույլտվության հարցը լուծել, ընթացքում ընտրատեղամասում հերթեր գոյացան։

 «Պատիվ ունեմ» դաշինքի վստահված անձը համառեց արձանագրություն կազմել, որ այս դեպքի պատճառով հերթեր են գոյացել։ Սկզբում նա հեռախոսով իր թիմակիցներին հաղորդեց, որ մատնահետքը ճանաչող սարքը չի աշխատում, իրական խնդիրն իմանալուց հետո նշեց, որ հերթեր են գոյացել ու մի շարք քաղաքացիներ այդ ընթացքում ստիպված են սպասել:

Միայն մոտ մեկ ժամ անց Մանուշակ Մանուկյանին տրվեց լրացուցիչ կտրոն, որի միջոցով նա կարողացավ քվեարկել։

Ժամը 16:00-ի դրությամբ 19/06 ընտրատեղամասում քվեարկել է 268 ընտրող։ 

Գլխավոր լուսանկարում ընտրող Մանուշակ Մանուկյանն է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter