HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշոտյան. պաշտպանելը դժվարացել է

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է ԿԳՆ լեզվի պետական տեսչություն և բարձրագույն որակավորման հանձնաժողով, որոնք վերջերս վերանորոգվել են ՀՀ կառավարության տրամադրած ֆինանսական հատկացումներով: Նախարարը շրջել է բարեկարգված սենյակներում, ծանոթացել վերանորոգման աշխատանքներին և զրուցել աշխատակիցների հետ: Ա. Աշոտյանը գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքի արդյունքների վերաբերյալ` նշելով, որ ԿԳՆ ենթակայության երկու ստորաբաժանումներն էլ երկար տարիներ չէին բարեկարգվել, գտնվում էին անմխիթար վիճակում և հարիր չէին կրթական հիմնարկին:

«Այս կրթական հաստատություններում մինչև այսօր բացակայում էին աշխատանքի համար տարրական պայմանները:  Տարեվերջին ՀՀ կառավարությունը նախարարության խնայողությունների հաշվին համապատասխան գումար հատկացրեց` նշված հիմնարկները բարեկարգելու և կահավորելու նպատակով: Երբ անցյալ տարի ԲՈՀ-ի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ ես խոստացա, որ մոտ ապագայում անպայման կստեղծվեն գիտակրթական հիմնարկին հարիր պայմաններ, շատերը միգուցե թերահավատությամբ ընդունեցին իմ խոսքերը: Այսօր ես ուրախ եմ, որ մեր խոստումները կատարվել են, և վերջապես ստեղծվել են արժանապատիվ պայմաններ աշխատանքի համար: Գիտակրթական հիմնարկները նաև պետություն են ներկայացնում և պետք է անել հնարավորը, որ տվյալ կառույցների աշխատակիցներն աշխատեն արժանավայել պայմաններում»,- ընդգծել է Ա. Աշոտյանը` հավելելով, որ նախորդ տարի ամբողջովին վերանորոգվել և կահավորվել է նաև նախարարության մեկ այլ ստորաբաժանում` կրթության պետական տեսչությունը:

Այցի ընթացքում նախարարն անդրադարձել է նաև Լեզվի պետական տեսչության և, մասնավորապես,  ԲՈՀ-ի գործունեությանը` նշելով, որ այն գտնվում է խորը բովանդակային փոփոխություննների մեջ, և վերջին երկու տարվա ընթացքում այդ ուղղությամբ կատարվել է հսկայական աշխատանք, այն է` խստացվել են պաշտպանական գործընթացների նկատմամբ պահանջները` և թեկնածուական, և դոկտորական աստիճան ստանալու համար, վերակազմակերպվել են գիտական խորհուրդները, ինչպես նաև վերանայվել է գիտական ամսագրերի նկատմամբ քաղաքականությունը, փոխվել են վկայագրերը և այլն:

«Ձեռնարկված խստացումները բերել են նրան, որ այսօր շատ դժվար է դարձել պաշտպանել, և պատահական չէ, որ այս տարի ՀՀ քաղաքացիների կողմից իրականացված պաշտպանությունների թիվը նվազել է մոտ 20 տոկոսով: Մեր կողմից ձեռնարկված քայլերը դեպի հստակություն և խստացում են տանում, և այսուհետ ևս դրանք կրելու են շարունակական բնույթ»,- նշել է նախարարը` անդրադառնալով նաև գիտական ամսագրերի հրապարակայնության խնդրին: Մասնավորապես, հունվարի 1-ին ԲՈՀ-ը հրապարակել է իր համար ընդունելի գիտական ամսագրերի ցանկը,  և հուլիսի 1-ից այն ամսագրերը, որոնք չեն ունենա ինտերնետային կայք, դուրս կմնան վերոնշյալ ցանկից:

«Զավեշտալի է, որ 21-րդ դարում գիտական ամսագիրը չունի ինտերնետային կայք, չունի գիտական տեղակատվությունը սփռելու անհրաժեշտ հնարավորություն: Մեզ համար այդ գիտական ամսագիրն արժանահավատ չէ: Բացի այդ, պետք է նաև համապատասխան քայլեր ձեռնարկել, որ հայ գիտնականների աշխատանքը մատչելի լինի նաև արտասահմանցի գիտնականներին: Դրանով կբարձրանա հայ գիտնականների հիշատակման ինդեքսը և, առհասարա,կ հայ գիտության վարկանիշը, ինչպես նաև կլուծվի թարգմանությունների խնդիրը»,- նշել է նախարարը; 

Այցի ընթացքում Ա, Աշոտյանը պատասխանել է նաև լրագրողների հարցերին:

ՀՀ ԿԳՆ

Մեկնաբանություններ (1)

Հակ
Գևորգին. Աշոտյանի գրագիտության մասին կասկածներն արդեն նորություն էր: երբեք չէի մտածի, որ Աշոտյանի հարցում այդպիսի բան կասվի: ձեզ ծիծաղելի դրության մեջ մի դրեք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter