
Հոսանքազրկման պատճառը համակարգային վթարային անջատումն է. ՀԷՑ
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների հաշվարկի ընթացքում Հայաստանի մի քանի համայնքներ, այդ թվում` Վանաձորը, Գյումրին, ամբողջությամբ հոսանքազրկվել են: Հոսանքազրկումը տարբեր համայնքներում տարբեր տևողությամբ է եղել, առավելագույնը` 11 րոպե:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ ՀԷՑ-ը էլեկտրաէներգիայի մատակարարման խափանման հետ որևէ առնչություն չունի, անջատվել է Վրաստանի գիծը:
«Այսօրվա հոսանքազրկման պատճառը համակարգային վթարային անջատումն է Վրաստանից (համակարգը աշխատում է կղզիացման ռեժիմով), որի հետևանքով ժամը 21:49 հոսանքազրկվել են Արմավիրի, Լոռու, Շիրակի, Արագածոտնի մարզերի որոշ բնակավայրեր։ Էլեկտրամատակարարումը վերականգնվել է 21:54-ին»,-հայտնեց Նատալյա Սարջանյանը:
Նույնատիպ մեկնաբանություն տվեց նաև «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն:
Մեկնաբանել